Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՊԵՏՔ Է, ՔԱՂԱՔԱՊԵՏ ԷԼ ԿԱՇԽԱՏԵՄ

Օգոստոս 11,1999 00:00
Albert Bazeyan

ՀՀ վարչապետը հիմնականում անկանխատեսելի է։ Անկանխատեսելի էր նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում նրա մատնանշած թեկնածուն։ Երեկ «Առավոտը» գրել էր, որ այդ թեկնածուն «համեստ եւ պարկեշտ մարդ» է։ Խոսքը ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանի մասին է։ Վարչապետը Երեւանի քաղաքապետ դառնալու առաջարկը պրն Բազեյանին արել է շաբաթ օրը։ Վերջինս տատանվել է եւ համաձայնել։ Հանրապետության նախագահը այն արդեն ստորագրել է՝ վաստակած հանգստի մեկնելուց առաջ։

– Պրն Բազեյան, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համաձայնությունը տալուց առաջ խորհրդակցե՞լ եք ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ։

– Վարչապետն է առաջարկել իմ թեկնածությունը։ Իմ պատասխանը եղել է հետեւյալը. եթե կա՛ էդպիսի անհրաժեշտություն, չեմ խուսափի պատասխանատվությունից։ Այստեղ ես արդեն իմ գործին տիրապետում եմ, աշխատում եմ։ Քաղաքապետարանն ինձ համար նոր ոլորտ է. նոր, բազմաբնույթ գործառույթներ են, նոր խնդիրներ։ Այնպես որ, իմ համաձայնությունն էլ միանշանակ եւ միանգամից չի եղել։ Բնականաբար՝ վարչապետը խորհրդակցել է նաեւ ԱԺ նախագահի հետ, քննարկել են այդ հարցը։ Դիրքորոշումը, ենթադրում եմ, միանշանակ չի եղել։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ վարչապետի ընտրությունը ձեր վրա կանգ առավ։

– Տարբեր թեկնածուներ են, այսպես ասած, շրջանառության մեջ եղել։ Հավանաբար, ինչ-ինչ պատճառներով նրանք լիարժեք ընդունելի չեն եղել։ Ես չեմ կարծում, որ ինքս շատ ավելի լավ կարող եմ աշխատել, քան մնացած թեկնածուները։ Մյուս կողմից՝ դա հանրապետության ղեկավարության որոշելիք խնդիրն է՝ մի տեղ կորցնելով, մի տեղ շահելով՝ մենք ընդհանուր առմամբ կշահե՞նք, թե՞ ոչ։ Կորցնել ասելով՝ նկատի ունեմ, որ այս դեպքում էլ լրացուցիչ բարդություններ կառաջանան՝ ԱԺ նախագահի նո՛ր տեղակալի ընտրություններ։

– Ի դեպ, ինչ-որ մեկի թեկնածությունն արդեն քննարկվե՞լ է։

– Իմ կարծիքը կարող եմ ասել՝ եթե ես նշանակվեմ քաղաքապետ, ուրեմն տեղակալի հարցը պետք է լուծել աշխատանքի նպատակահարմարության տեսանկյունից։ Այսինքն՝ պետք է լինի այնպիսի մարդ, որը որոշակի փորձ ունի նիստերի նախապատրաստման, ընթացքը տանելու եւ վարելու առումով։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե «Միասնություն» դաշինքն առաջադրի եւ պաշտպանի Բախշյան Յուրայի թեկնածությունը։

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այսքան ձգձգվեց քաղաքապետի նշանակումը, մանավանդ որ թեկնածուն, այսինքն՝ դուք, վարչապետի աչքի առաջ էիք։

– Այդ մասին չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ այդ առաջարկն ինձ արվել է ընդամենը երկու օր առաջ, անսպասելի։ Չեմ կարող ասել։

– Ձեզնից առաջ քաղաքապետեր էին Վանո Սիրադեղյանը, Սուրեն Աբրահամյանը, որոնք իրենց շուրջ ինչ-որ լուժկովյան իմիջ էին ստեղծել։ Դուք պատրաստվո՞ւմ եք նրանց «մեթոդներով» փորձել շահել երեւանցիների համակրանքը։ Եթե հաշվի առնենք, որ դա անելու համար ձեզնից մեծ ջանքեր կպահանջվեն. նկատի ունեմ պետության սնանկ բյուջեն։

– Այսօր մենք մի այնպիսի ծանրագույն վիճակում ենք, որ էստեղ ոչ թե իմիջի մասին է պետք մտածել կամ արհեստական ինչ-որ իմիջ ստեղծել։ Ի՛մ կարծիքն է, չեմ ուզում քննադատել նախկիններին, հատկապես Սուրեն Աբրահամյանի գործունեությունը դրական եմ գնահատում։ Անհրաժեշտ է մտնել բեռի տակ, ստանձնել պատասխանատվություն եւ փորձել լուծել խնդիրներ։ Առաջին հերթին՝ ստանձնել պատասխանատվություն մեր ժողովրդի, մայրաքաղաքի բնակիչների հանդեպ, «Միասնություն» դաշինքի ղեկավարության հանդեպ, պետության ղեկավարության հանդեպ։

– Կադրային փոփոխություններ քաղաքապետարանում նախատեսո՞ւմ եք. նկատի ունեմ ձեր տեղակալների մասշտաբով։ Գուցե խորհրդարանից մի քանիսին ձեզ հետ տանեք։

– Կադրային փոփոխությունները հրատապ չեն։ Կադրային փոփոխություններ կարելի է իրականացնել՝ ելնելով աշխատանքի արդյունավետությունից։ Պետք է փորձել ստեղծել արդարության դաշտ։ Մեզ մոտ պաշտոնյաները պաշտպանված չեն եւ ցանկացած ղեկավարի կամ քաղաքական ուժերի փոփոխության դեպքում շատ պատրաստի կադրեր դուրս են մնում աշխատանքից, քանի որ օրենքով պաշտպանված չեն։

– Պրն Բազեյան, դուք կարծում եք, որ ձեզ կարդարացնեք քաղաքապետի պաշտոնում։ Բայց հետաքրքիր է, թե ինչու այս երկու պաշտոններից՝ ԱԺ փոխնախագահ եւ քաղաքապետ, նախապատվությունը տվեցիք քաղաքապետին։

– ԱԺ նախագահի տեղակալ ես ընտրվել եմ «Միասնություն» դաշինքի կողմից. դա եղել է քաղաքական որոշում։ Առաջադրվել է իմ թեկնածությունը, եւ ես այժմ աշխատում եմ որպես ԱԺ նախագահի տեղակալ։ Քաղաքապետարան իմ տեղափոխվելու պարագան եւս իմ նախաձեռնությունը չէ. դաշինքի ղեկավարության քաղաքական որոշումն է։

– Դուք ասացիք՝ կարդարացնեք ձեզ քաղաքապետի պաշտոնում։

– Ես չեմ ասում՝ կարդարացնեմ կամ ոչ, այլ եթե մարդ խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց, ենթադրվում է, որ նա ունակ չէ։ Եթե գործադիր իշխանությունում կան որոշակի լծակներ չարաշահումներ իրականացնելու, անձնական խնդիրներ լուծելու, շահագրգռված աշխատելու, պետք է ապացուցել, որ կարելի է այլ կերպ աշխատել՝ ազնվորեն, եւ դա պարտադրել նաեւ մնացած աշխատակիցներին։ Փորձելու ենք դա անել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031