Ամիսներ առաջ բամբ-բամբիռներով, ելույթ-բացատրություններով սկսվեց հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման կոմպանիան։ «Ո՜ւխ, ինչ է լինելու»,- երազում էին իշխանավորները։ Նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչի վրա էին ծախսելու բյուջեի ակնկալվող մուտքերը։ Բոլոր հնարավոր վայրերում հաշվիչ դրամարկղային մեքենաներ տեղավորվեցին։ Սրճարանատերերն ու խանութպանները մի քիչ փնթփնթացին ու մի քանի հարյուր դոլար (կամ համարժեք դրամ) մուծեցին այդ մեքենաների տեղադրման համար։ Պետությունը նույնիսկ գովազդ նկարեց։ Գովազդում ծերունին համոզում է վերցնել կտրոնը, որովհետեւ դրանից է գոյանում իր (իրենց) վաղվա թոշակը։ Թե ինչու վաղվա, պարզ է՝ այսօր պետությունը փող չունի եւ թոշակ չի վճարում։ Վաղը երեւի կունենա, իսկ եթե ունենա՝ երեւի կվճարի։
Դրամարկղային հաշվիչների տեղադրման երեւութական կողմն ավարտվեց բարձր մակարդակով։ Բոլորն իրարից գոհ են։ Միայն հայկական տնտեսական բարեփոխումների արդյունքում է, որ ե՛ւ գայլերն են կուշտ մնում, ե՛ւ ոչխարները՝ սաղ-սալամաթ։ Քաշվողը միշտ էլ շարքային սպառողն է։ Մեկ էլ՝ պետբյուջեն, որն, ի վերջո, ինչ-որ չափով նաեւ այդ սպառողի համար է։ Առեւտրի ոլորտը մի քիչ բարձրացրեց գները, որպեսզի մի քանի ամսում կոմպենսացնի անակնկալ պարտադրված ծախսը։ Ինչպես նաեւ՝ կարողանա կատարել հարկային տեսուչի անակնկալ հայտնության հետ կապված արարողակարգով «ամրագրված» միջոցառումները։ Դրամարկղային մեքենաների տեղադրումն առայժմ ուրիշ դրսեւորում ու բովանդակություն չունի։ Ցույց տվեք մի բարճրաստիճան պաշտոնատարի, որ ռեստորանում կտրոն է պահանջում հաշիվ փակելուց, եւ ես ներողություն կխնդրեմ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ