Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՈՈՒՄԵՆ ԼԻՆԵԼ ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ

Օգոստոս 11,1999 00:00
Xosrov Harutyunyan

Քաղաքացի լինելը բոլորովին պարտադիր չէ Համահայկական շոուին հաշված օրեր են մնացել։ Աշխատանքները կոորդինացնող կազմկոմիտեն խիստ պարտաճանաչ նիստեր է գումարում եւ որոշումներ կայացնում։

Նիստից-նիստ ընկած ժամանակահատվածում կազմկոմիտեի յուրաքանչյուր անդամ կարող է ազատ «դուրս գալ» Խոսրով Հարությունյանի «վրա» եւ հարցերին արագ լուծում տալ։ «Ինձ վրա դուրս եկեք»-ը տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի արտահայտությունն է։

Ընդհանրապես, պրն Հարությունյանը սիրում է իր խոսքում մեր ռուս ազգի լեզուն չարաշահել։ Նրա համար լավը хорошо է, այսպեսը՝ так, տեղակայումը՝ дислокация, եւ այլն-ը՝ и так далее!, Նիստը խիստ արդյունավետ էր անցնում, տրվում էին կոնկրետ հանձնարարականներ եւ «практически մենք վաղը կարող ենք видеоклип-ները նայել»։ Մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը հիշեցրեց, որ հարկավոր է տարբեր մարզադաշտերի համար միանման տոմսեր պատրաստել։ Պատրաստելը՝ կպատրաստեն, բայց համահայկական խաղերի կազմակերպիչները դեռեւս «կոմերցիոն» տնօրեն չունեն։ Հենց որ ունենան, ֆիննախարարությունը անմիջապես 50 մլն դրամը կփոխանցի խաղերի հաշվին։ Ի դեպ, գումարների մասին. «Այդ հաշվի վրա պետք է մուտքագրվեն բոլոր հասույթները, մի կողմից ծախսեր են արվում, մյուս կողմից գալիս-անցնում են գումարները։ Դրական արդյունքի դեպքում ամեն ինչ գնում է պետական բյուջե (գուցե այնքան եկամուտ լինի, որ բյուջեի չարաբաստիկ անցքը փակվի- Մ. Ե.), իսկ եթե բացասական լինի, մտածելու ենք, թե փողերը որտեղի՞ց ճարենք (վայ մեզ, եթե բացասական արդյունք լինի, փողը ո՞ւմից են ճարելու, չի բացառվում, որ բենզինի ու ծխախոտի հետեւից կթանկանա նաեւ սպիրտը- Մ. Ե.)»։

Եթե համահայկական խաղեր են, ուրեմն հասկանալի է, պետք է հայկական խորոված լինի եւ հրավառություն (սակայն սա էլ մոսկվաներից են բերելու), բայց խաղերը նաեւ մարզական են, ու ենթադրում են, թե խաղերի սկզբում մարզական ջահը պետք է բոցավառվի։ Լավ, բայց ջահի «աշխատանքը» լուսաբանելու տեխնիկա մեր խեղճ հանրապետությունը չունի։ «Սկիզբը կնկարենք ու մեկ էլ վերջը։ Այ ախպեր, մենք տեխնիկա ունե՞նք, որ էդ ջահի հետեւից վազի ու նկարի։ Էն մեկն ասում է՝ վերտալյոտով (ուղղաթիռ- Մ. Ե.) վերեւից նկարենք, դե լավ էլի՜»։ Դե լավ էլի, շոու անել չգիտեք, ի՞նչ եք թեւերդ քշտել։

Նիստին ներկա միակ լրագրողն էի, այն էլ՝ ուշացած։ Այնինչ, նախագահ Խոսրով Հարությունյանն անձամբ էր հանձնարարել մամուլի հարցերի պատասխանատուին, որ լուսաբանումն ապահովի։ Չէր ապահովել։ Մինչ տեղեկատվության եւ գրահրատարակչության նոր պետին հանձնարարվում էր ապահովել պրոպագանդան, վերջինս իր շահերը պաշտպանելով դիմադրում էր, թե դա իր խնդիրը չէ. «Եթե մամուլի քարտուղար եք ընտրել, ու ես նրա փոխարեն պետք է աշխատեմ, ես համաձայն չեմ»։ Խոսրով Հարությունյանը հանգստացնում էր նրան. «Դուք ուրիշի փոխարեն չեք աշխատի։ (…) Հիմա վաղը մենք դուրս ենք գալիս շրջագայության, թող մեզ հետ լրագրողներ լինեն»։ Պրն Հարությունյանը չթաքցրեց, որ լրագրողներ հրավիրելու իր բուռն ցանկությունը ծնվում է ոչ թե սեփական դեմքը տեսնելու մղումից, այլ՝ կազմկոմիտեի աշխատանքները լուսաբանելու նպատակով։

Այսօր կազմակերպիչները կայցելեն Արտաշատի մարզադաշտ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Հայաստանի բոլոր մարզադաշտերի մոտ տոնավաճառներ են գործում, ամենայն հավանականությամբ, դրանք իրենց անդուլ աշխատանքը չեն դադարեցնի նաեւ համահայկականի օրերին, քանի որ «Առավոտի» վերոհիշյալ հարցի պատասխանը պրն Հարությունյանը դեռեւս չուներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031