ՀՀՇ վարչության փոխնախագահ, Կենտրոնի ներկայիս թաղապետ Արարատ Զուրաբյանն աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու է Կենտրոնի թաղապետի թեկնածու։ Պրն Զուրաբյանի նախընտրական շտաբը հավանաբար կգլխավորի ՀՀՇ Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նորընտիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Հայոցյանը։
ԲԺԻՇԿ, ԲԺԻՇԿ, ԵԿ ՄԵՐ ՏՈՒՆ
«Նա պարբերաբար միշտ հիվանդանոցում է լինում»,- ասել էր ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը Աշոտ Աղաբաբյանի մասին։ «Առավոտը» պարզեց, որ վերջինս խորհրդարանական ընտրություններից հետո իրոք պարբերաբար ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտում հետազոտվում է։ Եվ անգամ՝ իր գրեթե մշտական հիվանդասենյակն ունի։
Կարդացեք նաև
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ
Նոր նշանակումներ են կատարվել ՆԳ նախարարությունում։ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնին՝ իր տեղը՝ 6-րդ վարչության պետի պաշտոնում, զիջելով Արմեն Երիցյանին։ Իսկ Աշոտ Ղահրամանյանը, ինչպես արդեն հայտնել էինք, նշանակվել է Երեւան քաղաքի ՆԳ վարչության պետ։
ՕՁԵՐԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԸ
ՀՀ կառավարության շենքի մոտ դարձյալ հերթական բողոքավորներն էին հավաքվել։ Նրանք այս անգամ ո՛չ աշխատավարձ էին ուզում, ո՛չ աշխատանք ու ո՛չ էլ բնակարան։ Բողոքն այս անգամ ուղղված էր օձերի դեմ։ Օձերը մտնում են գյուղացիների տները եւ նրանց դուրս քշում այնտեղից։ Գյուղացի կանանցից մեկը համառորեն ուզում էր համոզել ոստիկաններին, թե եկել է՝ վարչապետին տանի իրենց տուն, տեսնի՝ նա հինգ րոպե կկարողանա՞ օձերի հետ ապրել։