Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ՈՂԲԸ

Օգոստոս 10,1999 00:00
arcunq

Հանգստյան տան ուղեգրի նախապայման հանդիսացավ խորագույն ընկճախտը, որի մեջ խրվել էի մի քանի պատճառներից ելնելով։ Հիմնականը մտորումներն էին։ Շաբաթներ շարունակ, նստած թե կանգնած, լուրջ վիճակում թե խումհարում, ամբողջ ուժ ու եռանդս նվիրում էի նրան, որ չմարեմ, բայց՝ ավաղ…

Պրոբլեմներն էլ, հակառակի նման, այնքան էին շատացել, որ որեւէ մեկի վրա կենտրոնանալը դարձել էր անիմաստ։ Առողջապահության նախարարության կողմից հաստատված միակ դեղամիջոցը՝ հոնի օղին, վերջացել էր, իսկ ինքնանվաստացման ձգտումս այնքան խորն էր, որ օգնության խնդրանքով դիմեցի ոչ թե բժշկի, այլ անասնաբույժի։ Այդ ծեր իմաստունին խոսող այցելու ընդունելու խնդրանքը բոլորովին չզարմացրեց (ըստ երեւույթին թեթեւ ընկճախտ ուներ)։ 2-3 րոպե գլուխս շոյելուց եւ ականջներս քորելուց հետո նա ցածրաձայն մլավեց ու զարմացած հայացքս որսալով, շննջաց. «Ասա, տեսնեմ, ինչից ես բողոքում, բալա»։ Ես բողոքեցի այն բանից, որ Տիեզերքը իր անընդհատ բարդացման ձգտումով հասել է մարդկության ստեղծմանը եւ ի դեմս այդ մարդկության, մասնավորապես ի դեմս ինձ, փորձում է ճանաչել ինքն իրեն, իսկ ես այնպիսի վիճակում եմ, որ նույնիսկ թաղայինիս չեմ ճանաչում, ուր մնաց ամբողջ Տիեզերքը։ Հետո պատմեցի ինքնաբուժման բոլոր փորձերիս մասին, սկսած օղու տեսականուց՝ վերջացրած պոեզիայի երեկոներով եւ դրանց հարմոնիկ շարունակությամբ։ Ծերուկի այն հարցին՝ հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ, պատասխանեցի, որ աթեիզմին հասել եմ ինքնուրույն, դեռ մանուկ տարիներիս, երբ ոչ մի արձագանք չեղավ «պաղպաղակաց» աղերսական աղոթքներիս։ «Ուրեմն ե՛ս եմ բուժելու», ուրախ շշնջաց ծերուկս եւ գրասեղանի դարակից հանեց մոտավորապես 3լ տարողությամբ մի փորձանոթ, որի մանուշակագույն պարունակությունը կասկածելի ծանոթ բուրմունք էր տարածում. «Մանուշակի արաղ ա, տատիս գաղտնի ռեցեպտով, դաբաղն էլ ա բուժում…»։

Մանրամասն պարզելով, թե ինչքան է ապրել տատը եւ ինչ կարգավիճակով, ես, այնուամենայնիվ, հայտարարեցի, որ մենակ չեմ խմում՝ դեղ լինի թե թույն։ «Առանց հընգեր մինչեւ քու գալը ստե բերածներն են խմում, բալա, ես 53 թվից սրանով եմ դիմանում, արի սկսենք Տիգրան Մեծի կենացից»։

Երբ Տիգրան Մեծից հասանք Տիգրան Պետրոսյանին, եւ ես պատմեցի Բոտվիննիկի հետ մրցամարտի 5-րդ պարտիան, ծերուկը հուզված շշնջաց. «Բուժումը լրիվ չի, պիտի գնանք մեծ լացը տենաս, էսօր օրն ա»։

Ինչքան համոզեցի, թե բուժում պետք չի, արաղի ռեցեպտը տուր, չհամաձայնեց. «Բալա՛, էս հիվանդի ա, առողջ մարդը որ խմում՝ անկախանում ա»։

Մեծ ողբը տեղի էր ունենում ոչ հեռու գտնվող հանգստյան տանը, որտեղ հանգստացողների բաժանման օրն էր։ Եթե մեկը ձեզ ասի, թե Ռոմեո եւ Ջուլիետ ողբերգության ավարտը ավելի ազդեցիկ է, քան Մեծ ողբը, համարձակ թքեք երեսին, նա բանական էակ չէ։ Երկրի տարբեր ծայրերից հավաքված, տասնչորս օր միասին հանգստացած մոտ քառասուն կին ու տղամարդ՝ ընտանիք ու զավակ մոռացած, սիրահարվել էին մեկմեկու եւ հիմա պետք է բաժանվեին։ Լացուկոծ, ուշաթափություններ. ես կմեռնեմ առանց քեզ…

Եվ այս դժոխքի դռների դիմաց ռոդենյան մեկ մտածողի փոխարեն՝ երկու հարբած դիտորդներ… Ես անկարող էի հայացքս կտրել այդ ողբերգական տեսարանից, մինչդեռ ծերուկս, որ կյանքում առաջին խումբը չէր ճանապարհում, շշնջաց. «Պարտադիր չի ստե գաս, ամեն տեղ նույնըն ա, քեզ էլ պետք ա, փորձի՛»։

Փորձեցի…

Չօգնե՛ց։

Օ՜ՋԱԼՈՅԱՆՑ

(Հետմահու գործերից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031