Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ատյանը վերադաս է վերաքննիչի՞ն

Օգոստոս 10,1999 00:00
veraqnnich

ՀՀ քաղաքացիական դատավարության 236 հոդվածի համաձայն, վճռաբեկ դատարանը իրավունք ունի՝

1. Դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման։

2. Վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության՝ գործը քննած առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով քննելու համար։

Այսպիսով, օրենսդիրը անհիմն կերպով սահմանափակել է վճռաբեկ դատարանի լիազորությունները, այն է՝ նրան իրավունք չի վերապահել փոփոխելու առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճիռը, կարճելու գործի վարույթը կամ նոր վճիռ կայացնելու։

Ստացվում է, որ եթե նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, կամ գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է, ինչպես նաեւ կան գործի վարույթը կարճելու օրենքով սահմանված այլ հիմքեր, ապա, որքան էլ տարօրինակ է, վճռաբեկ դատարանը լիազորություն չունի կարճելու գործի վարույթը, այլ պետք է միայն բեկանի վճիռը եւ գործն ուղարկի նոր քննության՝ գործը քննած առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով քննելու համար։

Այնուհետեւ, ինչո՞ւ վճռաբեկ դատարանին իրավունք չվերապահել նոր վճիռ կայացնելու, երբ գործով չի պահանջվում ապացույցների լրացուցիչ ստուգում, եթե առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը թեպետ գործի հանգամանքները պարզել է լրիվ ու ճիշտ, սակայն սխալ է թույլ տվել նյութական իրավունքի նորմերի կիրառման հարցում։ Բերեմ մի խոսուն օրինակ. Յուղաբեր Ստեփանյանի հայցով վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ նա 36 տարի առաջ ներքին առուծախի պայմանագրով գնել է 11 քմ մակերես ունեցող անբարեկարգ սենյակ, մուտքերն առանձնացրել է, վերանորոգել ու արմատապես բարեփոխել է այն ու դարձրել բնակության համար պիտանի։ Փաստորեն, նորն է կառուցել։ Անընդմեջ օգտագործում ու տիրապետում է այն, մշտապես գրանցված է, բարեխղճորեն վճարել է բոլոր հարկերն ու տուրքերը։

1994 թվականին ժողդատարանը բավարարել է նրա հայցը եւ ներքին առքուվաճառքի գործարքը ճանաչել է վավեր։ Սակայն տխրահռչակ Գերագույն դատարանի քաղկոլեգիան հայցային վաղեմության բացթողման պատճառաբանությամբ դատարանի օրինական ու հիմնավոր վճիռը բեկանել է։

Յուղաբեր Ստեփանյանը ստիպված է եղել նորից դիմելու դատարան՝ ձեռքբերման վաղեմության հիմքով, քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի հիման վրա իրեն սեփականատեր ճանաչելու խնդրանքով։ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ ձեռքբերման վաղեմությունը վերաբերում է միայն տիրազուրկ գույքին, անհիմն մերժել է օրինական հայցապահանջը։ Այսպիսով, 75-ամյա կույր-հաշմանդամ Յուղաբեր Ստեփանյանին, որի հայրը 1937 թվին բռնադատվել է, աքսորվել Սիբիր եւ այնտեղ մահացել, միակ որդին սովից է մեռել, իսկ ինքը մնալով բոլորովին միայնակ, անտեր, անխնամ ու անօգնական, տառապում է աղքատության ճիրաններում, դատարանը զրկել է իր աշխատանքով, իր միջոցներով, իր արյուն-քրտինքով վաստակած խղճուկ սենյակից եւ այն «նվիրել» ուրիշին, որը մերթ շինծու գործարքով նվիրատվություն է ստանում նոտարից, մերթ էլ՝ ակնհայտ անհիմն անարդար վճռով՝ դատարանից։

Ցավալին այն է, որ նույնիսկ այսպիսի դեպքում, երբ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի սխալը թեպետ ակնհայտ է, սակայն վճռաբեկ դատարանը կարող է միայն վճիռը բեկանել եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ վերստին քննության։ Առավել տարօրինակն այն է, որ եթե նույնիսկ բեկանի ոչ թե առաջին ատյանի դատարանի, այլ վերաքննիչ դատարանի վճիռը, ապա դարձյալ գործը վերստին քննության համար պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան։

Ստացվում է, որ առաջին ատյանի դատարանը վերադաս է դառնում վերաքննիչ դատարանի նկատմամբ։ Մինչդեռ, եթե նույնիսկ բեկանվի առաջին ատյանի դատարանի վճիռը, ապա նոր քննությունը պետք է կատարի վերաքննիչ դատարանը։ Առաջին ատյանի դատարանում նույն գործը պետք է քննվի մեկ եւ ոչ թե երկրորդ կամ երրորդ անգամ, այլապես նույն գործը կարող է 12 անգամ ավելորդ ու անիմաստ շրջապտույտ կատարել, եթե վճռաբեկ դատարանը երկրորդ կամ երրորդ անգամ բեկանի ստորադաս դատարանների դատական ակտերը։ Դատական ավելորդ քաշքշուկը վերացնելու համար անհրաժեշտ է ընդլայնել վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերով պալատի լիազորությունների շրջանակը։

Ելնելով վերը շարադրվածի տրամաբանությունից, առաջարկում եմ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236 հոդվածում կատարել լրացում եւ փոփոխություն, այն շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 236. «Վճռաբեկ դատարանի լիազորությունները»

Վճռաբեկ դատարանը իրավունք ունի՝ 1. դատարանի վճիռը թողնել անփոփոխ, 2. վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության այլ կազմով քննելու համար, 3. բեկանել վճիռը ամբողջովին կամ նրա մի մասը եւ գործի վարույթը կարճել, 4. փոփոխել վճիռը կամ կայացնել նոր վճիռ, եթե գործով չի պահանջվում ապացույցների լրացուցիչ ստուգում։

Վճռաբեկ դատարանին նման լիազորություններից զրկելու հետեւանքով նսեմանում է նրա դերը որպես արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյանի։ Դատական բարեփոխումների կարեւորագույն առաքելություններից մեկն էլ այն է, որ դատավարությունը լինի օպերատիվ։

ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031