Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԵԽՂՃՈՐԵՆ, ԲԱՑԱՀԱՅՏ ԵՎ ԱՆԸՆԴՄԵՋ ՍԵՓԱԿԱՆԱԳՈՒՅՔ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՉԷ

Օգոստոս 10,1999 00:00

Չակերտների մեջ վերցված բառամթերքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածից է, որով սահմանված է «ձեռքբերման վաղեմություն» հասկացությունը։

Ըստ այդմ էլ, դրա առաջին կետով քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք, եթե 10 տարվա ընթացքում «բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք»։

Տեսնենք, սակայն, Տիգրան Մեծի փողոցի թիվ 7 տան բնակիչ Հովիկ Գասպարյանի եւ նրա ընտանիքի համար գործե՞լ է սույն օրենքը, այն օրենքը, որի իբր թե պաշտպանությամբ զբաղվում են իրավաբանական կրթությունը հարկի-անհարկի երեսներովս տվող դատավոր-դատախազ եւ «ճ» կլասի որոշ քննիչներ … Ի դեպ, նրանք էլ գտնում են, թե ՀՀ քաղ.օր. 187 հոդվածը «տվյալ դեպքում կիրառվել չի կարող, նկատի ունենալով, որ ՀՀ քաղ. օր. 172-186 հհ. համակցությամբ այն վերաբերում է տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելուն»։

Հովիկ Գասպարյանը Տիգրան Մեծի 7 տարածքը ձեռք է բերել 1976թ.-ից, որպես բնակարան, ուր բնակվել է 9,37 քմ վրա։ Նա Արմենակ Քոչարյանին վճարել է, ինչպես ինքն է ասում, 1800 ռուբլի, որը, համաձայնեք, այդ տարիներին… գումար էր։ Ընտանիքի անդամներով էլ գրանցվում են վերոնշյալ տարածքում։ Որպես սեփական գույք Գասպարյանների «բարեխղճորեն» տիրապետելու փաստը հաստատվում է 1989թ. մայիսի 10-ին Արմենակ Քոչարյանի կողմից տրված մի համաձայնությամբ, որով նշվում է, թե ինքը համաձայն է, որ «Կիրանց» անունով կոոպերատիվը աշխատանքային գործունեություն ծավալի «իր», այսինքն, Հովիկի բնակարանում (ի դեպ, անժամկետ էր համաձայնագիրը… Ռ.Մ.)։ Ինչու՞ եմ գրում՝ Հովիկի բնակարանում. որովհետեւ առարկություններ չեն եղել տարիներ շարունակ (մոտ 23 տարի) ինչպես բնակարանի նախկին տիրոջ՝ Ա.Քոչարյանի, այնպես էլ քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական, հատակագծման գլխավոր վարչության կողմից (ասենք՝ մուտքի վերաբերյալ), «Էլեկտրացանց» ՊՓԲԸ Կենտրոն մասնաճյուղի (առկա են էլեկտրասյուների օգտագործման համար կնքված համատեղ պայմանագրեր)։

Մի խոսքով, մարդն այնքան բարեխիղճ եւ բացահայտ է օգտվել այդ վիճելի տարածքից, որ առկա են… տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի օգտագործման համար վճարումների անդորրագրերը։ Սակայն իրեն թիվ 7 տան համասեփականատեր համարող Ա.Քոչարյանի որդին՝ Աշոտը, Կենտրոն համայնքի դատարան դիմելով Հ.Գասպարյանին բնակարանից վտարելու պահանջով, գրում է իր հայցադիմումում. «հայրս հավատացել է Հ.Գասպարյանին եւ համաձայնություն է տվել բնակարանը որպես խանութ օգտագործելու նրա առաջարկին»։ Իսկ 1976թ. կապակցությամբ էլ, թե՝ «1976թ. հորս հետ բանավոր կարգով կնքած բնակարանի վարձակալության պայմանագրով վարձակալել է տան 1-ին հարկի բնակարաններից մեկը, որտեղ ապրել է իր ընտանիքի հետ»։ Վտարման պահանջի հիմքում Ա.Քոչարյանը որպես փաստարկ բերում էր այն հանգամանքը, թե 1989 թ.-ից Հ.Գասպարյանն իր ընտանիքով այլեւս չի բնակվել այդ տանը… Գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանում լսվեց այս տարի, իսկ մայիսի 4-ին դատարանը վճռեց Գասպարյաններին բնակօգտագործման իրավունքը կորցրած ճանաչել եւ վտարել վերոնշյալ տարածքից։ Չհասկացանք վճռի հետեւյալ հատվածը. «Լուծել «Կիրանց» ա / կոոպերատիվի հետ 10.03.89թ. համաձայնագրի վրա նրա հետ եղած անժամկետ վարձակալության պայմանագիրը…», թե ինչպես «լուծել», հետաքրքրասերները երեւի թե փորձ անեն դիմել դատավոր Վ.Լալայանին…

Գործը հասավ եւ Վերաքննիչ, ուր դատավորների Մ.Դրմեյան, Ա.Հունանյան, Դ.Խաչատրյան կազմով քննվեց սույն քաղաքացիական գործը հունիսի 28-ին (տարօրինակ է, որ վճռի վրա «պատասխանող» կողմի մասնակցության մասին հիշեցում իսկ չկա – Ռ.Մ.)։ Վերաքննիչն իր հերթին կորցրած ճանաչեց Հովիկ, Նունուֆար, Լուսինե եւ Արսեն Գասպարյանների բնակտարածության օգտագործման իրավունքը եւ որոշեց՝ դարձյալ վտարել։ Նույն ճակատագրին արժանացավ եւ «Կիրանց» կոոպերատիվը։ Ասում են. առաջին ատյանի դատարանից Վերաքննիչ ձեռքը ձեռք լվաց… դատարաններից եւ ոչ մեկը լայեղ չարեց լինել տեղում, տեղատեսություն կատարել, պարզելու համար գոնե, թե այդքան տարիների ընթացքում քաղաքացին ինչ… ծախսեր է կատարել։

Ի դեպ, Վերաքննիչի դատավորները վճիռն հաստատում են համարակալած կնիքներ դնելով իրենց ստորագրությունների վրա։ Ա.Հունանյանի կնիքի վրա զինանշանը «ցխված» էր, նախագահող դատավոր Մ.Դրմեյանի զինանշանից (թիվ 3) առյուծի պոչն էր երեւում, իսկ Դ.Խաչատրյանի թվակիր չորս կնիքը անվրեպ էր «ծեփվել» թղթին, եւ նրան հաստատ չենք կարող մեղադրել խորհրդանիշի անարգման մեջ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031