Ջերմուկ քաղաքում ամենամեծ շենքը «Գլաձոր» առողջարանն է, որը նախատեսված է 500 մարդու համար։ Հայրենի գովազդները բավականին գայթակղիչ են։ Սակայն այլ երկրներում դոլարով հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունից շատերս ենք զուրկ եւ այդ իսկ պատճառով մենք միայն մի քանի օրով ընտրեցինք «Գլաձորը»։
Այսօր այնտեղ տեղավորվելը դժվարություն չի ներկայացնում։ Կարծում ենք, դրական է, երբ ուղեգիր ես հայթայթում 18 օրով եւ առողջարանի ղեկավարությունը ընդառաջում է՝ կիսելով ժամկետը։ Կարելի է գնալ նաեւ առանց ուղեգրի եւ հնարավորությունների սահմաններում մնալ եւ բուժվել։
Այս տարի Ջերմուկում կյանքը համարյա մեռած է։ Գուցե եւ խիստ ստացվեց, բայց դա իրականություն է։ Վերոհիշյալ առողջարանում էլ բուժվող-հանգստացողների թիվը 50-60 էր։ Այսինքն, մեծ հնարավորություններ ունեցող առողջարանը աշխատում էր ընդամենը 10-12% ծանրաբեռնվածությամբ։ Առողջարանը, որը շահագործման է հանձնվել 1987 թվականին, մի քանի տարի է կլոր տարին աշխատել։ Աշխատողները սիրով են հիշում այդ ժամանակները։ Այսօր պատկերն այլ է։ Ուղղակիորեն ջերմուկյան ամառն էլ է սեղմվում, կրճատվում է սեզոնը։ Եթե, օրինակ, անցած տարի այս առողջարանում հունիսի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջը եղել է եռուն շրջան, ապա այս տարի սեզոնը սկսվել է հուլիսի առաջին տասնօրյակին եւ, հավանական է, այստեղ «Ամառ-99»-ը իր վերջակետը կդնի սեպտեմբերի կեսերին։ Եկող տարի երեւի թե ավելի վատ լինի։ Ոչ միայն «Գլաձորը», այլ նաեւ մյուս առողջարանները աշխատում են թերբեռնված։
Բայց չէ՞ որ Ջերմուկի նպատակը այդ չէ։ Երբեմնի միութենական նշանակություն ունեցող այս վայրը իր փայլն ու հմայքը կորցնում է՝ եւ այն էլ մեծ արագությամբ։ Իհարկե, դրա հիմնական պատճառը ուղեգրերի թանկությունն է՝ 130, 140 հազար դրամ, այլ տեղերում՝ ավելի թանկ։
Կարդացեք նաև
Ջերմուկի քաղաքապետի տեղակալ պրն Ռ. Մարկոսյանի հետ մեր զրույցի հենց սկզբում էլ հիշեցի մեծն Թումանյանի «Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել» տողը։ Նա էլ այն կարծիքին է, որ ուղեգրերը պարտադիր կարգով ավելի մատչելի գներով պետք է սահմանվեն ու վաճառվեն, որպեսզի հնարավորին չափ ավելի շատ մարդիկ կարողանան այս ծանր օրերում մի քիչ «մեղմել» իրենց հիվանդությունները։
– Կարծում եմ,- ասաց նա,- եթե «Գլաձոր» եւ 3-րդ առողջարանները գործեն քաղաքապետարանի ենթակայությամբ, ապա դրանից կշահի տասը հազար բնակչություն ունեցող Ջերմուկը։ Ինչ-որ չափով կլուծվի նաեւ գործազրկության պրոբլեմը, մարդիկ աշխատանք կունենան։
Ըստ նրա, քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի առողջարաններից գոնե մեկը աշխատի կլոր տարին։ Ստացած եկամուտն էլ կօգտագործեն վերանորոգման եւ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի համար։
– Մեր տարածքի ջուրը մերը չէ,- վերջում դժգոհություն հայտնեց քաղաքապետի տեղակալը եւ ավելացրեց,- Երեւանում էլ Հայկուրորտխորհուրդը եղած օգուտներն է տանում՝ պահելով ապարատ, որը մեզ պետք չէ։
«Գլաձորի» գլխավոր բժիշկ պրն Կ. Կարապետյանը նույնպես ընդունեց, որ հիմնականում ուղեգրերի թանկությունն է ստեղծել այս վիճակը։ Առողջարանի բուժօգնության եւ բուժսպասարկման ծառայությունները, ըստ իրենց կողմից կազմված ինքնարժեքի, արժեն 79 հազար դրամ։ Ավելացած արժեքի հարկն է, որ կտրուկ բարձրացնում է ուղեգրի արժեքը։ Ելնելով ժողովրդի սոցիալական վիճակից, այն չպետք է հարկվի։ Հետո պարզվեց, որ բնապահպանության նախարարությունը հաշվիչները դրել է ոչ թե առողջարանի մոտ, այլ ակունքում, իսկ ճանապարհին ջրի զգալի կորուստ է լինում։ Մի այսպիսի օրինակ, հիվանդը 18 օրվա ընթացքում միմիայն ջրային լոգանքներ ընդունելու համար ծախսում է երեք տոննայից մի փոքր ավելի։ Վաննայի տարողությունը 300 լիտր է։ Մեկ տոննա ջրի արժեքը հասնում է 1700 դրամի։
Այսպես նաեւ մյուս հարցերը։
Վերջում անպայման պետք է նաեւ մի քանի խոսք ասել սպասարկման մասին։ Այդ օրերին առնչվելով առողջարանի անձնակազմի հետ, անհրաժեշտ ենք համարում նշել նրանց խիստ բարի, հոգատար, մարդկային վերաբերմունքը։
Սնունդն այստեղ լրիվ բավարար է, բազմատեսակ, որակով։
Այս ամենից հետո խիստ «դժգոհ» ենք ճաշարանի աշխատողներից։ Այդ օրերի ընթացքում մենք սովորեցինք նորմալ ու ժամանակին սնվել։ Վերադարձել ենք եւ նորից հայտնվել նախկին վիճակում։ Ցավալիորեն այդպես է։
Ջերմուկը բնության պարգեւ է՝ ի վերուստ տրված մեզ։ Եվ ցավալիորեն այսօր նրա արժեքն ընկել է։ Եթե այսպես գնա, մի օր էլ քաղաքի բնակիչները կարթնանան ու կտեսնեն, որ եղած վիճակից դժգոհ իրենց Ջերմուկի խորհրդանիշ եղնիկն էլ թողել ու հեռացել է…
ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ