Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԸ

Օգոստոս 10,1999 00:00
Toto

Բազմիցս նշվել է, որ մեր հանրապետության բարգավաճումը մեծապես պայմանավորված է զբոսաշրջության զարգացմամբ։ Այս կապակցությամբ խոսակցությունները, հոդվածները, սեմինարները հաջորդում են միմյանց, բայց համակարգված քաղաքականություն դեռեւս չկա։

Լավ կլիներ, որ վերջերս «վերածնված» էկոնոմիկայի նախարարության փոխարեն կառավարության շրջանակում լիներ զբոսաշրջության նախարարություն, որը եւ կզբաղվեր պետությանը շահույթ բերող այդ լուրջ ոլորտով։ Վերջին ամիսներին լրատվամիջոցները հաճախակի են անդրադառնում մայրաքաղաքի 3 հյուրանոցներին՝ «Երեւանին», «Անիին» եւ «Արմենիային»։ Ուրախալի է, որ «Երեւանը» եւ «Անին» սեփականաշնորհումից հետո արագորեն վերակառուցվում են եւ չենք կասկածում, որ մոտ ապագայում կդառնան ժամանակակից, բոլոր պայմանները բավարարող օթեւաններ։ «Արմենիա» հյուրանոցային համալիրի պարագան այլ է։ Ստորեւ չենք անդրադառնա դրան, քանի որ մամուլում եւ հեռուստատեսությամբ արդեն եղել են հյուրանոցային համալիրի վիճահարույց խնդիրների հետ կապված հրապարակումներ, անդրադարձներ։ Իսկ ի՞նչ վիճակում են մայրաքաղաքի, ինչու չէ՝ նաեւ հանրապետության մյուս հյուրանոցները։ Երեք-չորս տարի առաջ, շախմատային օլիմպիադայի հետ կապված, վերանորոգվեցին «Շիրակ» եւ «Էրեբունի» հյուրանոցները, բայց դրանք ակնհայտորեն այսօրվա վիճակով չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, այնպես որ, երկուսի պարագայում էլ լուրջ խորհելու կարիք կա։ Կրիայի քայլերի պես է շարժվում «Սեւան» հյուրանոցի շինարարությունը։ Որքան ինձ հայտնի է, այն տարիներ առաջ սեփականաշնորհվեց «Կարուսել իստեբլիշմենթ» լյուքսեմբուրգյան ընկերության կողմից, որի պատկառելի փայատերերից մեկն է հանդիսանում լոնդոնահայ գործարար Վաչե Մանուկյանը։

Ցանկալի կլիներ, որ հասարակությանը տեղեկացվեր՝ ի՞նչ ժամկետներում կավարտվի «Սեւան» հյուրանոցի վերակառուցումը։ Շարքային մահկանացուներս կարծես մոռացել ենք, որ Երեւանում գոյություն ունեն «Արաբկիր», «Սեբաստիա», «Նաիրի» հյուրանոցները։ Վերոհիշյալները գործում են «մասամբ» կամ էլ վերածվել են հանրակացարանների։ Ի՞նչ պետք է լինի այս հյուրանոցների ճակատագիրը, ե՞րբ են նրանցով «զբաղվելու»՝ ոչ ոքի հայտնի չէ։ Վերակառուցման կարիք ունի նաեւ «Դվինը»։ Այս հյուրանոցի ճակատագիրը նույնպես առայժմ անհայտ է, թեեւ տարիներ առաջ այն «Անիի» եւ «Արմենիայի» հետ նախատեսված էր միջազգային աճուրդի միջոցով սեփականաշնորհել։ Բայց երեւում է, դեռեւս «Դվինը» չի գայթակղում օտարներին։ Եթե մայրաքաղաքի ոչ մի հյուրանոց «աստղանի» չէ, ապա, բնականաբար, հանրապետության մյուս քաղաքներում եւ հանգստավայրերում գտնվող իջեւանատների մասին խոսելն ավելորդ է։ Այդ դժգույն ֆոնի վրա թերեւս առանձնանան Ծաղկաձորը եւ Սեւանը։

Անկախության տարիներին մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում կառուցվել են մի քանի «փոքր» եւ «միջին» հյուրանոցներ, որոնք որքան էլ շքեղ եւ ժամանակակից լինեն, չեն կարող փոխել հյուրանոցային մեր տնտեսության «վիճակը»։ Զբոսաշրջության զարգացումը պետք է դրվի ամուր հիմքերի վրա։ Երեւանում մոտակա տարիներին անպայման պետք է կառուցվի արդի պայմաններին համահունչ 3-4 մեծ հյուրանոցներ։ Զբոսաշրջության զարգացումը չպետք է կապվի այս կամ այն հոբելյանական միջոցառման հետ, այն պետք է լինի մշտապես հղկվող տնտեսական քաղաքականություն։

ՎԱՐԴԱՆ ԱՇՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031