Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ»՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Օգոստոս 10,1999 00:00
Emma

Նախորդ օրը երեկոյան նիստ է գումարել Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհուրդը՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։

Բացի քաղաքական խորհրդի անդամներից, նիստին մասնակցել են ՀԺԿ անդամ ԱԺ պատգամավորները, ինչպես նաեւ՝ խորհրդարանի այն անդամները, որոնք ՀԺԿ համակիրներ լինելով՝ պատգամավոր են դարձել «Միասնություն» դաշինքի ցուցակով։ Պարզաբանելու համար, թե ինչ հարցեր են քննարկվել, զրույցի ենք հրավիրել ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամներ տիկին Էմմա Խուդաբաշյանին եւ պարոն Էդմունդ Ծատուրյանին։

Եվ այսպես՝ ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ կարեւոր հարցեր կան, որ ամառվա այս շոգերին էլ դեռեւս ՀԺԿ քաղաքական խորհուրդը շարունակում է աշխատել։

Պարոն Էդմունդ Ծատուրյանը հարցն այնպես ներկայացրեց, թե այսուհետեւ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը գումարվելու է քաղաքական խորհրդի նիստ, որովհետեւ հետագա աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար հարկավոր է «կուսակցության ակտիվությունն ավելի մեծացնել, եւ այն ավելի համախմբել»։

Քննության առնված խնդիրներից Ծատուրյանը առանձնացրեց տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ ՀԺԿ-ն առանձի՞ն պիտի մասնակցի դրանց, թե՞ «Միասնություն» դաշինքի կազմում։

Քննարկումների արդյունքում ՀԺԿ քաղաքական խորհուրդն ընտրություն է կատարել հօգուտ երկրորդ տարբերակի։ Իսկ այս օրերին նիստ գումարելու անհրաժեշտությունն էլ պարոն Ծատուրյանը բացատրեց նրանով, թե շատ քիչ ժամանակ է մնացել մինչեւ ընտրությունները, ուստի պիտի կուսակցությունն իր մոտեցումը հստակեցներ. «Մեզ այլ առաջարկներ չեն եղել, ուստի՝ առավել քան տրամաբանական է «Միասնություն» դաշինքի հետագա աշխատանքը»։ Եթե այլ առաջարկություններ էլ լինեին, դրանք նույնպես կքննարկվեին, որովհետեւ պարոն Ծատուրյանի մոտեցմամբ, «ՀԺԿ-ի եւ «Միասնություն» դաշինքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք բաց ենք բոլորի համար»։

Այն, որ նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը պաշտպանած Հայաստանի սոցիալիստական կուսակցությունն այս անգամ էլ պաշտոնական դաշինքի մեջ չէ «Միասնության» եւ մասնավորապես ՀԺԿ-ի հետ, պարոն Ծատուրյանը պարզաբանեց հետեւյալ կերպ։

Նախագահական ընտրություններից հետո էլ սերտ առնչություններ ՀԺԿ-ի եւ սոցիալիստական կուսակցության միջեւ եղել են։ Արձակուրդային այս փուլում միջկուսակցական շփումների հաճախականությունը մի փոքր, իհարկե, նվազել է, ինչը, սակայն, պարոն Ծատուրյանի համոզմամբ, շուտով կվերստանա իր նախկին մակարդակը։

Այս ամենը բավականին ճշմարտանման է պատկերանում մանավանդ մեր զրույցի մեկ այլ մասնակցի՝ տիկին Էմմա Խուդաբաշյանի ներկայացրած մոտեցումից հետո, որն ընդունել է ՀԺԿ քաղաքական խորհուրդը։ «Անկախ կուսակցական պատկանելությունից, կաջակցենք այն թեկնածուներին, ովքեր ազնիվ են, խելացի, ընդունակ։ Կուսակցությունը կաջակցի այդ թեկնածուներին»։ Դրանով հանդերձ, այո, ՀԺԿ-ն շարունակելու է գործել «Միասնություն» դաշինքի կազմում, ինչի վերաբերյալ որոշում է ընդունել խորհրդարանական ընտրությունների նախօրյակին. «Այդ որոշումներով էլ մենք առաջնորդվում ենք, ինչը, իմ կարծիքով, շատ ճիշտ է։ Չպիտի տարբերակենք՝ ՀԺԿ կամ ՀՀԿ։ Վերեւներում միջկուսակցական հարաբերությունները առավել քան լավ են, ինչը պիտի փոխանակի ներքեւները»։

Տիկին Էմմայի հետ մեր խոսակցության հաջորդ մասը հիմնականում Հմայակ Հովհաննիսյան-Ռուբեն Միրոյան հակամարտությանն էր վերաբերում. «Մարդիկ պետք է տուրք չտան անձնական համակրանքներին ու հակակրանքներին, այդպիսով գործիք դառնալով այն ուժերի ձեռքին, որոնք ամեն մանրուք կօգտագործեն կուսակցությանը վարկաբեկելու համար։ ՀԺԿ-ում տիրում է բարոյաքաղաքական, աշխատանքային մթնոլորտը, իշխում է ժողովրդավարությունը։ Իսկ մեր հարցերի հարցն է Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելն ու սոցիալական լարվածության թուլացումը, ինչն իրականացնելու հնարավորություն ունենք միայն մեր ժողովրդի լայն զանգվածների օգնությամբ»։

– Տիկին Խուդաբաշյան, նկատում եմ, որ պարզապես վերարտադրում եք Կարեն Դեմիրճյանի ասածները։

– Շուրջ մեկուկես տարի է՝ ես Կարեն Դեմիրճյանի կողքին եմ։ Նա ինձ համար մեծություն է, եւ ես էլ, այո, աշխատում եմ առաջնորդվել նրա խոսքով ու գործով։ Դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում։

– Իսկ ճի՞շտ է, տիկին Էմմա, որ Կարեն Դեմիրճյանը սաստել է հակամարտող երկու կողմին էլ։

– Նա, մեր կուսակցության մեջ տան մեծի, հոր համարում ունի, որը պարտավոր է իր զավակներին դաստիարակել, խելքի բերել, եթե նրանցից որեւէ մեկը խենթություններ է անում։

– Իսկ ի՞նչ ասաց իր ելույթում Կարեն Դեմիրճյանը։

– Նա ասաց, որ մեր տունը, հայկական մեր օջախն ինչ-որ խենթուկների պատճառով չպիտի քայքայվի։ Ինչպես կանք, այնպես էլ մնալու ենք եւ ոչ մի նշանակություն էլ չի ունենա մամուլում այս կամ այն կողմի հասցեին արված գովազդը կամ հակագովազդը, քանի որ ՀԺԿ-ն ժողովրդի իղձերից ծնունդ առած կուսակցություն է։

Ամփոփելուց առաջ եւս մեկ իրողության մասին՝ մի քանի օր առաջ Աշտարակի ՀԺԿ կազմակերպությունը գումարել էր կոնֆերանս եւ ընտրել նոր ղեկավարություն, ուր Միրոյանի մարդկանց փոխարինել են Հովհաննիսյանի մարդիկ։ Քանի որ, հակառակ ՀԺԿ կանոնադրության, կուսակցության վարչությանը դրա մասին տեղյակ չի պահվել, իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար ձեւավորվել է հանձնախումբ, որն էլ իր հետազոտության արդյունքները կներկայացնի ՀԺԿ ղեկավար մարմիններին։ Դրանից հետո միայն դիրքորոշումները կհստակեցվեն։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031