Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մեծ քար ճեղքվածքին

Օգոստոս 10,1999 00:00
chexq

Հունվարի 12-ից գործող դատախազության նոր կառուցվածքում հայտնվեց պետական շահերի պաշտպանության վարչությունը, թեեւ ենթադրվում էր, որ ամբողջ դատախազությունն է լծված այդ սրբազան գործին։

Հուլիսի 14-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը միջնորդեց դատախազությանը՝ ստուգումներ անցկացնել հանրապետության 32 խոշոր ձեռնարկություններում, որոնք նույնչափ խոշոր հարկային պարտավորություններ ունեն պետբյուջեին։ Այս ձեռնարկությունների ընդհանուր պարտքի չափը կազմում է մոտ 8 մլրդ դրամ, որից 1 միլիարդն արդեն մարվել է՝ շնորհիվ դատախազության հիշյալ վարչության։ Անցկացրած ստուգումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար զրուցեցինք Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանի հետ։

-Դատախազությունը երբեւէ նման լայնամասշտաբ ստուգումների անցկացման փորձ ունեցե՞լ է։

-Ո՛չ, չի եղել, սա առաջին փորձն է, որը բավական ծանր աշխատանք էր։

-Կարո՞ղ եք նշել մի քանի խոշոր պարտքատերերի եւ նրանց հետ անցկացված ստուգումների արդյունքները։

-Ուզում եմ ճշգրտել, թե ինչ է հասկացվում արդյունքներ ասվածի տակ. մի դեպքում դա կանխիկ վճարումներ են, փոխանցումներ, հաշվանցումներ։ Կան դեպքեր, երբ ոչ միայն ձեռնարկությունն է պարտք պետությանը, այլ նաեւ՝ պետությունը ձեռնարկությանը։ Եվ այսպիսի դեպքերում աշխատում է հաշվանցումների մեխանիզմը։ Պարտքատուների ցուցակում են՝ «Հայավտոտրանս»-ը։ ՊՓԲԸ-ն մարել է 22,5 մլն դրամ, Աշոցքի ճանապարհաշինարարական ձեռնարկությունը՝ 23,7 հազար դոլարին համարժեք դրամ, Երեւանի ճանշինը՝ 13 հազար դոլար, Երեւանի ձեթօճառի կոմբինատը՝ հաշվանցման կարգով՝ 749 հազար դոլարի եւ 3,3 մլն դրամի չափով (գրավ դրված շրջանառու միջոցները եւ պատրաստի արտադրանքը հանձնվել է պետությանը), Արտաշատի գինու կոմբինատը հաշվանցման դեպքում նույնիսկ լրավճար է ունեցել, «Էրեբունի» հյուրանոցից արդեն 10 մլն դրամի բռնագանձում է եղել, իսկ ընդհանուր պարտքը կազմում է 285 մլն դրամ։ Կան դեպքեր, երբ նախորդ կառավարությունները հետաձգել են ցուցակում ընդգրկված ձեռնարկությունների պարտքի մարման ժամկետները։ Օրինակ՝ Հայսպառմիության 400 մլն դրամի պարտքի վճարումը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 30-ը։

-Ինչո՞ւ կառավարությունն այս գործը առաջարկեց դատախազությանը, երբ հարկերի բռնագանձմամբ զբաղվում է հարկային տեսչության օպերատիվ ծառայությունը։

-Մենք միշտ գործել ենք մեր լիազորությունների շրջանակներում։ Ընդհակառակը՝ միշտ դեմ եմ եղել զուգահեռ ստուգումներին, դրանց անհարկի չարաշահմանը, մանավանդ, եթե նախատեսված չեն օրենսդրությամբ։ Այն, ինչ անում ենք մենք, հարկային տեսչության օպերատիվ ստորաբաժանումները, նման լիազորություններով օժտված չեն։ Մենք ոչ թե ստուգում ենք, թե հարկերը ինչու չեն մուծվում, այլ ուսումնասիրում ենք, թե տվյալ ձեռնարկությունն ունեցե՞լ է պարտքերը մարելու հնարավորություն, եւ արդյո՞ք քրեական բնույթի չարաշահումներ թույլ չեն տրվել այդ պարտքերի մարումը ձգձգելու համար։ Ավելի կոնկրետ, մեր ստուգումների նպատակը քրեաիրավական հանցագործություններ բացահայտելն է։ Եթե նույնիսկ այդպիսիք չկան, Սահմանադրության 103 հոդվածի 4-րդ կետով դատախազությունը օժտված է պետության գույքային շահը պաշտպանող հայց հարուցելու պարտականությամբ։ Մենք ուսումնասիրում ենք՝ եթե ձեռնարկությունն ունեցել է գույքային պարտավորություններ, արդյո՞ք իրավասու պետական մարմինները օգտվել են իրենց լիազորություններից, հայցեր բերե՞լ են, թե՞ ոչ։ Եթե՝ ոչ, ապա՝ ի՞նչ նկատառումներով, չե՞ն եղել պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր։ Միայն այս կիսամյակում մեր վարչության համար նախատեսված 2 մլրդ դրամից վերականգնվել է 690 մլն դրամի վնաս, իսկ ամբողջ դատախազության կողմից բերված հայցադիմումներով՝ կազմում է 6 մլրդ դրամ։

-Կա՞ն ձեռնարկություններ, որտեղ քրեաիրավական խախտումներ են արձանագրվել։

-Մենք ընդամենը 20 օր է սկսել ենք ուսումնասիրությունները, եւ պետք է ասեմ, որ մի շարք գործերով սկսված է քննություն։ Մենք այսօր հայտնաբերել ենք բյուջետային հիմնարկություններ, որոնք զբաղվում են մասնավոր ձեռնարկատիրությամբ։ Օրինակ՝ Մարզահամերգային համալիրն ունի 720 մլն 400 հազար դրամի պարտք։ Այս պարտքերը գոյացել են բյուջետային վարկերի արդյունքում։ Մենք չենք կարող բյուջետային հիմնարկին պատասխանող ճանաչել, քանի որ բյուջետային հիմնարկի համար պատասխանող է հանդես գալիս հիմնադիրը կամ, այլ կերպ ասած, կառավարությունը։ Մենք սա ներկայացրել ենք վարչապետին, եւ միջնորդագիր է ներկայացվել, որպեսզի նման կարգի բյուջետային հիմնարկները, որոնք զբաղվում են ձեռնարկատիրությամբ, նրանց կարգավիճակը համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին։

-Ցանկում կան անձեռնմխելի համարվող անհատների կողմից վերահսկվող գործարաններ։ Ինչպիսի՞ն է նրանց արձագանքը։

-Վերջին մի քանի տարում դատախազության համար չեն եղել անձեռնմխելիներ, դա առավել ընդգծված է վերջին մի քանի ամսում։ Այն ձեռնարկությունների ղեկավարները, որոնք, ըստ ձեզ, կարող էին փոքր-ինչ դիմադրել եւ խուսափել, առաջինը նրանք են մարել իրենց պարտքերը։ Դա գալիս է նաեւ վարչապետի դիրքորոշումից, հարցերը սուր դնելուց։

-Պարտքի մարումը վերացնո՞ւմ է պատասխանատվության խնդիրը։

-Բացարձակապես ոչ մի կապ չունի։ Բացի դա, պարտքի մարումը միշտ չէ, որ մեղքի հետեւանք է։ Այն կարող է լինել այդ ձեռնարկությունների նկատմամբ այլ սուբյեկտների պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետեւանք։ Որոշ ձեռնարկությունների նկատմամբ պետությունը ինքը գույքային պարտավորություններ ունի։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031