Վստահեցնում են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության եւ Հիդրոմետվարչության ղեկավարները
Համաձայնենք, որ ամեն օր Արեգակի լրիվ խավարում չի լինում։ Դա տիեզերական արտասովոր երեւույթներից է եւ Երկիր մոլորակի վրա դիտվում է բավականին հազվադեպ։ Վաղը այդ եզակի օրերից է, եւ ինչպես նշում են գիտնականները, Արեգակի ամբողջական խավարումը կտարածվի Սեւ ծովի ավազանի երկրների, Թուրքիայի վրա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, մասնագետների պնդմամբ, այստեղ էլ ազգաբնակչությունը գործնականում Արեգակի ամբողջական խավարման ականատեսը կդառնա։ Ու հենց այս հանգամանքն էլ ժողովրդի մեջ հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, մանավանդ, որ տարբեր լրատվամիջոցներ ամենատարբեր պատկերներ են հրամցնում մարդկանց՝ դա նույնացնելով Աշխարհի վերջի հետ։
Իրոք, ի՞նչ է սպասվում մեզ՝ երկրագնդի բնակիչներիս, վաղը։ Այս հարցով զրուցեցինք Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի առաջին տեղակալ Դ. Մարտիրոսյանի եւ Հիդրոմետվարչության պետ Գ. Կոջոյանի հետ։
Կարդացեք նաև
Դ. Մարտիրոսյան. «Ազգաբնակչությանն ուզում եմ տեղյակ պահել, որ Հայաստանի եւ Արցախի տարածքում տեղադրված 140 համալիր դիտարկման կետերում «տվիչները» ոչ մի արտառոց երեւույթի ազդանշան չեն հաղորդում։ Այսինքն, հավանական տարերային աղետների մասին տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Համենայնդեպս, Հայաստանում առայժմ նման անոմալիաներ՝ երկրաշարժեր, փոթորիկներ, բնական այլ աղետներ, չեն սպասվում»։
Գ. Կոջոյան. «Արեգակի լրիվ խավարումն, իրոք որ, տիեզերքում հազվադեպ հանդիպող երեւույթ է։ Մեր սարքերով, տարբեր տեղերից ստացվող դիտարկումների արդյունքների վերլուծությունն ու համադրումը ասում են այն մասին, որ Արեգակի խավարումն արտակարգ հետեւանքներ չի ունենա։ Մթնոլորտում, բնության մեջ՝ կենդանական եւ բուսական աշխարհում, ջրային տարածքներում, երկրի ընդերքում ոչ մի շեղում չի նախատեսվում»։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ