Լրահոս
Օրվա լրահոսը

Գնեք պաղպաղակը պատրաստի հագուստեղենի խանութներում

Օգոստոս 10,1999 00:00
paxpaxak

Փողոցային առեւտրի դեմ տոտալ պատերազմը նոր փուլ է մտնում։ Քաղաքային իշխանություններին մասամբ հաջողվեց մայթերը հետ նվաճել մսավաճառներից։

Կենտրոնում զբոսնող երեւանցիները կարող են վկայել, որ տեղ-տեղ հաջող է ընթանում պայքարը նաեւ գյուղատնտեսական մթերքների առուծախով զբաղվող մանրավաճառների դեմ։ Երեւանյան մայթերն օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռքից-ձեռք են անցնում։ Ընդհանուր հաշվով դրանք մի քանի ժամ հայտնվում են քաղաքային իշխանությունների ձեռքում։

Անօրինական եւ հերոսական այս պայքարում անքաղաքագլուխ քաղաքային իշխանություններն օր օրի ոգեւորվում են։ Անցած ուրբաթ փողոցային առեւտրի դեմ պայքարն իր մեջ նոր ոլորտ ներքաշեց։ Այսուհետեւ Երեւանը Գինեսի գրքում կգրանցվի որպես միակ հարավային քաղաքը, որի փողոցներում պաղպաղակ չի վաճառվում։ Քաղաքային իշխանությունները ստիպում են մայթերից հանել պաղպաղակի սառնարանները։ Սառնարանների արտաքին տեսքը, սպիտակ գույնը երեւի անհարիր է մեր վարդագույն Երեւանին։ Հնարավոր է, որ սանիտարական ծառայություններին դուր չի գալիս պաղպաղակի տեսականին։ Խմբագրություն այցելած քաղաքացին բողոքում էր, որ սառցարան «աշխատեցնելու» համար միանվագ մուծել է 25 հազար դրամ եւ ամսական 16 հազար դրամ ամրագրված հարկ է մուծում։ Մինչդեռ ուրբաթ օրվանից չի կարողանում աշխատել, որովհետեւ իշխանությունները պահանջում են սառնարանը տեղափոխել խանութ։ Իսկ խանութում պատրաստի հագուստեղեն են վաճառում։

Պահանջը կատարելուց հետո՝ բացառված չէ, որ հագուստեղենի խանութում հայտնվեն նույն քաղաքային իշխանության ներկայացուցիչները եւ տուգանեն հագուստի խանութում սննդամթերքի վաճառքի համար։ Ավելի ճիշտ՝ վաճառքի փորձի համար։ Որովհետեւ վաճառքի փաստ չի լինի՝ ոչ մի ախմախ շորեղենի խանութում պաղպաղակ չի փնտրի։ Սա երեւի տեղական իշխանությունների հաջորդ՝ «գաղտնի քայլն» է։ Երեկ Ազատության պողոտայի վրա «Շանթ» ձեռնարկության սառցարան-ավտոմեքենայի մի վարորդ բողոքում էր, որ չի կարողանում իրացնել ապրանքը՝ մանրավաճառները չէին ընդունում։ Հայրենական արտադրողները շարունակում են վնասներ կրել, երեւանցիները շարունակում են տառապել շոգից։ Իսկ ժողովրդական հին իմաստությունն ուսուցանում է «բյուջեի ճեղքվածքը փակելու միջոցների մեջ խտրականություն չեն դնում»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031