Թե քանի այլ հարկատուների նկատմամբ հայց կներկայացնի պետական եկամուտների նախարարությունը՝ ապագան ցույց կտա։ Բայց այսօր էլ կան մի քանի դատավարություններ, որոնք առնչվում են այս նախարարությանը։
Ներկայացնենք ամենավերջինը, որի հայցվորը՝ Արմեն Հովհաննիսյանը, հուլիսի 23-ին Երեւանից Դուբայ մեկնելիս անցել էր մաքսային «կանաչ գոտիով»։ Ոսկու համար սահմանված չէ մաքսային վճար։ Դե նա էլ չէր հայտնել իր մոտ եղած ոսկու մասին, եւ այն, որպես մաքսանենգ ապրանք, բռնագանձել էին։ Ընդ որում, պնդում են, թե արձանագրության մեջ անգամ չեն նշել, թե խախտումը որն է։ Այլ մանրամասներ չներկայացնելով, նշենք, որ Արմեն Հովհաննիսյանն այժմ Կենտրոնի դատարանի միջոցով փորձում է հետ ստանալ իրենից բռնագանձված ոսկեղենը։
Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանին հարցրինք, թե այս դեպքում որքանով են օրենքի շրջանակներում մաքսային ծառայության գործողությունները։ Բնականաբար, չէր կարելի բացասական պատասխան ակնկալել. «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետի մաքսավորը հայտարարագիրը կնքելու ժամանակ տեսել էր, որ ոչ մի լրացում չկա ոսկե զարդերի վերաբերյալ։ Այնուհետեւ ստուգմամբ պարզվել էր. քաղաքացու մոտ առկա է 2,5 կգ ոսկյա զարդեր, որոնք գրանցված չէին։ Հետեւաբար, դրանից բխող մեր բոլոր գործողություններն ամբողջությամբ օրենքի շրջանակներում են կատարվել»։
Եթե վերջին պնդումը դեռ պիտի դատարանում ապացուցվի, ապա Վաճառականների միության հայցը՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման առնչությամբ, արդեն իսկ դատական լուծում է ստացել։ Տպավորությունս էր, թե նրանք շահել էին այդ դատը՝ պրն Այվազյանն ուղղեց. «Ոչ, նրանք տարբեր դրվագներով էին հայց ներկայացրել դատարան։ Բազմաթիվ դրվագներից ուղղակի մեկով էին շահել՝ վարչականը ոչ բավարար հիմքերով էր կիրառվել»։
Կարդացեք նաև
Եվս մի դատավարություն, թերեւս ամենահնչեղը, դեռ ընթացքի մեջ է։ «ԱրմենՏելի» վերաբերյալ դատական առաջին իսկ նիստի օրը TWT-ի ներկայացուցիչները դատարանի պատերին ցուցապաստառներ էին ամրացրել, որտեղ անվերապահորեն պնդել էին, թե TWT-ն հարկային գործակալ չէ եւ ընդդատյա չէ։ Լրագրողներին էին բաժանել երկու պայմանագրերի համապատասխան հոդվածներ, ուր նշված էր, թե «ԱրմենՏելի» սեփականաշնորհման գործարքի կողմերը ցանկացած տարաձայնությունների լուծումը հանձնում են Միջազգային առեւտրի պալատի արբիտրաժային դատարանին։ Պետական եկամուտների նախարարին հարցրինք, թե արդյոք նախապես տեղյակ չէին, որ Հայաստանի կառավարությունն իրավական հիմք չուներ գոնե TWT-ի նկատմամբ դատավարություն սկսելու. «Նրանց տեսակետն այլ է, մերն՝ այլ։ Մենք գտնում ենք, որ հարկերի վերաբերյալ դատավարությունները պետք է տեղի ունենան միմիայն Հայաստանում։ Սա ընդամենը մի սովորական գործ է։ OTE-ն, որպես հարկային գործակալ, պետք է հարկը պահեր այն գումարից, որ վճարում էր TWT-ին եւ վճարեր Հայաստանի պետբյուջեին։ Չի կատարվել, եւ դատավարության մյուս կողմը OTE-ն է։ Սա պայմանագրի հետ կապ չունի, այլ «ԱրմենՏելի» վաճառքից առաջացող հարկի մասին է խոսքը։ Իսկ TWT-ն հիմնավորում է, թե պայմանագրում նշված է, որ վեճերը Լոնդոնի դատարանում են լուծվում։ Դատավարությունը, կրկնում եմ, պայմանագրի հետ կապ չունի»։
Հուլիսի 28-ի հեռուստաելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե «ԱրմենՏելի» նկատմամբ ամենեւին վերջինը չէ։ Պետական եկամուտների նախարարի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե էլ ում նկատմամբ են պատրաստվում նման հայցեր ներկայացնել։ «Ճիշտն ասած, այս պահին նպատակահարմար չեմ գտնում այդ մասին որեւէ բան ասել,- պատասխանեց Սմբատ Այվազյանը։- Ասենք, եթե «ԱրմենՏելը» մինչեւ դատավարությունը վճարեր իր այդ հարկը, բնականաբար, մամուլին չէինք հայտնելու։ «ԱրմենՏելը» հանրապետության թիվ 1 հարկատուն է, եւ դատավարությունից առաջ բավականին երկար քննարկել ենք այդ հարցը՝ պե՞տք է գնալ այդ ճանապարհով, թե՞ ոչ։ Եվ այժմ էլ, եթե հարկերը վճարվեն՝ այդ դատավարությունները չեն սկսվի»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Մինչ այս զրույցը թյուրիմացաբար ենթադրում էինք, որ թիվ 1 հարկատուն «Գրանդ Տոբակոն» է։ Բայց Սմբատ Այվազյանը պատասխանեց, որ «ԱրմենՏելը» շատ ավելի խոշոր հարկատու է, քան «Գրանդ Տոբակոն»։ Վերջինիս անունը բազմիցս շոշափվեց ծխախոտի եւ բենզինի հաստատագրված վճարների բարձրացման առիթով զրույցի ընթացքում, որը կներկայացնենք «Առավոտի» վաղվա համարում։