Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑՈՒՆ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

Օգոստոս 10,1999 00:00
Titov

Երբ իրեն քաղաքական հարցեր չեն տալիս

Ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպելուց եւ նրանց հարցերին պատասխանելուց հետո Ռուսաստանի Դաշնության Սամարայի նահանգապետ Կոնստանտին Տիտովը իրեն ուղեկցող սամարացիների եւ հայերի հետ ուղեւորվեց մեզ անհայտ ուղղությամբ՝ հանդիպելու ՀՀ վարչապետին։ Աստիճաններից իջնելիս Կոնստանտին Ալեքսեեւիչն իր գոհունակությունն էր հայտնում այն առիթով, որ լրագրողները քաղաքական հարցեր չէին տալիս. «նրանք ավելի շատ տնտեսական հարցեր էին տալիս, իսկ դա նշանակում է՝ հասկացել են, որ տնտեսությունն է հիմքն ամեն ինչի»։ Նրան ուղեկցող Վահան Շիրխանյանը պարզապես ժպտում էր։

Նահանգապետը միայն նահանգապետ չէ, նաեւ «Գոլոս Ռոսսիի» («Ռուսաստանի ձայն») հասարակական-քաղաքական բլոկի ղեկավարն է։ Բլոկի քաղաքական նպատակը ՌԴ Պետդումայում պատգամավորական տեղերի գրավումն է։ Ըստ այս բլոկի, Ռուսաստանում հարկավոր է ավելացնել Դաշնության սուբյեկտների տնտեսական ինքնուրույնությունը։

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սամարայի նահանգապետին ուղեկցում էր նաեւ «Սիբիրյան ալյումին» ֆինանսատնտեսական խմբի ղեկավարությունը՝ խմբի նախագահ Օլեգ Դերիպասկայի գլխավորությամբ։ Վերջինս ՌԴ արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահն է։

Օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետն այցելեց Քանաքեռի ալյումինի գործարան, թվաց, զուտ ճանաչողական այց է։ Երեկ Սամարայի նահանգապետն այլեւս չէր կարող թաքցնել, որ այս գործարանից լուրջ սպասելիքներ ունեն։ Այցի արդյունքները պարոն Տիտովը գնահատեց «շատ արդյունավետ»։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սիբիրյան ալյումինի» եւ Քանաքեռի ալյումինի գործարանի միջեւ։ Այս նախագիծը նահանգապետը համարեց «շատ լուրջ խթան հարաբերությունների հետագա զարգացման համար»։ Կարեւորվեց նաեւ քիմիական արդյունաբերության համատեղ աշխատանքների մասին պայմանավորվածությունը։ «Ինձ դուր է գալիս ավտոմեքենաշինության, էներգետիկայի, սնունդի եւ թեթեւ արդյունաբերության հայաստանյան զարգացման միտումները (…), ես մեծ բավարարվածությամբ նշում եմ, որ մենք պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ունենալ կուրորտոլոգիայի գործին, որ ռուսաստանցիները հանգստանան Հայաստանի առողջարաններում։ (…) Մենք հիմա պատրաստ ենք երկարաժամկետ տնտեսական պայմանավորվածությունների վերականգնմանը՝ շարժիչների, ռադիոէլեկտրոնիկայի եւ այլ հարցերում»։

Ինչ վերաբերում է ալյումինին. «Խոսքը գնում է իրոք խոշորամասշտաբ ներդրումային ծրագրի մասին, որը նպատակ ունի իրականացնել ավելի քան 2,5 հազար տոննա ալյումինե փայլաթիթեղի արտադրություն, մեկ ամսվա ընթացքում։ Ներդրումը կլինի մոտ 20 միլիոն դոլարի չափ»։ Տենդերն առաջարկել է ՀՀ կառավարությունը, Սամարան իր պայմաններն է ներկայացրել, մնում է, որ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում կայացնի։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք աշխատանքի այսպիսի պրակտիկան արդարացված է, պարոն նահանգապետն ասաց. «Շատ լավ պրակտիկա է, այն կիրառվում է ամբողջ աշխարհում, դրանով աշխատելով «Բոինգը» մեկ ամսում արտադրում է 48 ինքնաթիռ, Ռուսաստանն առանց այդ պրակտիկայի՝ 4 ինքնաթիռ։ ԱՄՆ-ը արտադրում է գրեթե 10 միլիոն ավտոմեքենա, մենք՝ միլիոնից մի քիչ ավելի։ Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս այս պրակտիկային»։

Սամարայի նահանգապետը հիացած էր ՀՀ կառավարության ընդունելությունից եւ ձեռք բերված պայմանավորվածություններից ու չէր թաքցնում իր սերն առ հայաստանյան հեռանկարներ եւ այստեղից՝ դեպի Իրան եւ Կովկաս հնարավոր շուկաների նվաճումներ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Այնուամենայնիվ, քաղաքական հարցեր եւս եղան։ Ս. Վ. Ստեպաշինին աշխատանքից ազատելու մասին հարցին պարոն Տիտովը պատասխանեց այնպես, որ ոչ խորովածը վառվի, ոչ շամփուրը, մասնավորապես ասելով, թե ՌԴ նախագահը օգտագործել է Սահմանադրությամբ տրված իրավունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031