«Առավոտին» հայտնի դարձավ, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը։ Նշենք, որ Ալբերտ Հերոյանի, Կամո Արեյանի, Կարեն Ճշմարիտյանի եւ մի շարք այլ թեկնածություններ թեեւ քննարկվում էին, բայց, հավանաբար, չհամապատասխանեցին ինչ-ինչ պահանջների։ Քաղաքապետ նշանակելու մասին նախագահի հրամանագիրը կհրապարակվի, ըստ ամենայնի, այսօր կամ վաղը։ Նշենք, որ մեր իմացած թեկնածուն համեստ եւ պարկեշտ մարդ է։
ՈՒՍ-ՈՒՍԻ ՏՎԱԾ, ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հանձնաժողովում շատ անկաշկանդ մթնոլորտ է. երեկ ԱԺ միջանցքում երիտասարդ սիրահարների նման ձեռք-ձեռքի տված, դանդա՜ղ քայլում էին Հակոբ Հակոբյանը (մականունը ստիպված ենք նշել՝ տարբերակելու համար՝ Լեդի Հակոբը) եւ Արմենակ Արմենակյանը։ Պատկերը իրո՛ք սրտառուչ էր։
Կարդացեք նաև
Լիլիթ Ավագյանի ֆոտոռեպորտաժը ԱԺ-ից՝ էջ 4։
ՖԻԴԱՅԻՆԵՐԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴԻՐԸ
ԵԿՄ-ն առաջարկել է ՊՆ փոխնախարար Աստվածատուր (Ալավերդի) Պետրոսյանին՝ առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում։ Սա նշանակում է, որ երկրապահները մտադիր են գրավել գործադիր ոլորտները։ Դրանից առաջ պետական եկամուտների փոխնախարար էր նշանակվել Գագիկ Գեւորգյանը։
Ո՞ՒՄ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՀՅԴ
Խիստ մտահոգ ՀՅԴ-ի վարկով՝ «ՀՅԴ Արագածի կոմիտեի ներկայացուցիչ, դեռեւս դաշնակցական» Աշոտ Հակոբյանը «Առավոտի» նախորդ համարում անխղճորեն քննադատել էր մեկ այլ դաշնակցականի՝ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի, գործունեությունը։ Սակայն «Առավոտին» հայտնի դարձավ պարոն Հակոբյանի «մտահոգության» իրական պատճառները. պարզվում է, որ նա չի ներել Հրայր Կարապետյանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է աշխատանքի տեղավորել Աշոտ Հակոբյանի եղբորը։