Ինչպե՜ս է թռչում ժամանակը։ Միանգամայն անսպասելիորեն ծանոթ-բարեկամներիցս մեկը հիշեցրեց, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների համագումարի աշխատանքի վերսկսմանը երկու ամիս է մնացել։ Բնականաբար, հիշեցրեց ոչ թե անձնական հեռախոսազանգով, այլ լրագրային պատկառելի մի հոդվածով՝ քրեական օրենսգրքին համահունչ հոդվածի աներկբա հիշատակմամբ։
Սույն քաղաքացիական կոչը «Նովոյե վրեմյա» թերթում հայտնվեց 29.07.99 թ.՝ «Ահա այսպիսի Պյերլեկինո» վերնագրով, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամ Սերգեյ Առուստամյանի ստորագրությամբ։ Ինչո՞ւ ստորագրությամբ։ Գուցե այն բանի համար, որ չես ուզում հավատալ ստորագրության հավաստիությանը։ Գուցե ազգանվանակի՞ց է։ Վատագույնը ենթադրենք, հոդվածը իսկապես գրել է «Երեւան» ստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ս. Առուստամյանը։ Վարպետորեն է գրված, ինչպես ասում են՝ գործի խոր իմացությամբ։ Դեռեւս, բարեբախտաբար, ոչ քրեական գործի։ Թեեւ հեղինակային կամային ճնշման տակ ծնված «պատրաստի վարկաբեկիչ նյութը» «մարմինների» գիրկն է մղվում։ Խեղճ «համապատասխան մարմիններ»։ Տասնամյակներ շարունակ գտնվել են մարդիկ, որոնք կարծում էին, թե «մարմիններն» ամեն ինչ կմարսեն։ Թվերի թեթեւակի լարախաղացություն, փաստերի կամայական մեկնաբանություն, մի երկու մեջբերում «պատահական տուժողների» կողմից եւ ահա՝ տրտմություն առ այն, որ ստիպված ենք նույն մոլորակի վրա ապրել նման ժողովրդի թշնամու հետ։ Ապա, ենթադրվում է, որ կսկսի աշխատել մեքենան։
Հավանաբար, ես ճկում եմ միանգամայն բարեկամաբար մեկնված փայտիկը։ Հեղինակը նման վրիժառու նպատակներ չունի։ Պարզապես որոշել է մի քիչ ցեխի մեջ մտցնել «Երեւան» ստուդիայի ռեժիսոր Տիգրան Խզմալյանին։ Մի փոքր սթափեցնելու համար, ախր, շատ է լկտիացել, հաշվի չի նստում հեղինակությունների հետ։
Ստիպված ենք մի փոքր էքսկուրս կատարել եւ վերհիշել հունիսի 17-ին կայացած կինեմատոգրաֆիստների արտահերթ համագումարը։ Ավելի ճիշտ՝ չկայացած։ Քանի որ այն կարողացան ֆարսի վերածել։ Հենց այդ ժամանակ էլ Խզմալյանի հնչեցրած ծրագրի դեմ դուրս հորդեց դեմագոգիայի եւ վիրավորական մեղադրանքների էժանագին բուռն հոսանքը։ Որպես թիրախ օգտագործվեցին միության առավել ակտիվ անդամները, որոնք համարձակություն ունեցան կասկածի տակ առնելու գործող ղեկավարության ունակությունը՝ կինեմատոգրաֆիստների միությունը լճացումից դուրս հանելու եւ իրենց՝ կինեմատոգրաֆիստների առաջարկած միջոցներով փրկելու մահացող կինեմատոգրաֆը։ Տիգրան Խզմալյանն այդ օրը «պատիվ ունեցավ» վարկաբեկվելու Հայկինոյի որոշ «երեւելիների» կողմից։
Կարդացեք նաև
Բայց, ինչպես հայտնի է, լավը շուտ է ավարտվում։ Ավարտվեց նաեւ համագումարը։ Շարունակությունը տեղափոխեցին այս տարվա նոյեմբերի սկիզբը։ Սակայն առաջարկություն հնչեց գոնե այս միջոցում մամուլում չիջնել փոխադարձ վիրավորանքների ու մեղադրանքների աստիճանի։ Երկու ամիս պահպանվեց խաղաղության համաձայնագիրը։ Եվ ահա, այն խախտվել է։ Առուստամյանը որոշեց մարտի նետվել։ Թող գիտենան, որ դեռեւս վառոդ կա վառոդամանում։ Իհարկե, ոչ թե ֆիլմերի նկարահանման համար։ Այլ որպեսզի գործընկերոջը կարողանա փոշի դարձնել։
Ի՞նչ վատ բան կա։
Իսկ դա անօրեն խաղի ոչ առաջին դասն է, որ իրենց կրտսեր գործընկերներին են տալիս որոշ մարդիկ՝ նախկինում հարգարժան կինեմատոգրաֆիստները։ Ուսուցանում են, ինչ կարող են։ Դրա համար էլ ենք շնորհակալ։ Եվ այսպես, ավարտվեց մեծ խաղաղությունը։ Սկսվեց վհուկների որսը։ Այստեղ արդեն պետք է գիտենալ, թե ով ինչ արյուն ունի։ Գրեթե այնպես, ինչպես ջունգլիներում։ Գործը կինոն չէ, երբ ջունգլիներում մեծ որս է գնում։ Հատկապես երբեք էլ չեն հարգել նկարահանող ռեժիսորներին։ Թերեւս, միայն խժռելու համար են նրանք պետք։
Քիչ էր մնում մոռանայի. «Մենք նույն արյունը չունենք»։
ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ