Խորն ու հին են ընկճախտի արմատները հայ իրականության մեջ։ Փոքր Մհերի Ագռավաքար մտնելը, Անուշի ժայռից ներքեւ ցատկելը, Սամվելի ողբերգությունը, Օ՜Ջալոյանցի մրսելը… Որ մեկը հիշես… Բանը բանից անցավ, եւ հայի աչքերը դարձան այնքան տխուր, որ նրանց անհուն խորության մեջ նայող այլազգիների մոտ էլ սկսեց ընկճախտ առաջանալ։ Հիշենք թեկուզ Պետրոսյան-Սպասսկի, Կարպով-Կասպարով մրցամարտերը։ (Կարդա՛-Օ՜Ջալոյանց՝ «Ցայտնոտը աննկատ մոտեցավ, չնայած երեւում էր հեռվից»)։ Իսկ ընկճախտը խորացավ եւ վերածվեց համամարդկային պանդեմիայի։ Անկումային արվեստ եւ գրականություն, հեղափոխություններ, համաշխարհային պատերազմներ, միաձայն ընտրություններ… Մարդկությունը, ինչպես միշտ, վտանգի տակ էր։
Ժամանակակից գիտությունը առաջարկում էր վերականգնել Հայաստանի բլոկադան եւ պարտադրել բոլոր հայերին սեւ ակնոցներ կրել։ Մշակույթի նախարարության հրահանգով Նկարիչների միությանը կից ստեղծվեց աշխատախումբ՝ ականավոր հայ գործիչների դիմանկարներին սեւ ակնոցներ ավելացնելու գծով։ Մի խոսքով՝ սկսվե՛ց…
Այս օրհասական պահին, վերջին հայ մոհիկան Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանը, հանուն մեր փրկության, դավաճանեց «Իմաստունները չեն գրում» կարգախոսին եւ «Սույնով կբուժենք» հոդվածով հանդես եկավ ԱԲՇ* «Նորից Բաբելոն» օրաթերթի էջերում։ Ձեզ ենք ներկայացնում հատվածներ այդ պատմական հրապարակումից.
«Դեռ Հիպոկրատի եւ Ամիրդովլաթի ժամանակներից հայտնի է, որ հիվանդին պետք է բռնաբարել անկողնում, քանզի եթե վեր կացավ, նա՛ քեզ կբռնաբարի։ Ուրեմն խեղդե՛նք ընկճախտը բարուրում։
Կարդացեք նաև
Ձեզ եմ ներկայացնում մի հին դեղամիջոց եւ դրա կիրառման ժամանակակից ձեւը։ Ինչ-որ հրաշքով Իջեւանից բերել ես տալիս 3 լիտր հոնի օղի։ Խմում ես այնքան, որ մատնահետքերդ փոխվեն։ Գործողությունը պետք է կատարվի ՆԳՆ փորձագիտական լաբորատորիայում, որեւէ սպայի աջալուրջ հսկողության տակ։ Յուրաքանչյուր 0,5 լիտրը մեկ կատարվում է մատնահետքերի օպերատիվ ստուգում, մատնահետքի փոխվելուն պես դու արդեն առողջ ես, քանի որ դա արդեն դու չես։ Հետագա հսկողությունը հանձնարարվում է թաղային տեսուչին։ Ընկճախտի ախտանշանների երեւալուն պես (տխուր ժպիտ, բողոք էլեկտրաէներգիայի սակագներից) խորհուրդ է տրվում բուժումը կրկնել»։
Հանճարեղը միշտ պարզ է լինում։ Ամեն պարզը չէ, որ հանճարեղ է։ Եթե ասվածը ձեզ համար պարզ է, հոտնկայս խմենք հանճարեղ մարդու՝ Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանի կենացը։
Ռ. ԶԱՀՐՈՒՄՅԱՆ
* ԱԲՇ- Ազգային բրոունյան շարժում, դարի հիմնական կուսակցությունը։