Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԱ ՈՎ Է ՊԱՇՏՊԱՆԴ

Օգոստոս 07,1999 00:00
iravunq

Ասեմ՝ պաշտպանական իրավունքդ հարգվո՞ւմ է, թե՞ ոչ

Քրեական դատավարական իրավունքի գիտության ուսումնասիրության կարեւոր ինստիտուտներից է հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի պաշտպանական իրավունքը, որն ամրագրվել է ինչպես մեր հանրապետության հիմնական օրենքում, այնպես էլ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ դրույթներում։

Այսպես, Սահմանադրության 40 հոդվածում սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք։ Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 19 հոդվածում որպես սկզբունք նշվում է, որ կասկածյալն ու մեղադրյալը ունեն պաշտպանության իրավունք, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին եւ մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները եւ ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից՝ նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը։

Տեսական եւ գործնական առանձնակի նշանակություն ունեն պաշտպանական իրավունքից բխող հետեւյալ հարցերը.

– Քրեական գործի վարույթի ո՞ր պահից է հնարավոր պաշտպանի մասնակցությունը։

– Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպան ունենալու ցանկության իրավական կարեւորությունը։

– Պաշտպանի պարտադիր մասնակցության վերաբերյալ օրենքի պահանջների հնարավոր խախտումները։ Կոնկրետ քրեական գործի վարույթին կամ քննությանը պաշտպանի հնարավոր մասնակցության պահը նախ որոշվում է նրանով, թե գործով կա՞ կասկածյալ, թե՞ ոչ։ Ընդ որում, կասկածյալ է այն անձը, որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով կամ որի նկատմամբ մինչեւ մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացվել։ Անձի՝ որպես կասկածյալի, գոյությունը թեեւ անհրաժեշտ, բայց բավարար իրավաբանական պայման չէ պաշտպանի մասնակցության համար։ Պետք է առկա լինի նաեւ պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող եւ ՀՀ քր. դատ. օր.-ի 69 հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ հանգամանք, օրինակ՝ մեղադրյալի ժամկետային զինծառայող կամ անգործունակ լինելը։ Նշված հանգամանքների պայմաններում պաշտպանի մասնակցությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը։

Պաշտպանը ձեռնամուխ է լինում կասկածյալի շահերի պաշտպանությանը՝ վերջինիս ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելու պահից։

Եթե քրեական գործում չկա կասկածյալ եւ գործի փաստական տվյալների հիմքով կայացվել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում՝ կոնկրետ անձի նկատմամբ, ապա վերջինի՝ որպես մեղադրյալի, շահերի պաշտպանությանը, փաստաբանը ձեռնամուխ է լինում նշված որոշումը տվյալ անձին հայտարարելու կամ մեղադրանքը առաջադրելու պահից։ Պաշտպանի մասնակցությունը քրեական գործին իրականացվում է երկու կարգով՝ հրավիրմամբ եւ նշանակմամբ։ Առաջին կարգը գործադրվում է, երբ պաշտպանի մասնակցության ապահովման նախաձեռնությամբ հանդես են գալիս կասկածյալը, մեղադրյալը կամ նրանց օրինական ներկայացուցիչները, կամ նրանց խնդրանքով (համաձայնությամբ)՝ այլ անձինք։ Երկրորդ դեպքում, գործով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, սակայն առաջին տարբերակը չի օգտագործվում, եւ քրեական վարույթն իրանակացնող մարմնի պահանջի հիման վրա ՀՀ փաստաբանների միությունը որեւէ փաստաբանի է նշանակում որպես կոնկրետ գործով կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպան։

Պաշտպանական իրավունքի տեսանկյունից կարեւոր է այն, երբ կասկածյալը կամ մեղադրյալը ցանկություն է արտահայտում ունենալ պաշտպան, ինչը օրենքով նախատեսված այլ հանգամանքների հետ մեկտեղ դիտվում է որպես պաշտպանի պարտադիր մասնակցության պայման եւ, փաստորեն, ցանկացած գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի համար ստեղծում է պարտավորություն՝ ապահովել պաշտպանի մասնակցությունը նման ցանկություն հայտնելու պահից։ Սակայն դա, պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող մյուս հանգամանքների համեմատությամբ, ունի այն իրավաբանական տարբերությունը, որ երբ կասկածյալը կամ մեղադրյալը արդեն նշանակված պաշտպանից հրաժարվելուց հետո են արտահայտում նման ցանկություն, ապա վերջինս չի կարող քրեական վարույթն իրականացնող մարմնի համար առաջացնել հիշյալ պարտավորությունը։ Օրենքի վերջին դիրքորոշումը (ՀՀ քր. դատ. օր.-ի 69 հոդվածի երրորդ մաս) հակասում է այն դրույթին, որ պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալը իրավունք ունի քրեական գործի վարույթի ցանկացած պահի փոխել իր վերաբերմունքն այդ կապակցությամբ, այսինքն՝ դարձյալ պաշտպան ունենալու ցանկություն արտահայտել (Քր.դատ.օր. 72 հոդվածի չորրորդ կետ)։

Գործող քրեադատավարական իրավունքը նախկինի՝ խորհրդայինի, համեմատությամբ առավել ամբողջական է արտահայտում հանցագործության կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի պաշտպանական շահը։ Սակայն այս կապակցությամբ վերջին խոսքը դատադատախազաքննչական պրակտիկայինն է, որն ունի կարճատեւ պատմություն, եւ առայժմ վաղ է նրա տվյալներից օգտվել։ Բոլոր դեպքերում, պաշտպանի պարտադիր մասնակցության վերաբերյալ օրենքի պահանջների, լայն իմաստով՝ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանական շահի հնարավոր խախտումները բացառելու իմաստով հարկ է քրեական վարույթն իրականացնելու իրավասու պաշտոնատար անձանց եւ փաստաբանական միությունների ղեկավար մարմինների ուշադրությունը հրավիրել հետեւյալ երկու հանգամանքների վրա.

– Պաշտպանական իրավունքի քրեադատավարական ինստիտուտի լիարժեք կիրարկումը ապահովելու համար անհրաժեշտ է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման որոշումը (կամ արձանագրությունը), նաեւ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը համապատասխանաբար կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարելիս նրանց բացատրի ոչ միայն պաշտպան ունենալու իրավունքը, այլեւ պաշտպան ունենալու՝ նրանց ցանկության իրավական կարեւորությունը, ինչը պետք է բերվի արձանագրային տեսքի։

– Հասարակությունը եւ, մասնավորապես, մամուլը պաշտպանական իրավունքի խախտման մեջ, որպես կանոն, մեղադրում են իրավապահ մարմիններին, անգամ չկասկածելով, որ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանական շահը ավելի հաճախ խարխլվում է այնպիսի փաստաբանների աշխատանքով, որոնք կամ հակում չունեն նվիրվելու պաշտպանյալի համար արդյունավետ աշխատաոճի, կամ ունեն նման ձգտում, բայց չեն տիրապետում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների կամ պաշտպանական տակտիկայի։ Նման երեւույթները բացառելու առումով գործող քրեական դատավարական իրավունքը ոչինչ անել չի կարող, քանի որ, ի տարբերություն Խորհրդային քր.դատ.օր.-ի 521 եւ 126 հոդվածների՝ չի նախատեսում անձեռնհասությունը՝ որպես պաշտպանի բացարկման հիմք։

Ուստի խնդրի լուծման պարտավորությունը դրվում է Փաստաբանների միության մարմինների վրա, որոնք պարտավոր են արդյունավետ կազմակերպել իրենց անդամների ուսուցումը եւ վերապատրաստումը, ինչպես նաեւ անհատական մոտեցում ցուցաբերել պաշտպան նշանակելիս՝ ելնելով քրեական գործի մասնագիտական բարդությունից, փաստաբանի իրավագիտական պատրաստվածության ու պաշտպանական տակտիկայի որակից եւ ոչ երբեք՝ կասկածյալի կամ մեղադրյալի հեղինակությունից, վճարունակությունից եւ փաստաբանի «արժեքային» կողմնորոշումներից։

ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031