Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՔՆՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 07,1999 00:00
usucich

Ամեն անգամ, երբ մամուլում, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հանդիպում եմ հիշյալ հարցերին վերաբերող ելույթների կամ հրապարակումների, ցանկություն է առաջանում գրիչ վերցնել, ժխտել կամ հաստատել դրանք, վերաջապես՝ տալ որոշ պարզաբանումներ։ Հետո այդ օրախնդիր հարցը մոռացվում է, մարում է նաեւ անդրադառնալու ցանկությունը, եւ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր։

Սակայն վերջերս «Առավոտ» օրաթերթի հուլիսի 26-ի համարում, կարդալով լրագրող Նաիրա Հովհաննիսյանի «Քննությունների «լուրջ» կողմը» հոդվածը, ուր փորձ էր արվում գնահատել ընդունելության քննությունների ընթացքը, որոշեցի, որ լռելն արդեն ճիշտ չի լինի։ Լրագրողուհին բարեխղճորեն վերարտադրում է հայոց լեզվի առարկայական հանձնաժողովներից մեկի նախագահ Ս. Գրիգորյանի տված պատասխաններն իր հարցերին, որոնք հետագայում կրկնվեցին նաեւ լրատվական այլեւայլ միջոցներով։ Հարգելի նախագահը, ելույթից-ելույթ, հարցազրույցից-հարցազրույց արդեն երկու տարի է շրջանառության մեջ է դնում դատողություններ, որոնք, մեղմ ասած, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ չեն օգնում վերացնելու ընդունելության քննություններում տեղ գտած թերությունները, ավելի կոնկրետ՝ չեն նպաստում հայոց լեզվի հարցարանների կատարելագործմանը։ Եվ քանի որ ես եղել եմ ոչ միայն այդ հարցարանի կազմողներից, այլ նաեւ խմբագիրներից մեկը, ուստի դրանց որակի, տեղ գտած սխալների ու վրիպակների մասին եղած դիտողությունները չեմ կարող անտարբերությամբ շրջանցել, առավել եւս՝ երբ դրանք անարդար են (թեկուզեւ բխում են անտեղյակությունից կամ չիմացությունից)։

Այն բանից հետո, երբ բուռն վեճերի արդյունքում հաղթեց հայոց լեզվի քննությունը հարցարանների միջոցով անցկացնելու գաղափարը, ասպարեզ եկան մի շարք հարցարաններ։ Ասպարեզ եկան նախ Վ. Համբարձումյանի, ապա՝ Լ. Եզեկյանի ղեկավարությամբ կազմված ժողովածուները։ Վերջինիս աշխատակցում էի նաեւ ես։ Այդ հանձնաժողովը կրում էր «ՀՀ կրթություն եւ գիտության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի տեսչության միացյալ հանձնախումբ» անվանումը։ Շտապողականության պատճառով ժողովածուն լույս տեսավ մի շարք թերություններով ու սխալներով։ Սակայն հաջորդ՝ 1997 թ. ժողովածուն չվերահրատարակվեց, իսկ մեր կատարած հարյուրից ավելի ուղղումներն ու ճշգրտումները մտցվեցին 1998 թ. լույս տեսնող տարբերակի մեջ։ Ցավոք, առանց հանձնաժողովի նախագահ Լ. Եզեկյանին տեղյակ պահելու, շրջանցելով նախարարությանն ու առհասարակ բոլոր համահեղինակներին, Լեզվի տեսչության աշխատակից Հ. Զաքարյանը, իրեն ինքնագլուխ հռչակելով «բարեփոխված հրատարակության խմբագիր», կատարել էր ոչնչով չարդարացված միջնորդություններ եւ «ուղղումներ»՝ «սրբագրելով» նույնիսկ… Չարենցի բնագրային օրինակները։ Սակայն ամենավնասակարն այն էր, որ նա խախտել էր 4-րդ հարցաշարի հիմքում ընկած կարեւոր սկզբունքը՝ բացթողված բառերի ելակետային ձեւերի մասին, որի հետեւանքով շատ դեպքերում խախտվում են միարժեք պատասխանները, ստեղծվում անհարկի զուգաձեւություններ։ Այլ կերպ ասած՝ նախապես այս վարժությունը հղացվել էր այնպես, որ եթե պահանջվում է տեղադրել չի մոտեցվելու բառաձեւը, ապա իբրեւ ուղիղ ձեւ պետք է տրվի չմոտեցվել բայը եւ ոչ թե՝ մոտենալ։

Այս բոլորին, թեկուզ թռուցիկ, հարկ համարեցի անդրադառնալ, որպեսզի պարզ դառնա, որ հիշյալ աշխատանքները կատարվել են համակարգված կերպով, թեեւ լեզվական փաստերը հաճախ ինքնին հակասական լինելով, բացառում են միարժեք պատասխանները։

Այդ առումով զարմացնում է հիշյալ հարցազրույցում Ս. Գրիգորյանի հետեւյալ պնդումը. «Այդ շտեմարաններն արդեն չորրորդ տարին է, օգտագործվում են, չնայած, երբ 1996 թ. այն հրատարակվեց, մենք կարծում էինք, որ միայն այդ տարվա համար է։ Այդքան քննադատում ենք, բայց էլի շարունակում ենք դրանցով քննություններ անցկացնել»։

Հետաքրքիր է, ո՞ւմ նկատի ունի մենք ասելով, այդ որտե՞ղ են քննադատել, ի՞նչն են քննադատել, երբ պատրաստի մատուցված հարցարանները մասնուսի (ռեպետիտորության) բովով անցկացնելով՝ իրենք կարգին չեն հասցրել յուրացնել, բայց արդեն գրավորներ են ստուգում, մարդկանց ճակատագրեր են տնօրինում…

Նույն հարցազրույցում նա ասում է. «… Վերջերս մամուլում մի ակնարկ կար, որ գնահատելիս հանձնաժողովների նախագահները շատ հաճախ իրենց ճաշակով են առաջնորդվում։ Ես մի բան հաստատ կարող եմ ասել, որ երբեք այդպիսի բան չեմ արել։ Ես իբրեւ մասնագետ, դասախոս՝ ունեմ առաջադրանքի իմ լուծումը, բայց ստուգելիս միշտ դիմորդի տեսանկյունից եմ նայում…»։ Ցավն այն է, որ իրականում գործում է հակառակ սկզբունքը. «Ես այսպես եմ ճիշտ գտնում»։ Նշենք բազում օրինակներից միայն մեկը. ընդհանուր ենթակայով դերբայական դարձվածի դեպքում ընդունված է երկակի կետադրություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը։ Այսպես՝ «Ձին, երկու ոտքերի վրա ծառս լինելով, խրխնջաց»։ Հիշյալ նախադասությունը կարող է կետադրվել նաեւ՝ «Ձին երկու ոտքերի վրա ծառս լինելով՝ խրխնջաց»։ Զուգաձեւությունը պայմանավորված է նրանով, որ ենթական՝ ձի բառը, հավասարապես կարող է կապվել ե՛ւ ծառս լինելով-ի, ե՛ւ խրխնջաց բառի հետ, ուստի ընդունելի են երկու տարբերակներն էլ։

Բայց թե այս վերջին երկու տարիներին մեր ձեռքն ընկան մի շարք գրավոր պատճեններ, որոնցում բութով տարբերակը համարված էր սխալ։

Շատ հաճախ բացարձակորեն հնարավոր չէ հետադաս տրոհվող որոշիչը տարբերել ձեւի պարագայից. այստեղ եւս հնարավոր է զուգաձեւ կետադրություն, բայց մեր ստուգողները գերապատվությունը տալիս են տարբերակներից մեկին, նայած, թե ձեռքի տակ եղած շաբլոնում ինչ է նշված։ Երրորդ հարցաշարը պահանջում է որոշ ստեղծագործական մոտեցում՝ կազմել նախադասություններ, բառերն օգտագործել համապատասխան կապակցությունների մեջ եւ այլն։ Նման վարժությունները իսպառ հանված են հարցատոմսերից՝ պատրվակելով, թե դրանց միարժեք գնահատելը դժվար է։ Մինչդեռ հենց այս կարգի վարժությունների լուծման մեջ է երեւում դիմորդի՝ կապակցված խոսք կազմելու կարողությունը եւ ստուգողի լեզվիմացությունն ու հմտությունը։

Այն, որ գրականագետներն էլ, ի վերջո, բանասերներ են եւ գոնե ընդունելության քննության հարցաշարերը ի վիճակի են լուծելու, կասկած չի հարուցում։

Մենք ճանաչում ենք բազմաթիվ օժտված գրականագետների, որոնք նույնքան հմուտ են լեզվի հարցերում։ Բայց, առիթի դեպքում, ծանոթանալով գրավորների պատճեններին՝ ակամա հակվում ենք այն մտքին, որ հանձնաժողովներում ընդգրկված են ո՛չ այդ կարգի գրականագետները, եւ ոչ էլ՝ ամբիոնների առաջատար լեզվաբանները։ Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ այս տարվա հանձնաժողովներում քիչ չեն մարդիկ, որոնք դպրոցական թելադրությունն անսխալ չեն կարողանա գրել։

Ամենից ավելի քիչ կցանկանայինք ընդունելության քննությունների այս թեժ պահին կրքեր բորբոքել, անվստահություն սերմանել քննությունների արդյունքների վերաբերյալ, բայց սխալ ստուգված եւ գնահատված գրավորների աննախադեպ աճը ստիպում է մեզ հանրության ուշադրությունը հրավիրել հիմնահարցի վրա։

Նախ ասեմ, որ մենք այն կարծիքին չենք, որ բոլոր դեպքերում առկա է միտում։ Հիմնականում խոսքը խոտանի մասին է, որն արտահայտվում է զուգաձեւություններից մեկին առավելություն տալով, ակնհայտ վրիպակը ուղղագրական սխալ համարելով, ջնջումների թիվը արհեստականորեն ավելացնելով, ավելի սակավ դեպքերում դիմորդի ճիշտը սխալ դարձնելով, մեկ կամ մի քանի ուղղագրական սխալները չնկատելով եւ այլն։ Այս ամենը հավասարապես վերաբերում է հայոց լեզվի զույգ հանձնաժողովներին։ Այսպես, առաջին հանձնաժողովում ստուգողը 1 միավոր է հանել ընդարձակ բառի ընդարդակ գրության համար, որն ակնհայտ վրիպակ է։ Զգալով իր ուղղման խախուտ լինելը՝ ստուգողը մի այլ բառի մեջ օղակի մեջ է առել «ձ» տառը՝ հասկացնել տալու համար, որ իր կարծիքով սխալը գալիս է «դ»-ի քմայնացած արտասանությունից։ Ցավն այն է, որ «դ»-ն քմայնանում է միայն «ի»-ից եւ «յ»-ից առաջ (Էձիկ, ձիրեկտոր), ուստի նշումը ոչ մի կապ չունի իրականության հետ, բայց հանվել է մեկ միավոր եւ չի վերագնահատվել բողոքարկման ընթացքում։

Նման դեպքերում փորձված միջոց է ջնջումների համար կես միավոր հանելը։ Իսկ ի՞նչ անել, եթե ջնջումների թիվը չի հասնում հինգի։ Այդ դեպքում, զինվելով խոշորացույցով, կարելի է «ղ» եւ «շ» տառերի նմանությունը պատրվակելով՝ լրացնել անհրաժեշտ թիվը եւ հանել տուգանային միավորը (1-ին հանձնաժողով)։

Բայց, իհարկե, սխալ ստուգումների գլուխգործոցը պատկանում է երկրորդ հանձնաժողովում ստուգված մի գրավորի, որը գնահատվել է 18 միավոր, թեեւ նրանում, բացի նշված սխալներից, առկա են նաեւ 3 (երեք) կոպիտ ուղղագրական եւ 2 կետադրական սխալներ։ Արձակելով գրված է «ծ»-ով (արծակելով), շառաչյուններ գոյականը գրված է առանց «յ»-ի, ընդամենը բառը գրված է «հ»-ով՝ ընդհամենը։ Այս ամենի պատճառով աշխատանքը չորս միավոր ավելի է գնահատվել։ Այս ամենն այնքան արտառոց է, որ կարող էր անհավատալի թվալ, եթե տակը չլիներ նախագահի ստորագրությունը։ Իբրեւ աշխատանքների ստուգման լավագույն որակի ապացույց՝ մամուլում սովորաբար բերվում են վիճակագրական տվյալներ. այսքան տոկոսը բողոքարկել են, բարձրացել է այսքան նիշ (շատ քիչ), իջել է՝ այսքան (ահագին. դե, համարձակվեք բողոքարկել)։ Այսպիսով, ամեն բան լավ է, ամեն ինչ նորմալ է։ Այնինչ, սխալ է բուն բողոքարկման մեխանիզմը. որոշումը կայացվում է կոնսենսուսով, այսինքն՝ բողոքարկող հանձնաժողովը իրավասու չէ ինքնուրույն վճիռ կայացնելու, որոշումը պետք է կայացվի առարկայական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ։ Այստեղից էլ անպտուղ ու երկար-բարակ վեճերն ու խոսակցությունները։ «Համազգեստի պատիվը» թույլ չի տալիս ստուգողին ընդունելու իր սխալը, եւ այս դեպքում բողոքարկողն անզոր է։

Մեր կարծիքով, ստուգողներն անհամեմատ լուրջ եւ պատասխանատվությամբ կմոտենան իրենց պարտականություններին, եթե իրենց ապահովագրված չզգան ապագա ստուգումներից։ Դրա համար առաջարկում ենք, որ նախարարությունը քննություններից հետո կազմի որակյալ մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որն առանց արդյունքները հրապարակելու, «ներքին օգտագործման» համար կատարի գրավորների ընտրովի ստուգումներ՝ ունենալու համար ճշգրիտ պատկերացում այս կամ այն հանձնաժողովի ու նրա անդամի աշխատանքի վերաբերյալ։

ՌՈՒԲԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆ

Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031