Ձեզ հետ չի՞ պատահել գոնե այս ամիս. գնում եք փոստային բաժանմունք՝ ամսվա ընթացքում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելու, ձեզ դեմ են տալիս մի ցուցմունք, որն այնքան էլ չի համապատասխանում ձեր հաշվիչի վրա գրանցված ցուցմունքին։
Տարբերությունն առանձնապես մեծ չէ. ձեզանից պահանջվում է վճարել ձեր ծախսածից ընդամենը 10-15 կվտ/ժամ ավելիի չափով։ Այդ գումարն, իհարկե, չի կորչում, գրանցվում է անդորրագրի վրա եւ հաշվի է առնվելու հաջորդ ամիս կատարվելիք մուծումների ժամանակ։ Այլ կերպ ասած, բաժանորդը չի տուժում։ Թվում է, ոչ մի վատ, անօրինական բան էլ չկա, ինչ կլինի՞ որ. փողը չգնաց կորավ։ Սակայն…
-Դա լուրջ խախտում է,- պարզաբանեց ՀՀ էներգետիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ օպերատիվ հսկողության ծառայության պետ Էդուարդ Սարոյանը։ Այդ մասին բողոքներ նաեւ իրենք են ստացել եւ, ինչպես պրն Սարոյանն էր պնդում, անմիջապես արձագանքել։ Նման դեպքում իրենք բաժանորդին առաջարկում են մուծել փաստացի գումարը։ Իսկ հարազատ բյուջեի ճեղքերով մտահոգ (սեփական կամքով լինի, թե հրահանգով) տեսուչին աշխատանքից ազատում են, քանի որ տվյալ մասնաճյուղի գերածախսի համար բաժանորդը հաստատ պատասխանատու չէ։ ՀՀ էներգետիկայի նախարարություն քաղաքացիները բողոքում են տեսուչների ոչ միայն գերհայրենասեր մղումներից։ Պրն Սարոյանը հայտնեց, որ բնակիչները բողոքում են հիմնականում այն մտահոգությամբ, որ իրենց հաշվիչը շատ ավելի է գրանցում, քան իրենք էներգիա են ծախսում։ Այս դեպքում գործը մի քիչ դժվարանում է, բայց Էդուարդ Սարոյանը պնդում է, որ դա ստուգելու ձեւն էլ են գտել։ Բաժանորդի՝ տանն ունեցած էլեկտրական սարքավորումներով մոտավորապես պարզվում է մեկ միավոր ժամանակում նրա ծախսած էլեկտրաէներգիայի քանակը, ինչի հիման վրա տեսուչն ակտ է կազմում եւ ներկայացնում նախարարություն։ Այն, որ ինչ-որ վերահսկելիություն է համակարգում գործում, իհարկե, խրախուսելի է, բայց թե ինչ կերպ է դա իրականացվում, մի քիչ մտահոգիչ է։
Բնակիչները զանգահարում են նախարարություն՝ վերոնշյալ ծառայության հեռախոսով (այն ավելի հայտնի է «Վստահության հեռախոս» անունով)։ Մեր այն մտահոգությանը, թե դրանից «37 թվի հոտ» է գալիս, պրն Սարոյանն ասաց, թե այնքան էլ այդպես չէ։ Նա էլ համաձայնեց, որ երեւույթն իր բացասական կողմերն ունի՝ այն առումով, որ բնակիչները միմյանց նկատմամբ հսկողություն են սահմանում։ Սակայն սա, ըստ պրն Սարոյանի (ճիշտն ասած, մի քիչ էլ, ըստ մեզ) մի առավելություն ունի, վերահսկողություն «սահմանվում է» նաեւ «արտոնյալ», ավելի ճիշտ, իրեն արտոնյալ զգացող շերտի վրա։ Որպես կանոն, օրինապահ են «հասարակ մահկանացուները», որոնց նյութական ապահովվածությունը շատ հաճախ է հակադարձ համեմատական նրանց օրինապահությանը։ Ստացվում է այնպես, որ իր օգտագործած էլեկտրական հոսանքի համար օրինապահ քաղաքացին վճարում է, ոչ օրինապահը՝ ոչ այնքան։ Արդյունքում օրինապահը վճարում է նաեւ վերջինիս համար։ Ինչպես բնութագրեց պրն Սարոյանը, այս հանգամանքը վիրավորում է հարեւանների քաղաքացիական արժանապատվությունը եւ որպես փրկության օղակ նրանք դիմում են «վստահության հեռախոսին»։ Բնակչության բողոքները նաեւ ձախ լարանցումներին են վերաբերում։
Կարդացեք նաև
Պրն Սարոյանը ցույց տվեց հեռախոսազանգերի հիման վրա կազմված գործերը, որոնցում հասցեներով նշված էին ձախ լարանցումների բազմաթիվ դեպքեր։ Դրանք մեծ մասամբ ստուգումներով հաստատվել էին, իսկ այդ լարանցումները «դասավորած» կամ «չնկատած» տեղամասային տեսուչներն այլեւս գործազուրկ են։ Մասնաճյուղերից մեկը նույնիսկ 200 հազար դրամի տուգանք է ստիպված եղել վճարել։ Այստեղ են ասում. կաթիլ-կաթիլ հավաքածը հեղեղի նման է գնում։
Բայց, ինչպես եւ կարելի էր ենթադրել, զանգերն ավելի շատ խնդրանք են՝ զիջելու կամ գոնե հետաձգելու ծախսած էներգիայի դիմաց կուտակված պարտքի վճարումը։ Նախարարության աշխատակիցները փորձում են բացատրել, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը իրենց իրավասությունների մեջ չի մտնում։ Սակայն մի ելք, այնուամենայնիվ, առաջարկում են. էլեկտրացանցի տեղամասային մասնաճյուղը, իր հայեցողությամբ, մեծ պարտք ունեցող բաժանորդի հետ կարող է պայմանագիր կնքել, ըստ որի, բաժանորդը պարտավորվում է որոշակի ժամանակահատվածում աստիճանաբար մարել պարտքը։ Մասնաճյուղն իր հերթին պարտավորվում է քաղաքացուն չզրկել էլեկտրական հոսանքից։ Չգիտենք «ոչխարների անվնաս եւ գայլերի՝ կուշտ լինելու» այս սկզբունքի արդյունավետությունը, քանի որ ընդհանրապես վճարել կարողացողը այդքան պարտք (90, 100 հազար դրամի հասնող) չէր կուտակի։ Ինչեւէ, դա էլ ելք է։ Սակայն մասնաճյուղն իրավասու է մերժել քաղաքացու նման խնդրանքը եւ նախարարությունն էլ ստիպել՝ իրավասու չէ։ Որ իրավասու չէ՝ հասկանալի է, բայց արդյո՞ք դեմ կլինի առանց իրավունքի ստիպելու։ Էդուարդ Սարոյանը ժխտեց նման փաստի հնարավորությունը, ինչին մեծահոգաբար հավատում ենք (քանի դեռ հակափաստարկները չունենք)։ Այն, որ նախարարության աշխատակիցը քաղաքացուն կարող է վերը նկարագրված տարբերակը հուշել, չի բացառվում, որ կարող է հարուցել մասնաճյուղերի տեսուչների դժգոհությունը կամ հակառակը, վերջիններիս մերժումը նախարարության աշխատակցի սրտով չլինի։ Պրն Սարոյանը մերժման դեպք չհիշեց եւ փաստեց նախարարության աշխատակիցների եւ տեսուչների բարեկամական ջերմ հարաբերությունները, սակայն չփաստարկեց։
Երբեմն «Վստահության հեռախոսից» «օգտվում են» նաեւ պարզապես չարամիտ զրպարտիչները, որոնց հայտնած բողոքները ստուգումներով չեն հաստատվում։ Այնպես որ, այս առումով կատարելագործվելու տեղ կա, ինչը չժխտեց նաեւ պրն Սարոյանը։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ