Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցերեկը՝ դաշտում, գիշերը՝ ցույցում

Օգոստոս 07,1999 00:00
gyux

Արմավիրում սոցիալական բունտի հնարավորությունը հետզհետե մեծանում է։ Ամառը գյուղացիության համար ինքնադրսեւորման ամենալավ շրջանն է։ Գյուղացիները սիրում են կրկնել, թե. «Ամառվա մեկ օրը տարի է կերակրում»։ Այսինքն՝ տարվա այս շրջանում գյուղացին պետք է աշխատի, որ տարվա մյուս ամիսներին կարողանա ապրել (այսինքն՝ չմեռնել), որ մյուս ամառ շարունակի աշխատել։

Սակայն փոխանակ իր ամենօրյա գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու, իր հողը ջրելու, հասունացած բերքը հավաքելու եւ վաճառելու, գյուղացիությունը ստիպված է լինում պայքարել ղեկավարության՝ տեղական իշխանությունների, անօրինականությունների եւ անգործության դեմ։ Դեռ չէին հանդարտվել հայկական գյուղի գյուղացիների բուռն ցույցերը մարզպետ Հերոյանի դեմ, որի որոշմամբ դաշտերից գողացվում էր այս գյուղացիներին վարձակալմամբ տրված հողերի բերքը, երեկ գիշերվա ժամը 10-ն անց կեսին մարզպետարանի շենքը շրջապատել էին նախկին Բաղրամյանի Արեւադաշտ գյուղի մոտ 30 գյուղացիներ։ Հասկանալի է, որ այդ ժամին մարզպետ Հերոյանը իր աշխատասենյակում չէր եւ ինչ-որ տեղ հանգստանում էր օրվա ծանր աշխատանքից հետո։ Գյուղացիների հիմնական բողոքը ջրի բացակայությունն է։ Նրանք գարնանից մշակել են հողը, ծախսել հսկայական միջոցներ, իսկ այսօր այդ դաշտերը չորանում են ամռան այրող արեւի եւ ջրի բացակայության պայմաններում։

Գյուղացիները վճռական էին ամբողջ գիշերն անցկացրել մարզպետարանի դիմաց, չնայած հավաքված ոստիկանների հորդորներին, թե՝ գնացեք գյուղ, առավոտյան կգաք, մարզպետն այստեղ կլինի։ Հասկանալով ոստիկանների գիշերը հանգիստ քնելու ցանկությունը, ասենք, որ գյուղացիներն էլ ունեին իրենց հակափաստարկները. «Ինչքան կարող ենք 4400 դրամով բենզին լցնել, գալ այստեղ բողոքելու»: Գյուղացիները բացատրեցին, որ ջրի բացակայության պատճառը խափանված ջրատարն է, որը ոչ ոք չի ցանկանում վերականգնել։ «Այս ղեկավարությունը մի նպատակ ունի, որքա՞ն կարող է՝ քամել գյուղացուն։ Բայց մենք որքան կարող ենք դիմանալ, կաշվից ու ոսկորից բացի, ոչինչ չի մնացել»,- ասում է սմքած ու արեւից սեւացած մի գյուղացի։ «Ամեն օր խոսում են բյուջեից։ Էդ բյուջեն մենակ մեզնով է լցվելու։ Հորթը մորթեցինք, ափսոսացի երեխեքիս համար մի կտոր միս վերցնեմ, ամբողջ փողով հարկ ու տուրք մուծեցի։ Իրենց թողնես մենակ՝ հաստացրած վզերով մեզ հայրենասիրություն սովորեցնեն»,- ասում է մի ուրիշ վրդովված գյուղացի։ Իսկ մի չորացած տատիկ էլ ուղղակի բղավում էր. «Ո՞ւր գնամ, գնամ ի՞նչ անեմ, տեսնեմ, թե ոնց է դաշտն աչքիս առաջ չորանո՞ւմ։ Մինչեւ ջուր չտաք, չեմ գնալու»։

Ընդհանրապես հետաքրքիր հակադրություն էր ստեղծվել։ Մուտքի մոտ կանգնած ոստիկանները կերած-խմած, լիքը երեսներով ու փորերով, մաքուր սափրված դեմքերով եւ անհանգիստ, որ այս մարդիկ եկել, գիշերով իրենց անդորրն են խանգարում, իսկ մյուս կողմում՝ սմքած, արեւից չորացած, աֆրիկյան սեւության հասած, չսափրված ու անհուսորեն մոլորված հայացքներով մարդիկ։

Գյուղացիական դարձած Արմավիրի մարզի նկատմամբ հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել մարզպետ Հերոյանը։ Մի քանի օր առաջ տեղական հեռուստատեսությամբ ելույթ ունենալով մարզպետը հայտարարել է, թե այն մանկավարժները, որոնք չեն մուծի հարկերը՝ կազատվեն աշխատանքից։ «Ամբողջ օրը Բլեյանի մասին եք գրում, թե դպրոցական համակարգը քայքայեց, երեխաներին անգրագետ դարձրեց։ Հերոյանը Արմավիրի գյուղերում մի քիչ էլ մարզպետ մնա, ոչ մի դպրոց չի մնալու։ Ուսուցիչները գյուղի սոցիալապես ամենաանապահով խավն են։ Վարչական միջոցներով էլ միայն նրանց վրա կարելի է ճնշում գործադրել։ Բայց առանց այն էլ գյուղերում ուսուցչի մեծ պահանջարկ կա։ Շատ գյուղերում ստիպված տասներորդն ավարտածներին են ընդունում։ Աշակերտների հաճախելիությունն էլ շատ բարձր չէ, օգնում են հողի մշակման հոգսի տակ կքած ծնողներին։ Դե՛, պատկերացրեք, թե ինչ է լինելու այս սպառնալիքից հետո», մեր «ի՞նչ է լինելու» հարցին պատասխանում է գյուղական դպրոցներից մեկի տնօրենը։

Ու հիշում եմ գիշերը մարզպետարանի մուտքը շրջապատած գյուղացի մի կնոջ հարցը. «Տղա ջան, էդ Հերոյանի պաշտոնը ե՞րբ են բարձրացնելու, մենք պրծնենք»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031