Վարդենիս, փոշի, 1999 թիվ, անտերություն, անձուկ, անջուր, անհեռանկար։ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա չի երեւում, նույնիսկ գնդասեղի գլխի չափ չկա, բայց եթե էկզոտիկայի որեւէ ապահովված սիրահարի մտքով անցնի տեսնել կայսրության կործանման ավերակները, կարող է գալ Հայաստան։ Վարդենիսը երբեմնի հարուստ, ապահով ու երջանիկ քաղաք էր։ Ճիշտ եւ ճիշտ ոսկի քաղաքի նման, մանավանդ Զոդի ոսկու հանքն աշխատում էր անխափան։
Վերջին տասը տարիների քաղցկեղի ավերիչ ազդեցությունից քաղաքը քայքայվել է։
Վարդենիսում մոտ 15 հազար մարդ է ապրում։ Բնակչության 80 տոկոսը գործազուրկ է։ Աշխատողները բյուջետային աշխատավարձ են ստանում, ավելի ճիշտ՝ արդեն 4-5 ամիս է` չեն ստանում, տնամերձի բերքը դեռ չհավաքած, ծախում են կամ ապրանքափոխանակում։ Վարդենիսը Նորադուզը չէ, եւ ձկան բիզնեսն այստեղ տրամադրություն չի ստեղծում։
Շենքերը հին են ու փոշոտ, 80-ականների սկզբից չվերանորոգված, չներկված, պառավ կնոջ պես՝ ատամները թափված ու անգույն։ Վարդենիսում պաղպաղակն ավելի թանկ է, քան մայրաքաղաքում, բանջարեղենն ու միրգը՝ նույնպես։ Այստեղ ամենաէժանը Աշոտ Ղազարյանի ձայնն է, որը քաղաքի գլխավոր հրապարակում հնչում է անվճար. «Մի եզդի կոշիկ է առնում, ընկերը հարցնում է` ո՞ր համարն է, ասում է՝ «չգիտեմ, դեռ համարները չեմ հանել»։ Ու միահամուռ հռհռում է վարդենիսցու հրապարակային մասը։ Մի սայլ է անցնում։ Սայլը քաշող ավանակը շոգից թե սովից լեզուն դուրս է հանել, իսկ տերը ուժ չունի փայտով հարվածելու։ Նստել է սոված եւ ուժասպառ։
Կարդացեք նաև
Կոշկակարի կրպակում վերանորոգման են տրվում հնամաշ կոշիկները։ Կոշիկ կա, որ իր վերանորոգման հաշիվն է կորցրել։ Իսկ կոշկակարը կոշկակար չէ, այլ՝ դերձակ: Կրպակի պատին 83 թվականի Վարդենիսն է։ Կոշկակարն ամեն օր նայում է բարեկարգ քաղաքին ու հայհոյում է «մեզ էս օրին գցողին»։
Վարդենիսը միայն անունով է քաղաք։ Մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում (եթե զբաղվում են), իսկ սեփականաշնորհված հողերից առատ-առատ հրաժարվում են. «չենք կարող մշակել, փող չունենք»։ Հողերից արդեն 800 ընտանիք է հրաժարվել (մոտ 800 հա հողատարածություն)։ Հրաժարվում են երկու պատճառով. 1) հարկ վճարելու եւ մշակելու փող չունեն, 2) ընտանեկան նպաստ ստանալու նպատակով։
Հրաժարված հողերը մնում են լքված ու չորացած, քանի որ վարձակալող չկա։ Պահուստային դարձած հողերը հաստատ դեռ երկար չեն մշակվի։ Գյուղացի վարդենիսցիք այլ խնդիր եւս ունեն։ Հողի կարգը դեռեւս հինն է, եւ իրար կողքի գտնվող հողատարածքների հարկը 7 հազար դրամի տարբերություն է ունենում։ Շատերը հրաժարվում են հարկը վճարել նաեւ այս պատճառով։
Վարդենիսի 3×4-ի վրա խանութն ապրանքի առատությունից երես առած չէ։ Այստեղ կարելի է գնել դեռ կոմունիստների ժամանակ մնացած վերջին «ռեզինե» գնդակը։
Այս համատարած փոշու եւ հուսահատության մեջ Վարդենիսի քաղաքապետարանի 30 աշխատակիցներ ֆրանսերեն են սովորում։ Ֆրանսերենը հենց այնպես չեն սովորում՝ ֆրանսիական Ռոման քույր-քաղաքի բարի ցանկությամբ։ Մինչ քաղաքապետարանի աշխատակիցները, այդ թվում՝ նաեւ քարտուղարուհին, ֆրանսերեն են սովորում, քաղաքապետ Դերենիկ Բուդոյանն անձամբ է կնքում քաղաքացիների տեղեկանքները։ Իսկ տեղեկանք ստանալը մի նպատակ ունի՝ ընտանեկան նպաստ։ Կնքելուց առաջ քաղաքապետը չի մոռանում հարցնել՝ «Հարկը մուծե՞լ եք»։ «Խա, բա, իհարկե»,- ասում են հիմնականում չսափրված վարդենիսցիք։
1300 ընտանիք ընտանեկան նպաստ է ստանում, բազմաթիվ ընտանիքներ օրերով ցամաք հաց չեն գնում։ Ուտում են տնամերձի բանջարեղենն ու կարտոֆիլը։ Սրանք հիմնականում այն ընտանիքներն են, ում գլխավորը՝ այս դեպքում՝ հայրը, մեկնել է արտագնա աշխատանքի ու տարիներ շարունակ ձայն-ծպտուն չի հանել։
Այս ընտանիքների երեխաներին հաճախ կարելի է հանդիպել գերեզմանատանը, հատկապես թաղման, քառասունքի, յոթի կամ Զատիկի օրերին։ Ես զրուցեցի այդպիսի մի ընտանիքի հետ, բայց մայրը խնդրեց իրենց անունը չգրել, որ «խայտառակ չլինեն»։ Կարծում եմ, այս դեպքում ուրիշ ատյաններում պետք է ամոթից մեռնեն։ Քաղաքի ջրագիծը 50-ականների կառույց է, խողովակները՝ քայքայված, ու նորվեգացիները որոշել են ջրագիծը վերանորոգել։ Ամոթից մեռնելու մի նոր առիթ եւս։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Վարդենիս-Երեւան