Լրահոս
Օրվա լրահոսը

Նաղդը թողած, նիսիայի հետեւից ենք ընկել

Օգոստոս 07,1999 00:00
gumar

Ինչքան ուզում են, թոշակառուն ու գործազուրկը բղավեն, թե թոշակ ու նպաստ չեն ստանում՝ նրանց լսողն ո՞վ է։ Տեխնիկայի այս հզոր դարում, երբ ամերիկացու ոտքը վաղուց արդեն լուսնի վրա է եղել՝ մենք էլ պետք է վազենք զարգացման ետեւից։

Մենք էլ, արտասահմանյան ֆիլմերի հերոսների նման պետք է ճաշենք ռեստորաններում ու մատուցողին մեկնելով քարտը՝ ասենք. «Հաշիվը ուղարկեք իմ հաշվին»։ Թե չէ՝ թոշակ, աշխատավարձ…

Հայաստանի բանկերը, բավական ժամանակ է, սպասարկում են միջազգային կրեդիտային քարտեր եւ վաճառում իրենց թղթակից բանկերի քարտերը։ Թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որ տոկոսն է օգտվում այդ համակարգից՝ վիճակագրությունը լռում է։ Բայց «Կրեդիտ-Երեւան» բանկը եղածով չբավարարվելով ու այդ գործի առաջնեկը լինելու անհագ ցանկությամբ Հայաստանում առաջին անգամ թողարկել է EUROPAY INTERNATIONAL միջազգային վճարման համակարգի քարտերը որպես էմիտենտ։ Այսինքն՝ «Կրեդիտ-Երեւան» բանկ՝ մաստեր-քարտ, «Կրեդիտ-Երեւան» բանկ՝ եվրոքարտ։ Այդ կապակցությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ «Կրեդիտ-Երեւան» բանկի խորհրդի եւ վարչության նախագահ Մարտին Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտ է վերջ տալ «դրամը պահելու աշխարհի կողմից մոռացված ձեւին»։ Ու չնայած պարոն Հովհաննիսյանը ներկաներին քարտեր չառաջարկեց, բայց հույս հայտնեց, որ երկուշաբթի օրվանից շատերն իրենց բանկից ձեռք կբերեն պլաստիկ քարտեր։ Դատելով ներկաների ներկապնակից (բանկիրներ, պատգամավորներ, գործարարներ), պետք էր ենթադրել, որ իսկապես շատերը կօգտվեն այդ համակարգից, բայց…

Այդ շատերի հետ զրույցներից պարզվեց, որ շնորհանդեսին մասնակցում են ոչ թե պլաստիկ քարտ ձեռք բերելու նպատակով, այլ՝ պարզապես Մարտինը (Հովհաննիսյան- Լ. Մ.) իրենց լա՜վ ընկերն է։ ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանն օրինակ քարտային համակարգից կօգտվի Հայաստանից դուրս գալու դեպքում (հուսով ենք՝ ոչ մշտական- Լ. Մ.), բայց երկրի տնտեսության նման պայմաններում, կարծում է, չարժե խոսել այդ համակարգի մասին։ «Ես կարծում եմ ամեն մի անկանխիկ հաշիվների նման ցանկացած մոտեցումներ, որոնք ժամանակակից ընդունված ձեւերով են արվում՝ դրական է եւ արժե նման մոտեցումների։ Եվ կարծում եմ, եթե բարեխիղճ ձեւով արվի՝ օգտակար կլինի։ Ցավոք սրտի, եւս մեկ անգամ հիշեցնեմ ինչպես հաշվիչ դրամարկղային սարքերի տեղադրման ժամանակ մեր հնարամիտ իշխանավորները երբեմն ձեւեր են գտնում, որ տեխնիկայի նորությունները դառնում են տեխնիկական ձախ եկամուտներ ունենալու մեթոդ։ Հույս ունեմ, որ նման հարց չի ծագի այս խնդրում»,- ասաց ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը։ Ես էլ կարծեցի լավ է՝ մեկին գտա, որ կօգտվի քարտային համակարգից, բայց հուսախաբ եղա. «Դրա համար նախ փող պետք է ունենալ՝ չունեմ, որ ձեռք բերեմ, եթե պայծառ օրերը գան եւ եկամուտները ավելանան միգուցե, բայց դա ոչ շուտ, քան 5-6 տարուց»,- պայծառ օրերի հույսով ավելացրեց Արշակ Սադոյանը։ Իսկ ներկաներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ահավոր դժգոհ էր քարտային համակարգից. «Ա՛յ մարդ, էդ ի՞նչ թիթիզություն է, բա ասենք հարսանիք ես գնացել, ո՞նց պիտի շաբաշ տաս։ Հո, չեկ չես հանի՝ տա հարսի ձեռը»։

Այո, երկրի տնտեսական վիճակը մի կողմ թողած «Կրեդիտ-Երեւան» բանկը հաշվի չի առել նաեւ մի կարեւորագույն հանգամանք՝ արեւելյան մարդու հոգեբանությունը։ Իսկ այդ հոգեբանության համաձայն՝ հայ տղամարդու գրպանի փողի առատությունը (ընդ որում, այն պետք է առանց դրամապանակի լինի) պետք է աչք ծակի առնվազն 500 մետրից։ Թե չէ, պատկերացնո՞ւմ եք, հայ փողատերը գնա սիրելի Պռոշյանի խորովածանոցներ ու գրպանից մի հատ փոքրիկ պլաստիկ քարտ հանի։ Չէ, հեչ հայի նման չի։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031