«Նաիրի» գրատունը՝ կռվախնձոր
«Առավոտը» վաղուց անդրադարձել էր տարիներով ձգձգվող՝ «Նաիրի» գրատան շուրջ ծագած խնդրին։ Ինչպես հայտնի է, անհայտ ձեւով գրատունը հանկարծ հայտնվել էր սեփականաշնորհվող օբյեկտների ԱԺ ցուցակի վերջին տեղում։ Եվ գրատան վարիչ Կատյա Աբրահամյանն ամեն ջանքով փորձում էր մասնակցել սեփականաշնորհման գործընթացին։ Ընդ որում, գրատունը վաղուց արդեն անցել էր սեփականաշնորհման երեք փուլ եւ սեփականաշնորհված էր «Նաիրի» հրատարակչության կազմում։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում Կ. Աբրահամյանի հայցին ի պատասխան հարցը լուծվել էր «Նաիրի» հրատարակչության օգտին, որն ամենախոշոր հրատարակչությունն է Հայաստանում։ Վերաքննիչ դատարանում հարցը լուծվել էր այսպես. Կ. Աբրահամյանին թույլատրել մասնակցելու «Նաիրի» գրատան, որպես «փոքր օբյեկտ», սեփականաշնորհման գործընթացին։
Սակայն «Նաիրի» հրատարակչություն ՓԲԸ-ն, որպես սեփականաշնորհման օբյեկտ, ընդգրկվել է «ՀՀ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 96-97 թթ. ծրագրի մասին» օրենքում, ըստ որի՝ հրատարակչությունը պետք է սեփականաշնորհվի որպես գույքային համալիր։ Նույն ծրագրում, որպես սեփականաշնորհման առանձին օբյեկտ, ընդգրկվել է նաեւ «Նաիրի» հրատարակչություն ՓԲԸ մաս կազմող «Նաիրի» գրատունը (Կորյունի փողոց, 8)։ Իսկ «Նաիրի» հրատարակչությունը, որպես սեփականաշնորհման օբյեկտ, մինչեւ այդ ծրագրի մաս դառնալը, 1994 թ. անցել է մասնակի անհատույց սեփականաշնորհման փուլը։ Եվ մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցած ընկերության կողմից առանձնացնել մաս, որում ընկերության աշխատողներն ունեին բաժնեմաս, հակասում է սեփականաշնորհման սկզբունքներին։
Վերաքննիչ դատարանը, բացի այն, որ հաշվի չի առել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը, «Նաիրի» գրատան աշխատավորական կոլեկտիվ է ճանաչել մեկ աշխատողի՝ Կ. Աբրահամյանին։ Հայցվոր Կ. Աբրահամյանը, իր ցանկությամբ ձեռք է բերել «Նաիրի» հրատարակչություն ՓԲԸ-ի կոլեկտիվի անդամի կարգավիճակ եւ մասնակցել սեփականաշնորհման։
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, թե գրատան սեփականաշնորհման անօրինական եւ ձեւական հրամաններով հրատարակչության 8 աշխատակիցներ տեղափոխվել են գրատուն, եւ հայցվորը նրանց տեղափոխմամբ չի զրկվում սեփականաշնորհման գործընթացին մասնակցելու իրավունքից, չի փոքրանում նրա փայաբաժինը, պատասխանող կողմը՝ հրատարակչության ղեկավարությունն, անհիմն է համարում։
Հրատարակչության ղեկավարությունը բողոք ուղղեց Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի վճիռը՝ «Նաիրի» հրատարակչության 8 աշխատակիցների հրամանները «Նաիրի» գրատուն փոխադրելու մասին ճանաչել անվավեր» եւ «Կատյա Աբրահամյանին թույլատրել մասնակցելու «Նաիրի» գրատան՝ Կորյունի փող. 8 շենք, որպես «Փոքր օբյեկտ», սեփականաշնորհման գործընթացին» մասերը բեկանելու համար։
Երեկ Վճռաբեկ դատարանում հայցը կրկին քննվեց։ «Վճռաբեկը» բեկանեց «Վերաքննիչի» վճիռը. «Վճռաբեկ դատարանը բարձր գտնվեց՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը եւ նրանց պնդումը, որ կարելի է գրատունը 72 անդամներից բաղկացած կոլեկտիվից կտրել եւ իբրեւ խանութ տալ ինչ-որ մի անձի»,- ասաց «Նաիրի» հրատարակչության տնօրեն Հրաչյա Թամրազյանը։
– Ի վերջո, ճշտվե՞ց՝ ինչպես է գրատունը հայտնվել սեփականաշնորհման օբյեկտների ԱԺ ցուցակում։
– Անհնար է պարզել, որովհետեւ ժամանակին բոլոր ատյաններին դիմել ենք, եւ ոչ մի տեղից որեւէ պատասխան չենք ստացել։ Ամեն դեպքում, գրատունն այդ ցուցակ սպրդել է ԱԺ-ում,- պատասխանեց Հ. Թամրազյանը։
(Մշակույթի գործիչների շրջանում խոսակցություններ են պտտվում, թե հայցվոր Կ. Աբրահամյանին «գրատունը» ձեռք գցելու հարցում հովանավորում է ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը, որի անունը, այնուամենայնիվ, փաստացի որեւէ տեղ չի երեւում)։
Հարցի լուծմանը (հրատարակչության օգտին) միացան մշակույթի գործիչները, անգամ ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը։ Ի վերջո, գրատունը սովորական խանութ չէ, այլ մշակութային օբյեկտ է եւ պետք է սեփականաշնորհվի հրատարակչության կազմում։ Մանավանդ, որ «Նաիրի» հրատարակչությունը լիարժեք գործող մի համակարգ է, որն իր սուղ միջոցներով կարողացել է հրատարակել գեղարվեստական արժեքավոր 30-ից ավելի գրականություն։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
P. S. Նշեմ նաեւ, որ «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակաբաշխությանը «Նաիրի» հրատարակչությունը ներկայացրել է Աղասի Այվազյանի, Լեւոն Խեչոյանի, Հրաչյա Սարուխանի, Զահրատի, Ժիրայր Ավետիսյանի, Էդվարդ Միլիտոնյանի գրքերը։