Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ քարն է ծանր

Օգոստոս 07,1999 00:00
hamematel

Օրեր առաջ ՆԳ նախարար Ս. Աբրահամյանը հեռուստատեսային ծրագրերից մեկով եւս մեկ անգամ հորդորեց երեւանցիներին, հատկապես՝ գործարարներին, օժանդակել հանրապետական մարզադաշտի շինարարությանը՝ հանգանակությամբ։

Հորդորելը՝ հորդորեց, բայց ինչ-որ շատ էր վախեցած ՆԳ նախարարը։ Այդ մասին ինքը խոստովանեց, այն էլ մի քանի անգամ։

Ինչո՞ւ. կզարմանան շատերը…

Մտովի հետ գնանք մինչեւ 92-ի աշուն, վերհիշենք մի պատմություն ու կհասկանանք Ս. Աբրահամյանի վախի պատճառը։ Այն ժամանակվա ՆԳ նախարարն էլ նման մի քայլի դիմեց՝ շատ ավելի օրհասական պայմաններում, շատ ավելի լուրջ պատճառով։ Գումար էր պետք հանգանակել՝ այն ժամանակ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ նեղլիկ միջանցքը՝ Լաչինը, պահելու համար։ (Սույն փաստին քաջածանոթ է այն ժամանակվա ՆԳ փոխնախարար Ս. Աբրահամյանը)։

Եվ ի՞նչ… այս ձեռնարկումն այնուհետեւ ամիսների բուռն քննարկման նյութ դարձավ ԳԽ-ում եւ մամուլում՝ Դավիթ Վարդանյանի եռանդուն ջանքերով։ Ու սկսվեց՝ է՛լ պետական ռեկետ, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն…

Դատափետման գործին լծվել էին այն օրերի անգործ մնացած բոլոր ընդդիմադիրները։

Հիմա տեսա՞ք, որ Ս. Աբրահամյանի վախը լրիվ կարելի է չափված համարել։ Գումար այս անգամ անհրաժեշտ է ընդամենը մարզադաշտի նորոգումն ավարտելու համար։ Ճիշտ է, ազգային «թասիբի» խնդիր է, բայց հո Ղարաբաղի ու մարդկային կյանքի հա՞րց չէ։

Կներե՞նք Ս. Աբրահամյանի հայրենասիրական մղումը, թե՞ ժամանակ անց ազգովի կլծվենք նրա ազնվությունն ու անազնվությունը չափելու գործընթացին։ Թե՞ ըմբռնումով կմոտենանք, քանի որ, ինչպես փորձը ցույց է տալիս, Հայաստանում անազնվության մեջ կասկածվում եւ հակաազգային բոլոր մեղքերի մեջ մեղադրվում են ՆԳ նախարարի կամ այլ պաշտոն զբաղեցնող միայն որոշ անձինք։ Ասենք, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց ոչ՝ Ռ. Քոչարյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, բայց ոչ՝ Սերժ Սարգսյանը կամ Սուրեն Աբրահամյանը, քաղաքապետ Համբարձում Գալստյանը, բայց ոչ՝ նրան հաջորդած Վահագն Խաչատրյանը կամ Աշոտ Միրզոյանը, բարեգործական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, բայց ոչ երբեք՝ որեւէ այլ բարեգործականի նախագահ (պատահաբար բոլոր մեղավորները ղարաբաղյան շարժման առաջնորդներն են)։ Ի՞նչ է սա. ժողովրդի կողմից մեծարվածների հանդեպ ծայրահեղ խստապահանջությո՞ւն, թե՞ պարզապես չար միտում։

Այնպես որ, Սուրեն Աբրահամյանը կարող է անհոգ լինել։

Տ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031