Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԿՈՒԼԻՍՆԵՐԸ ՉԵՆ ՔՈՂԱՐԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԻՏԱԿԸ

Օգոստոս 07,1999 00:00
varaguyr

Տունը հիմքից է խարխլվում, պետության հեղինակությունը՝ ավելի շատ մանր եւ միջին չինովնիկների կամայական, սանձարձակ գործողություններից, որովհետեւ ժողովուրդն անմիջականորեն նրանց հետ է շփվում:

Եւինչպես սիրում են կրկնել բարձրաստիճան իշխանավոր շատ այրեր՝ հենց այդ չինովնիկների արարքներն են շղարշվում այնքան ցանկալի «թափանցիկությամբ», ի հեճուկս նրանց՝ սեփական աշխատասենյակների պատերը որպես թաքցնող կուլիսներ օգտագործելու մոլեգին ցանկություն։ Դե՛, խեղճ պատերն ինչպե՞ս քողարկեն ամեն ինչ, չէ՞ որ հանցանք-զանցանքները մատների վրա հնարավոր չէ հաշվել, դրանք եռանիշ, ինչո՞ւ չէ, եթե հաշվառման ժամանակ սարքին համակարգիչն անխնա գործի՝ քառանիշ թվի էլ կարող են հասնել։

Ասենք, օրինակ, դպրոցի վաստակաշատ, բայց արդեն տարիքն առած տնօրենը ինչպես շարունակի վաստակել, երբ արդեն արժանացել է Արագածոտնի մարզպետ «ընկեր» Հրայր Կարապետյանի «ստալինյան» տեսակցությանը եւ նախազգուշացվել, որ կամ թողնելու է աշխատանքը, կամ…։ Դարձյալ ասենք, ինչպես լռեն, այստեղ-այնտեղ չդժգոհեն այն մարդիկ, ում մեծարգո մարզպետն իր մոտ է հրավիրել, երկար զրուցել, նշել նրանց բազում արժանիքները եւ հետո հայտնել իր հեղինակավոր կարծիքը, որ նրանք լավ գյուղապետ, կամ գյուղապետի պաշտոնակատար, դպրոցի տնօրեն, կամ պետ կդառնան, եթե… Եվ ամիսներ շարունակ նրանք սպասում են… երկրորդ հրավերին։ Թող սպասեն, կանաչ ճանապարհը քանի դեռ «կանաչով» չեն պատել…

Իսկ ահա՝ պատողների համար ոչ մի արգելք։ Այստեղից էլ կադրախաղ, խաղային հիմնական կանոնով՝ ի՞նչ արժանիք, փող ունի, ուրեմն՝ խելք ու դիրք էլ ունի։

Ինչո՞ւ պետք է մարզի «Հայփոստ» սահմանափակ պատասխանատվության ձեռնարկության տնօրենը շարունակի աշխատել, չէ՞ որ նրա փոխարեն մի այլ հարազատ-բարեկամ էլ կարող է «յոլա» տանել… Քենակալին չկարողացավ այդ պոստին տեղավորել, բայց վատ պաշտոն չնվիրեց։

Լավ չէ՞ր «յոլա» տանում Ծաղկահովիտի սոցիալական ծառայության նախկին տնօրեն Կորյուն Բասմաջյանը, որը միշտ ճիշտ ժամանակին գալիս-գնում էր մարզպետարան, դե, ձեռքը ձեռք էր լվանում, երկու ձեռքն էլ՝ երես։ Լավ էլ կշարունակեր «յոլա» տանել, եթե ազգային անվտանգության աշխատակիցները Կորյունի «ալյուրի գործը» չբացեին։ Գործ, որով մարդասիրական օգնության համար հատկացված ալյուր եւ այլ սննդամթերքներ հանվել էին վաճառքի, այն դեպքում, երբ արագածցին օրվա հաց էր փնտրում, այսօր էլ շարունակում է փնտրել։ Ճիշտ է՝ գործը բացեցին, բայց Հայաստանի եւ համայն աշխարհի բոլոր կուսակցությունների անդամ (նայած երբ՝ որի անդամ) այդ «աղա» մարդը չպետք է նստեր կամ հեռանար այդ ցանցից, լիդեր էր, թող հիմա էլ նույն կառույցում տեսուչ աշխատի։ Բացի այդ, լիդերի պաշտոնն էլ կարելի է սեփականաշնորհել մի շնորհքով տղայի…

Բա նպաստները։ Ծաղկահովիտի սոցիալական ծառայությունում մի «հրաշագործ» համակարգիչ է տեղակայված, որը Բասմաջյանին բալեր է տալիս, իսկ Բասմաջյանը՝ բնակչությանը նպաստ։ Էնքան հրաշագործ համակարգիչ է այդ համակարգիչը, որ հարուստին աղքատ է դարձնում, իսկ աղքատին՝ հարուստ։

Ի դեպ, «Հեղնար աղբյուրի» մեջ մի կրիտիկական պահ կա։ Երբ թուրք կանայք իմանում են, որ Հեղնարը հայուհի է, բայց, թուրքի հագուստ հագած, նրանցից մեկը բացականչում է. «Անառակ, թուրքի անունով անառակությո՞ւն կանես…»։

Ցավով նշում եմ, որ որպես առերեւույթ կուսակից՝ դաշնակցական, պարոն Կարապետյանին խորհուրդ եմ տալիս՝ դաշնակցականի անունով անօրինականություն չանել, եւ երբեմն առանձին անձերի չմխրճել դաշնակցականի քողի տակ ու ի լուր մարզի եւ հանրապետության կարծիք ստեղծել, որ կուսակիցների է «առաջ քաշում»։

Կոնկրետ՝ մարզի առողջապահության բաժնի վարիչը բացի «վիցե մարզպետի» քրոջ ամուսին լինելուց, ոչ մի աղերս չունի դաշնակցական կուսակցության հետ։ Գրեթե մարզի բոլոր գյուղապետերի հետ «մերվել» եւ աշխատում է։ Մեղմ ասած՝ Արագածոտնի առաջին դեմքի համար ոչ մի կուսակցություն էլ գոյություն չունի, չգրանցված «աղայական կուսակցությունից» բացի, որի լիիրավ անդամն է նաեւ Արագածի շրջանի մարզպետի լիազոր ներկայացուցիչ, եռապետության քաղաքացի՝ ասել է՝ երեք տարբեր հանրապետությունների անձնագրատեր, 140 հա հողատարածք օգտագործող կալվածատեր (շատ ժամանակակից է հնչում՝ կալ172վա172ծա172 տեր)։ Բաքի Սադունյանը, որը նույնպես ճիշտ ժամանակին է ելումուտ անում մարզպետարան։ Չէ մի, չէ՝ դաշնակցական։ Դաշնակցական լիներ՝ «աղայության» փոխարեն պետք է պետությանը հարկ վճարեր, ու վարչապետն էլ ըստ երեւույթին զինվորական կյանքն աշխարհիկ կյանքի հետ է շփոթում։ Ինչքան էլ ձգտեք հարկերը գանձարկղ հասցնել, միեւնույն է, չի ստացվի։ Ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ բարեկեցություն։ Սոված ժողովուրդն, ախր, ասում են, ավելի հնազանդ է լինում։ Կամ ի՞նչ անի գյուղբաժնի նոր վարիչը, եթե բարեկամ չէ, ուրեմն պաշտոնն ստանձնելու համար պետք է մուծվի…

Ճիշտ չէ, իհարկե, ենթադրել, թե Արագածոտնի մարզպետը սղոցի նման չէ, թեկուզ 90 տոկոսն իմ կողմ, 10 տոկոսը՝ քո, ասել է՝ ժողովրդին։ Հեշտ է՞ր, օրինակ, Ալագյազ գյուղում վաղո՜ւց կառուցված պոմպակայանի «կոճակը» սեղմել միայն վերջերս եւ մարդկանց ջուր հասցնել, կամ ո՞ւմ է պետք «խաժամուժի» հետ հաճախակի հանդիպելը, կարեւորը գյուղապետերն են՝ գնում-գալիս են…

«Խաժամուժն» էլ, ախր, նախադպրոցականի հասկացողություն ունի, խաղալիք տաս՝ կխաբվի, այդ «շատ լավ» գիտի նախկին նախադպրոցական-մանկավարժը, հետո՞ ինչ, թե Արագածոտնի մարզը գյուղատնտեսական թեքում ունի։ Կարեւորն այն է, որ մարզպետ Հրայր Կարապետյանի «թիկունքում ՀՀ նախագահն է կանգնած» («Առավոտ», թիվ 142, 29.07.99 թ.): Չար լեզուներն ասում են, թե մարզպետ Հրայրը միայն դաշնակցականների է աշխատանքի նշանակում։ Բա ամոթ չէ՞, այդ «սուրբ» մարդու նկատմամբ այդպիսի մեղադրանքներ ներկայացնելը։ Ի՞նչ կլինի, որ մարզպետարանում կամ մարզում մի քանի իսկական դաշնակցականներ աշխատեն։ Դաշնակցականները հայ չե՞ն։

… Ինչեւիցե…

Այս եւ նման շատ այլ փաստեր, որոնք միանշանակորեն հաստատում են «ընկեր» Հրայրի հակադաշնակցական գործելաոճը, որը անհարիր է դաշնակցականին՝ քար լռությամբ է ընդունվում մարզային դաշնակցական ղեկավարության կողմից, դեռ ավելին՝ կասեի՝ խրախուսվում է, իսկ ԳՄ-ն կամ ասել է իր վճռական խոսքը, կամ դեռ կասի։

ՀՅԴ ֆրակցիայի նախկին անդամ

ՀՅԴ Արագածի կոմիտեի ներկայացուցիչ,

դեռեւս դաշնակցական՝

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031