Անցած շաբաթ վերջնականապես պարզ դարձավ, որ հայոց խիզախ իրավապաշտպանները միանգամայն ճիշտ էին. Աշոտ Բլեյանի խափանման միջոցը չի կարելի փոխել: Նա, իհարկե, չի փախչի Հայաստանից, ինչպես որ ենթադրում է Անդրեյ Սախարովի արժանի աշակերտ, իրավապաշտպան Աղասի Արշակյանը: Հակառակը՝ կսկսի զբաղվել իր վարժապետական գործերով եւ հոդվածներ գրելու ժամանակ չի ունենա: Ուստի թախանձագին խնդրում ենք գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ոչ մի դեպքում ազատ չարձակել տիար Բլեյանին, ու չզրկել «Առավոտին» ակտիվ հեղինակից:
Տիգրան Լեւոնյանը
Վերջին 8 տարվա ընթացքում ամենախոշոր այլախոհը, պարզվում է, ոչ Արշակ Սադոյանն էր, ոչ էլ նույնիսկ Արտաշես Գեղամյանը: «Ռեժիմի» դեմ ամենաանզիջում պայքարն էր մղում եւ շարունակում է մղել օպերայի գեղարվեստական ղեկավարը: Անցած շաբաթ նա խոստովանեց, որ մշտապես ընդհարումներ է ունեցել մշակույթի նախարարներ Հակոբ Մովսեսի, Արմեն Սմբատյանի եւ Ռոլանդ Շառոյանի հետ, որոնք, հավանաբար, չէին դիմանում պրն Լեւոնյանի ինտելեկտի հզորությանը: Ամենացավալին այն է, որ իր աթոռին մնալու համար նա պարբերաբար որպես վահան օգտագործում է Գոհար Գասպարյանի անունը, որն իսկապես մեծ երգչուհի է եւ 20-րդ դարի հայ մշակույթի երախտավորը: Միայն թե դա ամենեւին չի արդարացնում պրն Լեւոնյանի «շռնդալից» անհաջողությունները:
Կարդացեք նաև
Լուսինե Պետրոսյանը
Այսօր Հայաստանի առաջին նախագահի հասցեին չվայրահաչելը, հավանաբար, նույնպիսի դիսիդենտություն է, ինչպիսին էր 80-ականների սկզբին ԽՍՀՄ-ում աֆղանական պատերազմի դեմ խոսելը: Այնպիսի այլախոհություն, որ մեր գործընկերները, կարդալով «Առավոտում» Լուսինե Պետրոսյանի վերլուծությունը, որում ՀՀ առաջին նախագահի մասին հարգանքով է խոսվում, ենթադրեցին, որ ոչ մի Լուսինե Պետրոսյան էլ գոյություն չունի եւ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի կեղծանունն է: Ուստի սիրով ներկայացնում ենք Լուսինեին. ծնվել է 72 թվականին, ավարտել է համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո ուսումնասիրել է քաղաքագիտություն եւ իրավունք, աշխատել է «ՀՀ» եւ «Ազգ» թերթերում, մի քանի տասնյակ հրապարակումների հեղինակ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ