Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՈՒՄ ՏՂԱՆ ՈՒ ԱՂՋԻԿՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՆ

Օգոստոս 07,1999 00:00
haytararagir

ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ գրանցված պատգամավորության թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի տվյալներն ամփոփելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեկ արտահերթ նիստ էր գումարել։

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Արա Հարությունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ուր առաջարկում էր իրենց հայտարարագրերը ուշացումով հանձնած պատգամավորության թեկնածուներին պատժելու համար «բավարարվել այդ մասին մամուլում հրապարակմամբ»։ Պրն Հարությունյանը համոզված էր, որ պատգամավորության թեկնածուները այնքան ամոթխած են, որ իրենց անունները մամուլում կարդալուց հետո, այլեւս կամաչեն մարդկանց աչքին երեւալ։ Ընտրական օրենսգիրքը չհարգողների՝ հայտարարագրերն առհասարակ չներկայացնողների, հիմնադրամ չունեցող, բայց ծախսեր կատարած թեկնածուների պատիժը պրն Հարությունյանը թողել էր դատարանին, որը պիտի նրանց հանդեպ վարչական տուգանք կիրառեր։ Օրիորդ Զոհրաբյանը, սակայն, կտրականապես դեմ էր հավասարության սկզբունքի ոտնահարմանը եւ առաջարկեց, որ անխտիր բոլոր իրավախախտ թեկնածուներն «արժանանան» վարչական տուգանքի։ «Գոնե թող օրենքները կարդան՝ պատգամավոր դառնալուց առաջ»,- պարբերաբար կրկնում էր նա։ ԿԸՀ անդամ Արմեն Խոջոյանն ակնհայտորեն մարտական տրամադրություն ուներ եւ որեւէ կերպ չէր համաձայնում, որ դատարան ընկնեն հայտարարագրերը ուշացումով ներկայացրած թեկնածուները։ Հայտարարելով, որ ինքը փաստեր ունի, թե ինչպես են որոշ կուսակցություններ եւ թեկնածուներ հիմնադրամ բացել, սակայն այլ միջոցներ ծախսել, Խոջոյանը համառորեն լռում էր. «Անուններ չեմ տա»։ Բարձրացրած աղմուկից կառավարության ներկայացուցիչ Վահան Ասլանյանը սկսեց պատկերացնել կատարվածը եւ հարձակվեց Արա Հարությունյանի վրա. «Սիրելի՛ս, պետք ա էդ որոշման նախագիծը ռադ անել։ Չասեք՝ Ասլանյանը ոգեւորվում է։ Ասլանյանը էս մի ժամ ա՝ ձեն չի հանում։ Իրան էլ թվում ա՝ ինքը բան չի հասկանում։ Բայց պարզվում է՝ ո՛չ ոք բան չի հասկանում»։

Արմեն Խոջոյանը՝ չսպասելով իր առաջարկի քվեարկվելուն, լարված քմծիծաղով առաջարկեց քննարկել անխտիր բոլոր 627 թեկնածուներին դատարանի դատին ներկայացնելու հարցը։

Նիստին ներկա սակավաթիվ ԿԸՀ անդամները, այն է, պետք է քվեարկեին Արա Հարությունյանի առաջարկը՝ Արմեն Խոջոյանը արագ հաշվեց ներկաներին եւ եզրակացրեց, որ առանց իրեն քվեարկությունը չի կայանա։ Անմիջապես ցտեսություն ասելով՝ լքեց բոլորին՝ տապալելով քվեարկությունը։ «Չէ՛, սա մեզ ձեռ ա առնո՞ւմ»,- սպառնալիքը ներկաներին չզգաստացրեց, եւ պրն Սահրադյանը դրությունը փրկեց՝ հայտարարելով ընդմիջում։ Ընդմիջմանը Արա Հարությունյանն անտրտունջ լսեց իր հասցեին պրն Ասլանյանի ուղղած լուտանքները։ Արմինե Զոհրաբյանը Խոջոյանի վերաբերմունքից ուշքի չէր գալիս։ Ու այդ ժամանակ հնչեց նիստից բացակայող ԿԸՀ անդամ Սերգեյ Պողոսյանի հեռախոսազանգը։ Քվորում ապահովելու նպատակով նրան անմիջապես խնդրեցին ներկայանալ։ Վահան Ասլանյանին «հին կոմունիստ, ցեկայի անդամ» որակելուց, որոշման նախագծի վերաբերյալ ձեզ համար մի քանի դիտարկումներ անելուց հետո, պրն Պողոսյանը միացավ որոշման օգտին «կողմ» քվեարկողներին։ Այսպիսով՝ 6 «կողմ», մեկ «դեմ»-ով ընդունվեց որոշման նախագծի «թարմացված» տարբերակը։

ԿԸՀ-ն որոշեց մամուլում հրապարակել պատգամավորության թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ամփոփ տվյալները, ՀՀ Ընտրական օրենսգրքի մի շարք կետերի խախտումների համար դիմել դատարաններ՝ թեկնածուներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս որոշման մասին տեղյակ կպահվի արդարադատության նախարարությանը՝ դատարաններում վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը վերահսկելու համար։ Սույն որոշման կատարման կազմակերպումը դրվեց ԿԸՀ-ին կից վերահսկիչ- վերստուգիչ ծառայության պետ Արա Հարությունյանի, իսկ հսկողությունը՝ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի ուսերին։ Պրն Ասլանյանն ու պրն Պողոսյանը այս հողի վրա էլ հասցրեցին միմյանց վիրավորել, ապա քվեարկելուց հետո հանգստացած բաժանվեցին։ Արա Հարությունյանի վաստակը բարձր գնահատելով՝ պրն Սահրադյանը նրան դրամական պարգեւատրում մաղթեց։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031