Ըստ որոշ տեղեկությունների, փոխվել է «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ի վերգետնյա սպասարկումների ծառայության պետ Արեւշատյանի խափանման միջոցը, որը կալանավորվել էր ավիացիայի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ մի գործի առնչությամբ։ Նույն գործով կալանավորված Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պետ Ղազարյանն, ըստ իրազեկների համոզման, շուտով նույնպես ազատ է արձակվելու։
ԱՀԱ ՆԱ՝ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Բավականին ստույգ աղբյուրներից «Առավոտին» հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետի ամենառեալ թեկնածուն ոչ այլ ոք է, քան Կարեն Ճշմարիտյանը։ Բոլոր նրանց, ում անհայտ է այս անունը, տեղեկացնենք, որ նա ժամանակին աշխատել է ՀՀ արդյունաբերության փոխնախարարի պաշտոնում եւ արհեստավարժների թիմի հետ վատ հարաբերություն ունենալու պատճառով հեռացել է։ Ասենք նաեւ, որ Կարեն Ճշմարիտյանը տնտեսագետ է եւ արհեստավարժականից բացի, չունի նաեւ զինավարժական ստաժ։
Կարդացեք նաև
ՖԻԴԱՅՈԶԻԻ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ՝
ՀԺԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության քարտուղար Կամո Իգիթյանն, ամենայն հավանականությամբ, չի առաջադրվի թաղապետի թեկնածու, թեպետ նախապես հակառակ մտադրություն է ունեցել։ ՀԺԿ-ականները դա պայմանավորում են Արծրուն Խաչատրյանի (լուսանկարում) մասնակցությամբ, ինչի պայմաններում տրվում են այսպիսի մեկնաբանություններ՝ «գելի սիրտ է կերե՞լ, թե՞ մի քանի գլուխ ունի»։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Չկա չարիք՝ առանց բարիքի. ԱԺ պատգամավոր չվերընտրվելով, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ընդունվեց Մոսկվայի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ։