Հուլիսի 23-26-ը Վրաստանում Что? Где? Когда?-ի Անդրկովկասի առաջնության շրջանակներում անցկացվել է Բրեյ-ռինգ, որտեղ մասնակցում էր քսաներեք թիմ, որից տասնհինգը Վրաստանինն էր, երեքն Ադրբեջանից էր, իսկ հինգը ներկայացնում էր Հայաստանի թիմը (ի դեպ, ցանկություն է եղել ավելի շատ թիմ ներգրավել, սակայն ֆինանսական պատճառով Վրաստան է մեկնել միայն հինգը)։
Առաջնության ժամանակ թե հանդիսատեսին եւ թե կազմակերպիչներին ապշեցրել է այն փաստը, որ կիսաեզրափակիչում պետք է մասնակցեր չորս թիմ, որից երեքը՝ հայկական էր, իսկ եզրափակիչ փուլում մրցում էին միայն հայկական թիմերը։
Ինչեւէ, հաղթող է ճանաչվել «Ալֆա Կիլիկիա» թիմը, որից հետո այն ճանաչվել է լավագույնը ոչ միայն Անդրկովկասի առաջնությունում, այլ նաեւ Վրաստանում եւ ամբողջ նախկին Միության տարածքում։
Եվ այսպես, առաջին անգամ չեմպիոն հռչակված հայկական «Ալֆա Կիլիկիա» թիմը հաղթանակած վերադառնում է Հայաստան՝ նույնիսկ չկասկածելով, թե այստեղ իրեն ինչ է սպասվում։
Կարդացեք նաև
Պարզվում է, որ սեպտեմբերի վերջին կայանալու է Մոսկովյան առաջնություն, որին, հնարավոր է, «Ալֆա Կիլիկիա» թիմը չմասնակցի։
Խնդիրն այն է, որ նրանք ֆինանսական մեծ պրոբլեմների առջեւ են կանգնած եւ եթե մինչ այդ չկարողանան լուծել այդ հարցը, ապա չեն մասնակցի Մոսկվայում կայանալիք առաջնությանը։
– Մենք հիմա ջանք չենք խնայում մեր ուժերով հովանավորներ գտնել, չնայած պետության կողմից մատնված ենք անտարբերության,- ասում է թիմի ավագ Տիգրան Քոչարյանը։- Հիմա Հայաստանում գործում է ինտելեկտուալ խաղերի ասոցիացիա, որը երեւի թե միակն է, որ տեղյակ է մեր հաղթանակի մասին։
Վրաստանի նախագահ Է. Շեւարդնաձեն հոգում է իրենց թիմի բոլոր կարիքները, իհարկե, իր հնարավորության սահմաններում, իսկ Հայաստանում ոչ ոք չի հետաքրքրվել մեր հաղթանակով։
Այնուամենայնիվ, հայկական թիմը կարողացել է արժանի ներկայացնել Հայաստանը, չնայած մեզ չեն ընդունում որպես հաղթանակած թիմ։
ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ