Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐՎԱԿԱՆ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Օգոստոս 06,1999 00:00
Vahe Gabrielyan

Վահե Գաբրիելյանը կամա թե ակամա ասում է կատարյալ ճշմարտություն այն մասին, թե ինչու է նախագահ Քոչարյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների իրականացում. «Նախագահը նախընտրական արշավում խոստացել էր սահմանադրական բարեփոխումների խնդրով զբաղվել եւ կատարում է իր խոստումը»։

Իսկ ինչու՞ էր նախագահը նման խոստում տվել։ Մեզ թույլ կտանք պնդել, թե դա կոնյունկտուրային քայլ էր եւ նախընթաց պատմություն ունի։ 1996թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները հայաստանցիներից ոմանց թվացին հավաստի, այլոց՝ կեղծված։ Այդուհանդերձ բոլորն էին տպավորված Վազգեն Մանուկյանի շռնդալից հաղթարշավից։ Ոչ վաղ անցյալի իրադարձությունների այդ ժամանակագրությունը դժվար չէ վերականգնել եւ մտաբերել, որ 96-ի ընտրարշավի բեկումը ԱԺՄ-ԱԻՄ-ՀՅԴ դաշինքի ստեղծումն էր։ Վազգեն Մանուկյանը ազգային միասնական թեկնածու էր, եւ նրա կարգախոսներից մեկը երկրի սահմանադրական կարգի փոփոխությունն էր։ Մանուկյանի պարագային սահմանադրական կարգի փոփոխման խոստումները եւ մտադրությունները լուրջ էին։ ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, նաեւ ՀՅԴ-ն եւ մի քանի նվազ նկատելի ուժեր դեռ 93-ից հստակ քաղաքական դիրքորոշում են ունեցել երկրի սահմանադրական կարգի առնչությամբ եւ ցանկացել են Հայաստանը տեսնել խորհրդարանական հանրապետություն։ Բնական է, որ ընտրարշավ մղելով ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նրանք պատասխանատու կերպով հայտարարում էին, թե իշխանության գալու դեպքում կվերանայեն երկրի սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը բոլոր այս գործընթացներից անմասն եւ հեռու է եղել։ Սակայն 98-ի իշխանափոխությունից հետո, բնական է, նա պետք է դիմեր Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրների զինանոցին։ Ոչ այնքան նրա համար, որ ինքը ընդունում էր այդ հայացքները, այլ՝ որովհետեւ դժվար էր նոր խոսք ասել, իսկ ընդդիմությունը ԱԺՄ-ի ղեկավարությամբ մի քանի տարի ծավալած քաղաքական պայքարով հասարակական որոշակի տրամադրություններ էր ստեղծել, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության առնչությամբ։ Քոչարյանը որդեգրեց «սահմանադրական փոփոխություններ» կարգախոսը, բայց իր պարագային այդ կարգախոսը միանգամայն բովանդակազուրկ էր։ Քոչարյանը հավաստում էր, թե երկրի սահմանադրական կարգը չի ցանկանում փոխել։ Այդ դեպքում ի՞նչն էր ցանկանում փոխել։ Չէ՞ որ հիմնական օրենքը հեռու է առանձին օրենքների հավաքածու լինելուց։ Սահմանադրությունը մի միասնական իրավական փաստաթուղթ է, կառուցված իրավունքի ասպարեզում գործող կանոններով։ Նախ ճշտվել են սկզբունքները, հետո՝ դրանք արտացոլող նորմերը եւ վերջապես՝ ձեւակերպվել են հոդվածներ։ Հնարավոր չէ որեւէ լուրջ իրավական փաստաթղթում հոդվածներ փոփոխելու աշխատանք ծավալել՝ չխաթարելով մնացյալը։

Եթե ՀՀ սահմանադրության մեջ անփոփոխ է մնում 49-րդ հոդվածը, այն է՝ «ՀՀ Նախագահը ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը», ապա պետք է կամ իրավունքից անտեղյակ լինել, կամ էլ լինել ամենավերջին սոփեստը՝ ազդարարելու համար, թե օրինակ, նախագահից կվերցվեն Ազգային ժողով ցրելու լիազորությունը, խորհրդարանի 1/3-ի պահանջով արտահերթ նստաշրջան հրավիրելը կվերածվի հրամայական նորմի, նախագահի կողմից «գրպանի վետոյի» կիրառումը կկանխվի, որովհետեւ ԱԺ նախագահն էլ կօժտվի օրենքներ ստորագրել-հրապարակելու լիազորությամբ եւ այլն։ Առերեւույթ թվարկված բոլոր փոփոխությունները միայն ողջունել կարելի է, որովհետեւ դրանք ԱԺ-ին կդարձնեն օրենսդիր իշխանության լիակատար կրող, բայց մյուս կողմից՝ սահմանադրության նման սրբագրումներից հետո նախագահը ինչպե՞ս է «օրենսդիր իշխանության բնականոն գործունեություն ապահովելու»։ Իհարկե որեւէ կերպ չի ապահովի, եւ դա կնշանակի սահմանադրական կարգի «լողացող» փոփոխություն։ Նույն կերպ եւ ցանկացած այլ հոդվածներ խմբագրելու, հետեւաբար՝ եւ սահմանադրական նորմերի հակասություններ առաջացնելու դեպքում։ Ամփոփելով՝ սահմանադրական բարեփոխումների մասին որքան լուրջ եւ հիմնավորված էին ընդդիմության խոստումները 1996-ին, երբ ուրվագծվում էր երկիրը խորհրդարանական հանրապետության վերածելու հեռանկարը, այդ խոստումները նույնքան անլուրջ եւ անհիմն են այժմ։

Այլապես ինչո՞վ բացատրել, որ սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովում հակասական տեղեկություններ ունեն, թե ինչպիսին է եղել իրենց նախընթաց գործունեության արդյունքը եւ ճակատագիրը։ Նախագահը առայժմ որեւէ կերպ արձագանքե՞լ է դեռ Հայրիկյանի օրոք ձեւավորված առաջարկությունների փաթեթին, արդյո՞ք հանձնաժողովը Քոչարյանի հայացքներից կամ քաղաքական նախընտրություններից չի շեղվել։ Ո՞վ էր այդ հանձնաժողովում կոչված նախագահի դիրքորոշումները արտահայտելու։ Համենայն դեպս Հայրիկյանը այնպիսի հակամարտության մեջ էր հանձնաժողովի մեծամասնության հետ, որ մեկ-երկու անգամ հրաժարվել էր հանձնաժողովում նախագահելուց։

Դավիթ Հարությունյանի հանձնաժողովում էլ դժվար է պատկերացնել, թե օրինակ Վահե Ստեփանյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը, որ այս կամ այն չափով հեղինակել են գործող սահմանադրությունը, կարո՞ղ են նույն այդ սահմանադրության նկատմամբ Քոչարյանի հայացքների կրողը լինել։ Եվ իհարկե նրանք չեն ներկայացնում որեւէ քաղաքական ուժի հայացքներ։ Արդյունքում, եթե նախագահ Քոչարյանը անձամբ չներգրավվի եւ չգլխավորի հանձնաժողովի աշխատանքները, նույն հաջողությամբ հանձնաժողովը կարող է նիստեր գումարել եւ առաջարկներ ներկայացնել նախագահական պալատի սրահներից դուրս։ Էությունը կմնա նույնը՝ իրավաբանների մի խումբ ձեւակերպում է իր առաջարկները, ինչպես ժամանակին այդ արել են բազմաթիվ այլ իրավաբանների խմբեր։ Եվ առանձնակի հիմքեր չեն մնա կարծելու, թե իրավաբանների՝ նախագահական պալատում նիստեր գումարող խմբի ձեւակերպած առաջարկները կհասնեն հանրաքվեի դրվելու փուլ։

Սահմանադրություն ստեղծելը կամ փոխելը քաղաքական այնպիսի պատասխանատվություն է ենթադրում, որ նույնիսկ պատերազմ հայտարարելը կամ խաղաղություն կնքելը դրա հետ համեմատելի չեն։ ԱՄՆ Հիմնադիր հայրերին հիշում են բոլորը, մինչդեռ, Վիլսոնի կամ Տրումենի ազգանունները քչերին են ծանոթ։ Հետեւաբար ՀՀ նախագահն էլ պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի եւ սահմանադրական որեւէ փոփոխություն պատճառաբանի հասարակությանը։ Ո՛չ Հայրիկյանի հանձնաժողովի անդամների, ո՛չ Դավիթ Հարությունյանի հանձնաժողովի անդամների ազգանունները հասարակությանը ոչինչ չեն ասում։ Նրանք, լինեն հանճարներ, թե շարքային մահկանացուներ, չեն կարող կշիռ հաղորդել իրենց կողմից նախապատրաստվող առաջարկների փաթեթին։ Թերեւս նախագահ Քոչարյանի անձնական մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացին լրջություն կհաղորդի, այլապես նորակազմ հանձնաժողովն էլ կաշխատի նույն կերպ, ինչ Քաղաքական խորհուրդը՝ կգումարեն նիստեր, կկայացնեն որոշումներ, կվերանայեն որոշումներ, դրանք նախագահին կներկայացնեն, հերքում կամ հաստատում կստանան եւ… կդրվի վերջակետ՝ երկրի հասարակական-քաղաքական կյանքում չփոխելով ոչինչ։

Այդ կերպ եղել է 98-ից ի վեր, նույն կերպ էլ կշարունակվեր, եթե Կարեն Սերոբիչը, ստանձնելով ԱԺ նախագահի պաշտոնը, իր կողմից խոստացած չլիներ սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանք ծավալել։ Հանրաքվեից առաջ սահմանադրական որեւէ փոփոխություն պետք է արժանանա ԱԺ 2/3-ի հավանությանը։ Հետեւաբար, եթե ԱԺ-ում լրջորեն սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատեն եւ որոշեն երկրում սահմանադրական կարգը դարձնել խորհրդարանական, նախագահ Քոչարյանը կհայտնվի խաղից դուրս վիճակում։ Չէ՞ որ մեկ տարուց էլ ավել նրան առընթեր աշխատած հանձնաժողովը ջանացել է փոխել սահմանադրությունը՝ միաժամանակ այն չփոխելով։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031