Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանսով նստածները

Օգոստոս 06,1999 00:00
bant

«Պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ իրավունքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 4)։

Սա մեր սահմանադրական կարգի 13 սյուներից չորրորդն է, մեր լիբերալ-դեմոկրատական պետության էությունը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր մակարդակի իշխանությունները եւ պետական պաշտոնյաները կոչված են ծառայելու սրան։ Կալանավորի ինչ-ինչ իրավունքներ ու ազատություններ (ազատ տեղաշարժի, աշխատանքի ազատ ընտրության, հանգստի) ժամանակավորապես չեն գործում կամ սահմանափակվում են՝ հասկանալի է։ Սակայն կալանավորի իրավունքներն ու ազատությունները որոշելիս գերական պետք է անմեղության կանխավարկածը լինի՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Այսօր դժվար չէ համոզվել, որ կալանավորված քաղաքացին հայտնվում է մի հակասահմանադրական իրավական դաշտում։ Կալանատունը, որի գործունեությունը կարգավորվում է ՍՍՀՄ ներքին գործերի նախարարության 1950-80-ականների փակ-գաղտնի նորմատիվ ակտերով, գործում է ի հեճուկս մարդու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված հանրաճանաչ իրավունքների ու ազատությունների։

Գրել կալանատան մասին, նշանակում է խոսել ավանդաբար փակ ու ինքնաբավ մի աշխարհի մասին։ Առայժմ ծանոթ եմ միայն թիվ մեկ քննչական մեկուսարանին եւ ելնում եմ նրանից, որ սա ամենալավ կալանատունն է, իսկ նրա պետը հանրապետության ամենաբարեխիղճ պետն է (ուզում եմ, որ այդպես լինի)։ Բայց խնդրո առարկան, ընդհանրապես, կալանավորի անազատությունն է ու նրա իրավունքները կալանատանը։

Դրանց մեջ գլխավորը կյանքի իրավունքն է, քաղաքացու անձեռնմխելիությունը։ Իսկ քանի որ մեր կյանքը ոչ միայն գերագույն արժեք չէ ու նրա բարելավումը՝ գլխավոր նպատակ, ուստի մարդու անձեռնմխելիությունն էլ իրավական կատեգորիա չէ։ Քրեական դատավարության գործող օրենսգրքով քրեական գործի հարուցումը կարող է տեւել մինչեւ 10 օր, «քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում»։ Իսկ դատաքննության ժամկետը անսահմանափակ է։ Թվում է, թե կալանավորումն էլ որպես խափանման ամենախիստ միջոց, պիտի տեւի երկու ամսից ոչ ավելի։ Գործող օրենքով մեղադրյալը կարող է կալանքի մեջ գտնվել մինչեւ մեկ տարի (սրա մեջ չի մտնում դատաքննության ժամանակը)։ Իմ քրեական գործի հարուցումը տեւեց մեկ տարի, իմ քրեական գործով նախաքննությունը ձգվում է չորս ամիս ու վերջը չի երեւում (փաստերի փնտրտուքը շարունակվում է, իսկ մեղադրանքի հիմնավորվածության աստիճանը չի բարձրանում)։

Ես այստեղ դեռ չեմ հանդիպել 15-20 օրով, մինչեւ երկու ամսով կալանավորվածների։ Արմենը նստած է 4,5 ամիս, Գագիկը՝ 7,5 ամիս, Համլետն ու Վանոն (Դավթյան)՝ 3,5 ամիս ու մի այդքան էլ աչքի առաջ ունեն։ Ոչ մեկը մարդասպան չի, ոչ էլ կազմակերպված բանդայի կամ միջազգային հանցախմբի ներկայացուցիչ։ Բոլորին էլ մեղադրանք է ներկայացվել առաջին անգամ։ Բոլորն էլ ընտանիք ունեն, խնամքի տակ, անչափահաս երեխաներ։ Ողբերգություն է՝ նախաքննության եւ դատաքննության մեջ ժամկետն ավելի է ձգվում, քան դատարանի վճռով ազատազրկման ժամկետն է։ Գագիկը՝ չորս երեխայի հայր, տան միակ աշխատողը, 7,5 ամիս անազատության մեջ էր։ Այո, հանցանք էր գործել, ընդունել իր հանցանքը, բայց հանցանքի դատական ձեւակերպման համար երկու ամիսը լիուլի բավական էր։ Եվ դատարանը բավարարվեց արդարացիորեն նստած ժամկետով։ Ինչո՞ւ ենք մարդուն զրկում ապրելու իրավունքից, եթե անգամ նա հանցանք է գործել։

Կալանելու իրավունքը նոր օրենսդրությամբ տրվեց միայն դատարանին։ Թվում է, քայլ է առաջ՝ մարդու անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության առումով։ Ավա՜ղ… դատարանն այս հարցում նախաքննության մարմնի (դատախազության) ձեռքի դակիչն է։ Քննիչը շահեց՝ կալանելու պատասխանատվությունը փոխանցեց դատարանին, իսկ վճիռը միեւնույն է՝ ինքն է կայացնում։

Արդեն երեք ամիս ես՝ իմ պաշտպանների, պաշտպանության հասարակական խորհրդի ու լայն հասարակական աջակցությամբ չեմ կարողանում օգտվել իմ Սահմանադրական իրավունքից՝ մասնակցել դատարաններում իմ կալանման միջնորդության քննությանը, երբ «որպես կանոն» օրենքով պետք է մասնակցեմ։ Այստեղ դեռ չեմ հանդիպել ձերբակալվածի, ով այդ բախտին արժանացել է։ Գտեք մեկին, նկարը փակցրեք, ճանաչենք ընտրյալին։

Առաջարկում եմ Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին պարզել, թե 1999-ին Հայաստանի դատարանները կալանման քանի՞ որոշում են կայացրել, նախաքննության մարմնի կալանման քանի՞ միջնորդություն է մերժվել, կալանատանն այսօր գտնվողը, միջին հաշվով, քանի՞ ամիս է նստած…

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031