Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴՆԵՐ՝ ԳԼԽՈՎ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՔԱՐԻՆ ԶԱՐՆՎԱԾ

Օգոստոս 06,1999 00:00
qnnutyun

Մրցակցություն՝ ոչ հօգուտ դիմորդի

Ցանկացած համեմատություն կամ մրցակցություն որոշակի լարվածություն է պարտադրում. բուհերի ընդունելության հայոց լեզու գրավոր քննության երկու հանձնաժողովների միջեւ միշտ էլ մրցակցություն եղել է։ Այն այս տարի առավել սրում է այն հավաստիացումը, որ դիմորդների բաշխումը կատարվել է խառը, առանց տեխնիկական ու հումանիտար բաժանման։ Լրագրողներս պարզապես արձանագրում ենք այդ մրցակցությունն ու դրա հետեւանքները՝ չնայած երեկ մեղադրվեցինք որոշ հարցեր «արհեստականորեն ուռճացնելու», նույնիսկ՝ «ֆետիշացնելու» մեջ։ Մեղադրանքը մասնավորապես երկու հանձնաժողովների նշանակած 20 միավորների թվի տարբերությանն էր առնչվում՝ թեպետ այս դեպքում ուճացնելու խնդիր չկար, թվերն ինքնին հստակ էին։ Բացատրությունները կարող էին տարբեր լինել։ Ինչեւէ, քանի որ այս եւ մի քանի այլ հարցերի վերաբերյալ արդեն ներկայացրել էինք հայոց լեզվի առաջին հանձնաժողովի նախագահի պարզաբանումները, երեկ նույն ցանկությամբ այցելեցինք հայոց լեզվի երկրորդ հանձնաժողովի քննությանը։

Հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Ղազարյանի «օրհնությամբ»՝ «Առավոտի» հարցերին պատասխանելու բեռը ստանձնեցին փոխնախագահներ Լեւոն Հայրապետյանն ու Սերժ Սրապիոնյանը։ Իսկ I հանձնաժողովի նշանակած 20 միավորների մոտ կրկնակի գերազանցությունը II հանձնաժողովի նկատմամբ Լ. Հայրապետյանը «պատահականության գործոնով» պայմանավորեց։ Ս. Սրապիոնյանն էլ հավելեց, որ այսօր արդեն 20 միավորների տարբերությունը մեծ չէ եւ հիմա էլ իրենց են մեղադրում, որ սկսել են 20 միավոր շատ նշանակել։ Չնայած «Առավոտին» էլ լուրեր են հասնում, թե առաջին հանձնաժողովին են ճնշում, որ շատ 20 միավորներ չնշանակեն։ Գնահատման չափանիշները համաձայնեցված են երկու հանձնաժողովների միջեւ եւ զրուցակիցներիս պնդմամբ դրանք կարող են նվազագույն տարբերություններ ունենալ՝ «անհատական մոտեցումներով» պայմանավորված։ Իրենց գնահատման օբյեկտիվությունը պարոն Հայրապետյանը փորձեց հիմնավորել բողոքարկման քիչ թվով՝ յուրաքանչյուր օր միջին հաշվով մի 25 բողոքարկում է լինում, որի արդյունքում փոխվում է 2-3 գնահատական։ Սա «շատ չնչին տոկոս» որակվեց։

Այս հանձնաժողովների աշխատանքում մի տարբերություն էլ քննությունների ու ստուգման ընթացքին հետեւող լիազոր ներկայացուցիչներն են արձանագրել. II հանձնաժողովն իր աշխատանքն ավարտում է երեկոյան ժամը 9-ի մոտերքը, իսկ I-ը՝ գիշերվա 2-3-ին։ Ժողովուրդը սրա իր բացատրությունն ունի, ըստ որի II հանձնաժողովն ավելի արագ, բայց անփույթ է ստուգում։ Բնականաբար ժողովրդական վարկածը ժխտվեց, իսկ II հանձնաժողովի վարկածն այն էր, որ իրենց ստուգման արագությունն ու օպերատիվությունն ավելի մեծ է։ Մանավանդ որ, տետրերը ստուգում են տարբերակներով, ինչն ավելի է հեշտացնում գործը։ Ս. Սրապիոնյանը, հօգուտ իրենց արագ աշխատանքի ապացուցման, մի փաստարկ էլ շեշտեց, որ քննարկումներն իրենց մոտ շատ արագ են ավարտվում։ «Նախագահը եթե կարծում է, որ երկու զուգաձեւություններն էլ ճիշտ են, փակվում է խնդիրը։ Եթե կարծում է, որ երկու զուգաձեւություններից ճիշտ է միայն այս մեկը, խնդիրը նորից փակվում է, քննարկում չի լինում։ Ինձ հասած տվյալներով այնտեղ (I հանձնաժողովում- Ն.Հ.) քննարկումները տեւում են մինչեւ երեկոյան ժամը 6-ը, երբ մենք աշխատանքների 60%- 70%-ը արդեն ստուգած ենք լինում»։ Բռնացնելով խոսքի վրա՝ «Առավոտը» հետաքրքրվեց՝ մի՞թե զուգաձեւություններից այս կամ այն տարբերակը ընտրելը նախագահի սուբյեկտիվ ճաշակով պիտի լինի։ Եթե կա բանավեճ, հօգուտ դիմորդի չպիտի՞ հարցը լուծվի եւ չպե՞տք է դիմորդի նշած տարբերակը ցանկացած դեպքում ճիշտ համարվի։ Ս. Սրապիոնյանի պատասխանն այս էր. «Եթե երկու գիտությունների թեկնածու կամ երկու լուրջ մասնագետ վիճում են, հարցը փակվում է, ուրեմն՝ ճիշտը դիմորդն է»։

Պարոն Հայրապետյանն էլ վստահ հավելեց. «Մենք հաշվի ենք առնում առկա բոլոր գիտական տեսակետները եւ բոլոր երկվությունները միանգամայնորե՛ն համարվում են ճիշտ»։ Եվ վերջում մի մեջբերում էլ զրուցակիցներիս խոսքից. Ս. Սրապիոնյանի բնորոշմամբ նման հեշտ թեստերից, ինչպիսիք հայոց լեզվինն են, բացասական գնահատական կարող է ստանալ միայն նա, ով «ծննդյան փուչ օրից մինչ դիմորդ դառնալը գլխով երեք անգամ թափով զարնված լինի քարին»։

Ախթունգ, ախթունգ

Ի հակադրություն հայոց լեզվի մոտ 200 հոգիանոց մեծ լսարանի, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի փոքր լսարաններից մեկում տեղավորված գերմաներեն գրավոր քննությունը ինչ-որ ընտանեկան, հանգիստ մթնոլորտ էր ներշնչում։ Մանավանդ որ, լիազոր ներկայացուցիչն էլ, հավանաբար շատ վստահելով հանձնաժողովի նախագահ Մելանյա Աստվածատրյանին, հարեւան սենյակում իր համար հանգիստ նստած էր։ 20 միավորներն այստեղ էլ են շատ, ի տարբերություն գերմաներեն բանավորի, ուր 20 միավոր դեռ չկա։ Տիկին Աստվածատրյանի համեմատությամբ, գրավոր քննությունն ավելի հեշտ է, քանի որ շտեմարանները կային եւ երեխաները շատ լավ պարապել են, ավելի ճիշտ՝ անգիր արել, հաճախ մի կարգին չընկալելով յուրացրածը։ Մինչդեռ բանավոր քննության ժամանակ լեզվի իմացության, լեզվամտածողության եւ մյուս կարողությունների մասին ճիշտ պատկերացում կազմելն ավելի հեշտ է ստուգողի, դժվար՝ ստուգվողի համար։ Հանձնաժողովի նախագահն ընդունեց, որ տարբերակներում վրիպակներ լինում են, ի դեպ, դրանք առավել հաճախ հենց դիմորդներն են ուղղում, ոչ թե նախագահը։ Վերջինս նաեւ խոստովանեց, որ դիմորդներն ինչքան հարցեր տալիս են, բոլորին էլ պատասխանում է, ընդ որում՝ բարձր, որ մյուսներն էլ լսեն։ Դրանում մենք էլ համոզվեցինք։ Ատանսիոն, ատանսիոն Ֆրանսերենի գրավոր քննության գնահատականներն էլ են շատ բարձր եւ 20 միավորները՝ շատ։

Սակայն հանձնաժողովի նախագահ Արամ Բարլեզիզյանը վստահեցնում է, որ դրա հետ կապված բարդույթ ինքը չունի. «Ես խնդրել եմ իմ հանձնաժողովի անդամներին ձերբազատվել այդ հոգեբանական պատնեշից, թե հանկարծ 20-ները շատ չլինեն, հանկարծ կասեն ինչո՞ւ է այդքան շատ 19 միավոր… Ո՛չ, եթե երեխան գրել է, արժանի է, նա պիտի ստանա։ Ինչ ուզում է, թող ասեն մեր մասին»։ Այս տարի ֆրանսերեն հանձնող դիմորդների թիվը մոտ 100-ով ավելացել է ու այս դեպքի համար է ասված՝ քանակը նաեւ որակ է, քանի որ դիմորդների մակարդակը, ըստ հանձնաժողովի նախագահի, այս տարի ավելի բարձր է։ Այս դեպքում էլ շտեմարանի վաղ հայտնվելու ու այն անգիր անելու փաստը շեշտվեց։ Գրավորի ու բանավորի տարբերությունն այստեղ եւս ակնհայտ է։ Պարոն Բարլեզիզյանի խոստովանությամբ՝ «բանավորին ավելի խիստ ենք լինում, քանի որ բանավոր քննություն հանձնում են նրանք, ում համար դա հիմնական քննություն է»։ Եթե գրավորի դեպքում դժվար է գլխի ընկնելը, ապա բանավորի ժամանակ ակնհայտ է, թե ով է կրկնուսույցի մոտ պարապել։ Հանձնաժողովի նախագահը մեկ անգամ էլ հաստատեց բոլորիս հայտնի իրողությունը, որ դպրոցի տված գիտելիքներով ոչ ոք բարձր գնահատական չի ստանա։

Ի պատասխան լիազոր ներկայացուցիչներից մեկի այն մտահոգության, որ ֆրանսերեն գրավորներում շատ են նշաններով աշխատանքները (հիշեցնենք, որ դրանք առանձնացվում են եւ ստուգվում ողջ հանձնաժողովով, կոլեգիալ), պարոն Բարլեզիզյանն ընդունեց, որ այդ օրը լիազորը երեք գրավոր էր առանձնացրել, սակայն ոնց որ թե այնքան էլ հակված չէր, դրանք «նշանով տետր» որակել՝ հավաստիացնելով, որ ասենք՝ տետրում դատարկ թողած տողերն ու բառերի տեղերը ոչ թե նրա համար էին, որ ստուգողը դրանք լրացնի, այլ դիմորդը ինչ հիշել, գրել է, ինչը՝ ոչ, թողել է դատարկ, որ գոնե հիշածի համար գնահատվի։ Ու բնականաբար, վստահեցրեց, որ իրենք շատ ազնիվ են աշխատում։ Ինչեւէ, զերծ ենք մնում գնահատականներից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ հանձնաժողովների տեսակետներն այսպես բարեխղճորեն արձանագրում ենք, որ երբ նրանց խոսքի ու գործի միջեւ հակասություն տեսնեք, դիմեք մեզ։ Հայոց լեզվի հանձնաժողովների առնչությամբ արձագանքը՝ մեր վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031