Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼՎԱԾ ՀՆԱՐՔՆԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ

Օգոստոս 06,1999 00:00
brncqamart

1999 թվականի հուլիսի 2-ի «Առավոտ» թերթում տպագրված «Բռնցքամարտ գյուղում» վերնագրով հոդվածը մեծ զարմանք առաջացրեց Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչների մեջ, որովհետեւ գյուղում ոռոգման ջրի հարցերը այնքան էլ բարդ չեն, ինչպես հոդվածում նկարագրել է նույն գյուղում բնակվող լրագրող Զիլինա Մնացականյանը։

Ամենից շատ զարմացան խոսակցությանը ներկա գտնվողները, որ հասարակության կողմից հարգված գյուղապետարանի քարտուղարի եւ նրա ընտանիքի անդամների անուններն անհիմն արծարծվեցին մամուլում։ Քանզի հոդվածի վերնագիրն էլ հուշում է, որ այդ բոլորը սուտ է եւ զրպարտություն լրագրողի կողմից։ Թե՛ գյուղի ինչ-որ հանդամասում եւ թե՛ գյուղապետարանում լրագրողի հետ, որը իրեն հոդվածում ներկայացրել է որպես «միայնակ ջրվոր աղջիկ», ծագած փոքրիկ վիճաբանությանը կամ խոսակցությանը ներկա են գտնվել համագյուղացիներ, որոնք ժխտում են տպագրված հոդվածի բովանդակությունը, որովհետեւ հայհոյանք չի եղել, քաշքշոց չի եղել, ծեծ ու ջարդ չի եղել, բռնցքամարտ էլ տեղի չի ունեցել։ Ուղղակի վիճաբանությունը տեղի է ունեցել լրագրողի հետ։ Դե ինչ։ Այդքանն էլ բավական է լրագրողին՝ մի մեծ գործ կազմելու՝ գույներ տալով կատարվածին կամ չկատարվածին, հաշվի չառնելով, որ համագյուղացիներ են, նույն հող ու ջրի մարդիկ։

Գողանալով խոսակցի բերանից բառեր կամ նախադասություններ, միտքը կեղծելով, դրանց ավելացնելով սուտ բառեր անմիջապես հասցնում է Էջմիածնի ներքին գործերի բաժին։ Ստուգում են հանգամանքները, ոչինչ չեն գտնում «մեղավորներին» պատժելու համար։ Եվ որպեսզի լրագրողն իրեն պարտված չզգա, ՆԳԲ-ի քննչական բաժանմունքում մի կերպ համարելով կատարվածը «մանր խուլիգանություն»՝ տուգանում են 1500 դրամի չափով եւ գործը վերջացնում։ Լրագրողը չի բավարարվել այդքանով, պահանջելով ավելի խիստ պատիժ քարտուղարին եւ նրա ընտանիքին, ինչպես նաեւ «ջրի մարդուն»՝ Հակոբ Բեյբությանին, որը չորս երեխաների հայր է, ազնիվ եւ բոլորին բարի ցանկացող աշխատավոր մի մարդ, որին ցանկանում է գործից ազատել։

Հոդվածը տպագրվեց «Առավոտ» թերթում։ Հացահատիկը հասավ։ Առատ բերք էր սպասվում Զիլինային, չէր կարող ապացուցել մարդկանց, որ քարտուղարի տղաների պատճառով վնասվել է ցորենի արտը, ուստի ստիպված հնձեց հացահատիկը եւ տեղավորեց։ Քարտուղարը վրեժխնդրությամբ չի լցվել լրագրողի հանդեպ, այլ բողոքում է նրա համար, թե ինչպես այս չնչին ու անհեթեթ վիճաբանությունը գյուղապետարանից հասավ շրջանի դատարան, հետո մամուլ, էլի ինչ-որ տեղեր, ով գիտի՝ գուցե հարցը ՄԱԿ-ին էլ հասնի։

Այդ օրվանից անցել է երեք ամիս, սակայն Զիլինան չի կարողանում հաշտվել իր մտքերի հետ։ Կատարվածը դարձրել է մի մեծ պատմություն, կեղծված պատմում է որտեղ պատահի՝ տրանսպորտում, պատահած ծանոթներին եւ գյուղի անկյուններում։

Ինչ է նշանակում դա, ի՞նչ է լրագրողի ուզածը՝ այդպես էլ գյուղապետարանում չիմացան։ Գուցե ուզում է ցույց տալ համագյուղացիներին, որ ինքը զորեղ մարդ է, որ լրագրող է, ուրեմն ամեն ինչ կարող է անել, կամ էլ ուղղակի ցանկանում է, ելնելով անձնական շահերից, վերժխնդիր լինել քարտուղարից՝ նրա տղաների նկատմամբ քրեական գործ հարուցելով կամ էլ ինչ-որ տույժի ենթարկելով։ Չմտածելով, որ կանցնեն տարիներ, քարտուղարն էլ չի աշխատի, լրագրողն էլ, սակայն նրանց լավ ու վատ գործերը կհիշվեն դարեդար։

Ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը.

Գործն է անմահ, լավ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնեկ նրան՝ ով իր գործով

Կապրի անվերջ, անդադար։

Ինձ գյուղում բոլորն են ճանաչում, միայն ցավում եմ նրա համար, որ «Առավոտ» թերթի խմբագիրը, տեղյակ չլինելով գործին, նույնիսկ չգիտի էլ քարտուղարի, նրա տղաների, գյուղապետարանի աշխատակիցների եւ ջրի մարդի՝ Հակոբ Բեյբությանի վարքագծի մասին, անհիմն կերպով հոդվածը տպագրել է «Առավոտ» թերթում։

Ինչո՞ւ են թերթը «Առավոտ» անվանել, չէ՞ որ առավոտը մարդու կյանքի արշալույսն է, որ մաքրություն է սիրում։

ՍԵԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հավատարիմ «Առավոտի» սկզբունքներին, մենք վիճող երկու կողմին էլ հնարավորություն տվեցինք արտահայտվել մեր թերթում։ Ի վերջո, ցանկացած տեքստ ինքն ավելի է բնութագրում հեղինակին, քան ամենալուրջ հոգեվերլուծությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031