Օրեցօր շիկանում է ոչ միայն երկրի, այլեւ բուհերի ընդունելության քննությունների մթնոլորտը։ Վտանգվում է խաղաղ ու հանգիստ քննությունների իմիջը՝ չնայած բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ կրքեր են բորբոքվում այդ առերեւույթ խաղաղության քողի տակ։ Ժողովրդական իմաստնությունը շատ տեղին է այս դեպքի համար՝ մարմանդ գետից վախեցիր։ Բայց գետն էլ է սկսում վարարել։ Բնության շիկացումը քննական կրքերի շիկացման հետ ոչ մի կապ չունի՝ չնայած առանց այդ էլ տոթ լսարանները հիմա անտանելի են դարձել, ու շատացել է բուժկետեր տարվող դիմորդների թիվը։ Մինչդեռ որոշ բուհերի բուժկետերից ահազանգեր կան, որ դեղորայք չունեն։
Իսկ «շիկացումները», քննությունների վերջին օրերին, քննությունների պատմության մեջ հայտնի իրողություն են։ Հանձնաժողովներ-լիազոր ներկայացուցիչներ այդքան գովված համագործակցությունն էլ է սկսել բախումների դեպքեր արձանագրել։ Հիստերիկ պահվածք են սկսել դրսեւորել ծնողներն ու հանձնաժողովների որոշ անդամներ։ Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը չի էլ թաքցնում իր այն համոզմունքը, որ գրավոր աշխատանքների ստուգման անփութությունները ոչ այնքան հանձնաժողովների անդամների հոգնածության, որքան իրենց անհրաժեշտ դիմորդի տետրը գտնելու համար լարվածության արդյունք են։ Առաջին հայտի գերակայությունը մղում է ծնողներին ատամներով պայքարել յուրաքանչյուր միավորի համար՝ օրինական ու անօրեն, ընդունելի ու մերժելի ցանկացած եղանակներով։ Տեղի են տալիս հանձնաժողովների նախագահների նյարդերը, ոմանք նույնիսկ հրաժարվում են լրագրողներին հարցազրույցներ տալ։ Ու այս շիկացած ֆոնի վրա չեն մոռանում երկրի մոտալուտ կործանման գուշակությունները գուժել։ Բայց նույնիսկ դրանից՝ պայքարը՝ հանուն բուհում մի տեղ ունենալու, ամենեւին չի թուլանում։ Սակայն սա սկիզբն է միայն առաջին արարի, իսկ կուլմինացիան դեռ առջեւում է։
Ն. Հ.