Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, Օ՜, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ

Օգոստոս 06,1999 00:00
Shoger Matevosyan

Հայաստանի քաղաքական դաշտը շոգից կարկամել է։ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Շողեր Մաթեւոսյանը ասում է՝ այնքան շոգ է, որ տրամադրություն չունի մտածելու կամ, առավել եւս, խոսելու քաղաքականության մասին։ Նրա միակ մտահոգությունը ինչ-որ կերպ Սեւան հասնելն է։

Նանա Թոգոշվիլին ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես է զբաղվելու քաղաքականությամբ, սակայն հստակ է, որ շարունակելու է դասախոսել պետհամալսարանում։ Շողեր Մաթեւոսյանն էլ ասում է. «Ես չեմ զբաղվելու քաղաքականությամբ, սպասելու եմ մինչեւ քաղաքականությունը զբաղվի մեզանով»։ «Քաղաքական դաշտը Հայաստանում մեռած է, կուսակցություններն ու քաղաքական գործիչներն անգործության են մատնված»։ Շողեր Մաթեւոսյանի կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանին թե՛ համակրող եւ թե՛ հակակրող ուժերը պետք է միասնաբար պահանջեն նրա վերադարձը, որի դեպքում միայն կարժեւորվի իրենց գոյությունը։ Միայն այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը եւ ներկայիս լղոզված քաղաքական դաշտը կկենդանանա, ընդդիմադիրները կրկին կպահանջեն նրա հրաժարականը, իսկ իշխանամետները ցույց կտան, չնայած առերես դժվարություններին, արձանագրված հաջողությունները։

ՍՏՈՒԳՈՂ ԵՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ

dataxazutyun

Դատախազության ամբողջ համակարգում արդեն մեկ ամսից ավելի է՝ սկսվել է համակարգի աշխատակիցների ատեստացիան։ 9 հոգուց կազմված ատեստացիոն հանձնաժողովը պետք է ստուգի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ենթադրվում է, որ աշխատանքից կազատվեն համակարգի 475 աշխատակիցներից առնվազն 80-90-ը։ Սրանց թվում կլինեն ծերունական տարիքի հասածները, քաղաքական կամ կլանային հակառակորդները, ինչպես նաեւ մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակ, ասել է թե՝ մուծվելու ցանկություն չունեցողները։

Ատեստացիան սկսվել է մարզերից եւ Երեւան կհասնի առնվազն տարվա վերջին։ Մեր մեկ այլ տեղեկատվությամբ, վարչապետ Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ հանրապետական դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ է անցկացրել պետբյուջեին պարտքեր ունեցող ձեռնարկություններում, նրանց պարտադրելով կատարել վճարումները։

Հարկային ոստիկանության այս պարտականությունը անհասկանալի պատճառներով բաժին է ընկել դատախազությանը։ Այս երկու լուրերը ճշտելու եւ հավելյալ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով դիմեցինք դատախազության լրատվության ծառայության պետ Գուրգեն Ամբարյանին, որը խոստացավ օգնել։ Դա՝ մեկ շաբաթ առաջ։ Համոզված ենք, որ պրն Ամբարյանը նախընտրում է հերքման ժանրը։

Ա. Բ.

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

vardenis

Վարդենիսի նեյրոհոգեկան տուն-ինտերնատի եւ ծերանոցի մասին «Առավոտը» բազմիցս առիթ ունեցել է պատմելու։ Երեկ Վարդենիս այցելեցին կանադական SAMA ուսանողական-երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները։ SAMA-ն՝ բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպությունը, ստեղծվել է 1996-ին։ Կազմակերպության մի խումբը զբաղվում է Հայաստանով։ Հայաստանում փախստականների կյանքի պայմաններին արդեն երեք տարի ծանոթացող կանադացի ուսանողները ի վերջո հասկացել են, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել ո՛չ փախստականների կյանքում, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիների։ Երիտասարդները հասկացել են նաեւ, որ հանրակացարաններում բնակվող փախստականներն արդեն հոգնել են իրենց այցի եկող արտասահմանցիներից եւ նրանց հարցուփորձից։ Հասկացել են ու որոշել են այլ բան անել. այս տարի հանրակացարաններում բնակվող փախստականների դպրոցահասակ երեխաների համար կանադացիները դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ են բերել։ Վարդենիսի նեյրոհոգեկան տուն-ինտերնատ եւ ծերանոց երիտասարդների այցելությունը զուտ ճանաչողական նպատակ ուներ։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031