Վահագն Գրիգորյանը մինչեւ այս Ազգային ժողովի ընտրությունները գլխավորում էր «Հայնավթամթերք» ձեռնարկությունը։ Իր վերջին ելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանն այդ ձեռնարկությունը մատնանշեց իբրեւ բենզինակիր ոլորտի ազատ մրցակցության մեջ մտնելիք պետական կառույց։
Հիշեցնենք եւս մեկ էական դետալ. Վահագն Գրիգորյանը «Հայնավթամթերքի» տնօրեն է դարձել 1993-ին, ինչից հետո աստիճանաբար կարգավորվեց բենզինի առեւտուրը հանրապետությունում։ Սակայն մինչեւ 1997 թվականը բենզինի շուկայում գրեթե անմրցակից գործած «Հայնավթամթերքն» այնուհետեւ համարյա գործունեության դաշտ չուներ։ Թե ինչով է այս ամբողջը պայմանավորված, «Առավոտին» պարզաբանում է Վահագն Գրիգորյանը։
– Այն ժամանակ մենք քլիրինգային պայմանագրեր ունեինք Ռուսաստանի հետ եւ նավթամթերքը ներմուծում էինք այդ երկրից։ Հիշենք 1993-94-ի դժվարությունները։ Մենք նավթամթերքը ներմուծում էինք հարեւան երկրի՝ Վրաստանի, տարածքով, ուր բեռները հասնում էին Ռուսաստանից։ Այդ ժամանակ Վրաստանը խիստ անկառավարելի պետություն էր, սակայն մեզ հաջողվեց կատարել անհրաժեշտ աշխատանք, ու թեպետ դժվարությամբ, իրականացնել են այն պարտականությունները, որոնք դրվել էր «Հայնավթամթերքի» վրա։
– Բայց ինչպե՞ս պատահեց, որ այդ դժվար տարիներին հաջողություններ ունեցաք, իսկ այնուհետեւ՝ ապահով Վրաստանի գոյությամբ՝ գրեթե անգործ մնացիք։
Կարդացեք նաև
– Ես հարցին պարզ պատասխան կտամ։ Նորաստեղծ պետություն էր Հայաստանը, հռչակվել էր ազատ շուկայական հարաբերություններ, երբ յուրաքանչյուր անհատ եւ պետական ու ոչ պետական ձեռնարկություն կարող էր մասնակցել բենզակրման գործին։ Պետական ձեռնարկությունը հարկերից խուսափել գրեթե չի կարող. դա համարյա թե անհնար է։ Իսկ ոչ պետական ձեռնարկությունները որոշակի հնարավորություններ ունեին, որպեսզի կարողանային թեթեւացնել իրենց հարկային վճարումները։
– Կարծես թե ակնարկում եք, որ ոչ պետական ձեռնարկությունները կարող են շրջանցել օրենքները եւ հարկերը վճարել փոքր դրույքաչափերով։
– Մեր խորհրդարանում ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքի սողանցքներից ոչ պետական ձեռնարկությունները կարող էին օգտվել՝ վճարումների առումով, իսկ պետական ձեռնարկությունը նման հնարավորություն չուներ։ Այդ պատճառով է, որ մենք հետագայում չէինք կարողանում մրցակցել ոչ պետական ձեռնարկությունների հետ։
– Դա՞ է միակ պատճառը, որ բենզակրման բնագավառում սկսեցին տոն տալ հիմնականում մասնավոր ձեռնարկությունները։
– Կարծում եմ՝ այո։
– Այդ դեպքում, ո՞նց հասկանամ Վազգեն Սարգսյանի մոտեցումը, որ «Հայնավթամթերքի» վրա է դնում բենզակրման շուկայում ազատ մրցակցության մեջ մտնելու պետության իրավունքը, երբ դուք չեք կարող գործող օրենսդրության շրջանակներում մրցակցել ուրիշների հետ։
– Կառավարությունն ունի մասնագիտացված պետական ձեռնարկություն, որի վրա պատասխանատվություն դնելը ամենեւին էլ պատահական չէ։ Այժմ նրան է վերապահված բենզակրման աշխատանքը։ Հիմա վիճակը տարբեր է. հաստատագրվել է ակցիզային հարկի նոր չափ, որի պայմաններում պետական ձեռնարկությունը բավականին դյուրությամբ կարող է մտնել մրցակցության մեջ։
– Իսկ արդյո՞ք դրանով չեն փակվի հնարավորությունները նավթամթերքի ներկրման գործով զբաղվող այն ձեռնարկությունների առջեւ, որոնք մինչեւ հիմա էլ այդ գործի մեջ են։
– Ես այդպես չեմ մտածում, որովհետեւ վարչապետն իր ելույթում շեշտեց՝ ազատ շուկայական հարաբերություններում ազատ մրցակցություն պետք է լինի։ Մյուս բոլորը եւս կարող են մասնակցել բենզինի ներկրման գործին եւ այդ դեպքում որեւէ մեկը որեւէ մեկին արհեստականորեն չի խանգարի։
– Ձեր ընկերներից լսել եմ, որ լավ հարաբերություններ ունեք հարեւան հանրապետությունում, նկատի ունեմ Վրաստանը։ Չե՞ք կարող էնպես անել, որ բենզինը դրա շնորհիվ էժանանա։
– Չեմ թաքցնում եւ բոլորը գիտեն, ընդհուպ մինչեւ կառավարության անդամները, որ իմ անձնական հարաբերությունները որոշակիորեն անդրադարձել են, որպեսզի դժվար տարիներին ապահովվի բենզինի անխափան մուտքը Հայաստան։ Հիմա էլ կփորձենք։ Մենք հիմնականում գործ ենք ունեցել Վրաստանի տարածքում՝ Աջարիայի ղեկավարության հետ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել մեր գործում արդյունավետ գործունեություն ծավալելու համար։
– Այդ դեպքում ընդհանրապես չեմ հասկանում ձեր արածը. եթե այդքան լավ ծանոթություններ ունեք եւ այդքան խորագիտակ եք բենզակրման հարցերում, ինչո՞ւ թողեցիք «Հայնավթամթերքի» տնօրենի պաշտոնը եւ դարձաք ԱԺ պատգամավոր։
-Ընտրություններից առաջ մամուլում եղան մեկնաբանություններ, թե ես ամբողջ չորս տարի պառլամենտում որեւէ ելույթ չեմ ունեցել, կամ չեմ աշխատել որեւէ օրինագծի վրա։ Իրոք այդպես է, որովհետեւ ժամանակ չեմ ունեցել եւ զբաղված եմ եղել գործով՝ լինելով տնտեսական բնագավառի աշխատող։ Այն ժամանակ իմ գործը տնտեսությունն էր։ Համարում եմ, որ այդ տարիները բաց եմ թողել ու հիմա էլ մտածում եմ, որ այս չորս տարում կլրացնեմ բաց թողածը։
– Նավթամթերքի ներկրման գործում մեծ փորձառություն ունեցող անձնավորություն իբրեւ, կարո՞ղ եք մատնանշել այն թվերը, որոնցով չափվում է Հայաստան ներմուծվող բենզինը։
– Հայաստան ներկրվող բենզինի քանակությունները չեն կարող պակաս լինել, քան 25 հազար տոննան։ Դրանք ամսական հասնում են մինչեւ 30 հազար տոննայի։ Այդ հիմքով էլ հաշվենք, թե ինչ գումար կարող է մտնել բյուջե, երբ այլեւս մեկ տոննայի համար հաստատագրված հարկ է սահմանվել 205 դոլարը։ Կարծում եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում, բենզինի շուկայական գների վրա 80 դոլարի թանկացումը չի անդրադառնա։ Եթե ժողովուրդը համակերպվի 20 լիտրը 4000-4200 դրամով գնելուն, ապա շատ հնարավոր է այդ գները պահել ստաբիլ վիճակում։ Այսօր, երբ բենզինի միջազգային գներն իրենց բարձրության վրա են եւ հասնում են 210-220 դոլարի, ու եթե այդ պայմաններում էլ հնարավոր է գները պահպանել 4000-4200-ի սահմաններում, ապա հետագայում նույնպես հնարավոր կլինի։ Մի բան էլ ասեմ՝ մենք պետք է հրաժարվենք չափի գռեհիկ միավորից՝ կանիստրից։ Մեծաքանակ բենզինը չափվում է տոննաներով, իսկ լիցքավորման կայաններում՝ լիտրերով։ Բենզինը կանիստրով չի չափվում, այլ՝ լիտրով, ուստի պետք է բոլոր լիցքավորման կայաններում ներդնենք լիտրով առեւտուր անելու սկզբունքը։ Կանիստր չափն անհարմար է քաղաքակիրթ երկրի համար։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում գների իջեցման հնարավորություն էլ կլինի, որովհետեւ միջազգային գները երբեք 180 դոլարից բարձր չեն եղել։
– Ժամանակ առ ժամանակ մեր մամուլը գրում էր, որ միջազգային շուկայում ընկավ բենզինի գինը, սակայն Հայաստանում այն մնում էր ստաբիլ։ Ինչո՞վ դա բացատրել, եւ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է միջազգային շուկայում բենզինի գներն ընկնելու դեպքում Հայաստանում եւս նույնը տեղի ունենա։
– Եթե ակցիզային հարկի բարձրացումը տեղի ունենար շուրջ 2,5 ամիս առաջ, երբ բենզինի գինը միջազգային շուկայում մոտ էր 115-120 դոլարին, երբեւիցե չէր զգացվի, որ մեզանում 80 դոլարով բարձրացվել է մեկ տոննա բենզինի ակցիզային հարկը։ Մեր դեպքում՝ մեծ ներկրողից մինչեւ մանրածախ վաճառք միջակայքում էլի կան գործարար շրջանակներ, որոնք գումարներ են աշխատել։ Այն էլ ասեմ, որ միջազգային շուկայում գների ընկնելու դեպքում, իմ կարծիքով, «Հայնավթամթերքն» անմիջապես կարձանագրի այն տարբերությունը, որը տոննայի չափաբաժնով հասնելու է վաճառվող բենզինին։ Այո, մենք կփորձենք գներն իջեցնել։
– Գաղտնիք չէ, որ բենզինի ներկրումը Հայաստանում մոնոպոլ ոլորտ է եղել, բայց հիմա էլ վտանգ կա, որ «Հայնավթամթերքը» կարող է այդ մենաշնորհն ունենալ ու մյուսներին խեղճացնել։
– Որքան ես տեղյակ եմ, բենզինի ներկրմամբ մեկ ձեռնարկություն չի զբաղվել, մի քանիսն են զբաղվել, ինչը փաստ է մոնոպոլիա գոյություն չունենալու մասին։ Հիմա էլ մոնոպոլիա չի լինի, եւ չեմ էլ կարծում, որ «Հայնավթամթերքը» նման մտադրություններ ունենա։ Իհարկե, ճիշտ կլինի, որ կազմակերպությունը ձգտի մեծ քանակությամբ բենզին ներկրել Հայաստան, սակայն մոնոպոլիայի ձգտում չպետք է ունենա։ «Հայնավթամթերքը» բոլոր հնարավորություններն ունի բոլորից ավելի բենզին ներկրելու համար, եւ այդ հիմքով էլ նա բազմաթիվ հնարավորություններ ունի բենզինի շուկան կարգավորելու համար։
Զրույցը վարեց
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ