Հիմա մեզ մոտ ով բերանը բացում, «սպիդ» է ասում, մենք «Արմենիկում» ենք հասկանում։ Մեր նորահայտ «կյանքի էլիքսիրը» մեզ ամենակարեւոր բանն է թվում, համարյա երկրի առանցքի նման։ Ու հենց դրսից մարդ է գալիս, օձիքը բռնում ենք ու ստիպում, որ մեր «Արմենիկումին» սեր բացատրի։
ՄԱԿ-ի ՁԻԱՎ-ի ծրագրի խորհրդատու Էնդրյու Ամատո-Գաուչին Հայաստան է եկել «ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՎ-ի» կանխարգելման ազգային ստրատեգիական գործողությունների ծրագրի իրականացմանն աջակցելու առաքելությամբ։ Եվ միայն։ Այս ծրագիրը մշակվել է դեռեւս 1998-ի սեպտեմբերին եւ ստորագրվել այս տարվա հուլիսի 26-ին։ Պրն Գաուչին այստեղ հանդիպելու է մեր կառավարության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրի իրականացումը հեշտացնելու համար։ Այսքանը հազիվ էին հասցրել մամլո ասուլիսի կազմակերպիչներն ասել, երբ մենք նրանց, ավելի ճիշտ ՄԱԿ-ի փորձագետի, «քթին դեմ տվինք» մեր «դարի գյուտը»։ Պրն Գաուչին «Արմենիկումը» դեղ չի համարում, քանի որ դրա մասին «գիտական տվյալներ չեն ներկայացվել»։ Սակայն նա «հետաքրքրությամբ հետեւում է զարգացումներին» եւ հենց բժիշկներից՝ առաջին աղբյուրից, իր իմացածներից է եզրակացրել, որ «Արմենիկումին» դեռեւս դեղ չի կարելի անվանել։
Լրագրողներս ստիպված էինք հիասթափություն ապրել նաեւ այն բանից, որ, ի տարբերություն մեզ, պրն փորձագետի գալուստը Հայաստան եւ մեր «հրաշագործ դեղի» հայտնագործումն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Նրա ներկայացրած ծրագիրը միայն կանխարգելման եւ ոչ թե բուժման նպատակ ունի։ Արդեն գրեթե մեկ տարի է, որ մեր ՍՊԻԴ-ի կենտրոնի եւ առողջապահության նախարարության հրապարակված տվյալները ՄԻԱՎ վիրուսակիրների եւ մահացածների մասին հետեւյալն են՝ 73 վիրուսակիր, 13 մահացած։ Այս թվերը արդեն վաղուց առաջին թարմության չեն եւ, մեղմ ասած, այնքան էլ արժանահավատ չեն վերոնշյալ ծրագրի հիմքում դրվելու համար։ Համենայնդեպս այդպես կարելի է եզրակացնել այն փաստից, որ 32500 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի առաջին փուլը հանրապետությունում սպիդի հետ կապված իրավիճակը պարզելն է (վիրուսակիրների, հիվանդների քանակ, ռիսկի խմբեր եւ այլն)։
Ծրագիրը նախատեսված է ավարտել ութ ամսում, մինչեւ եկող տարվա ապրիլ։ Կանխարգելման ծրագրի մասին առանձնապես մանրամասներ չիմացանք, սակայն մի հետաքրքիր դետալ կարելի է առանձնացնել։ Կանխարգելիչ միջոցառումների շարքում նշվեց այն, որ թմրամոլներին պետք է քարոզել սովորական ներարկիչներ օգտագործելու դեպքում գոնե դրանք եռացնել։ Մեծ երեւակայություն պետք չէ պատկերացնելու համար ներարկումից առաջ թմրամոլի անհամբերությունը, սակայն ներարկիչը եռացնելու, երակները սպիրտով մշակելու եւ անտիսեպտիկ այլ միջոցառումներ իրականացնելու նրա ջանասիրությունը պատկերացնելն, իրոք, երեւակայություն է պահանջում։
Կարդացեք նաև
Վատ չի, վատ չի. այս ծրագիրը թող իր բաշարածի չափով կանխարգելի, ինչ էլ չհաջողվի, «Արմենիկումի» «ջանը սաղ լինի»։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ