Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏՎԻՆ ՊԱՐԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ

Օգոստոս 06,1999 00:00
vardan oskanyan

Լրագրողներիս համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ դատողություններ անելը հավասարազոր է պարկի մեջ գտնվող կատվի մասին խոսելուն։ Մինսկի խմբի ոչ հին մերժված փաթեթին էինք ծանոթ, ոչ էլ նոր մերժվածին, բայց դրանք համեմատում եւ այս ամենի մասին հարցեր ենք ուղղում պետական այրերին։

Հին ու նոր սկզբունքներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում եւս մեկ անգամ հստակեցրեց միայն այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում. «Մենք հետապնդում ենք այնպիսի լուծում, որտեղ կունենանք պայմանագրային, հորիզոնական հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, կապահովվի Ղարաբաղ-Հայաստան, աշխարհագրական առումով, անխափան կապը եւ նաեւ կլինեն միջազգային երաշխիքներ այդ բոլորի կիրառման առումով»։ Որեւէ նոր սկզբունք չհնչեց՝ անցած 7 տարիներին ճիշտ նույն սկզբունքներն էին Ղարաբաղի հարցում Հայաստանի քաղաքականության առանցք, հիմք հռչակվել. «Որոշ չափով, այո՛, ընդունում եմ,- համաձայնեց պրն Օսկանյանը։- Միշտ էլ այս 3 սկզբունքներն ասվել են։ Եթե ոչ այնքան հստակ Հայաստանի իշխանությունների, բայց Ղարաբաղի կողմից միշտ էլ դրանք ասվել են, երբ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահ էր՝ այդ նույն 3 սկզբունքներն ինքն անընդհատ ներկայացնում էր։ Եվ պետք է ասեմ, որ Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունները նույնպես նման մոտեցումներ ունեին։ Բայց որոշ նրբերանգներ կան մոտեցումների մեջ եւ որոշ շեշտադրումներ, որոնք այսօր փոխվել են»։

Ժնեւից հետո

Քոչարյանի եւ Ալիեւի Ժնեւում հանդիպումից հետո գնահատականներ հնչեցին, թե միջնորդների դերը սկսում է նվազել. «Ո՛չ, չի նվազում։ Նախագահները երբեւիցե մանրամասների մեջ չեն մտնելու, չեն նստելու եւ փաստաթղթեր քննարկելու։ Նրանք խոսում են սկզբունքային հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի համաձայնությունը։ Դրանից հետո փոխանցվելու է Մինսկի գործընթացին եւ համանախագահողների դերը մեծանալու է եւ նրանք իրենց ամբողջական մասնակցությունն են ունենալու»։

Նաեւ փորձեցինք պարզել, թե իրոք համանախագահողներն այդպես էլ, ինչի մասին պրն Քոչարյանն էր հայտարարել, մանրամասն չիմացան, թե ինչի մասին էր խոսվել Ժնեւում։ «Նրանք իսկապես գիտեն այնքան, ինչքան հայտարարվել է մամուլում։ Եվ դա ամբողջությամբ իրականությունն է, քանի որ այդքան է միայն խոսվել։ Հիմնականում եղել է հարցին փոխզիջումային լուծում տալու քաղաքական կամքի արտահայտություն։ Այդ հանդիպման հիմնական բովանդակությունն այսքանի մեջ է, որեւէ մանրամասն քննարկում կամ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միակ պայմանավորվածությունը, որ եղել է՝ նրանք պետք է շարունակեն հանդիպել։ Այնպես որ, կարելի է ասել, թե համանախագահողներն ամբողջությամբ տեղեկացվել են»։

Մամուլում մի լուր հրապարակվեց, թե Ռուսաստանի դիվանագիտական շրջանակները սառն էին ընդունել Ժնեւում հանդիպման փաստը։ «Ո՛չ։ Ես ուղղակի չեմ նկատել այդ սառնությունը։ Ընդհակառակն, բոլոր համանախագահողներն էլ ողջունել են այդ հանդիպումը եւ դրական են գնահատել,- ասաց պրն Օսկանյանը։- Կարծում եմ, որ այդ հանդիպումն ամբողջությամբ համապատասխանում է գործընթացի տրամաբանությանը եւ որեւէ խոչընդոտ չի կարող առաջացնել»։

ԽՍՀՄ-ն մեր ընդհանուր պետությունն էր

Շուրջ մեկ տարի տարփողվում էր, թե իշխանափոխությունից հետո մեր ամենամեծ ձեռքբերումը «ընդհանուր պետություն» ձեւակերպմանը հասնելն էր։ Բայց ԳԱԱ-ում իր ելույթում Վարդան Օսկանյանը հայտնեց, թե պատրաստ են եւ հրաժարվել այդ ձեւակերպումից։ Արտգործնախարարը հարցի մեջ թյուրիմացություն տեսավ. «Առայսօր բանակցություններում հիմնական խոչընդոտը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների բախումն էր։ Եվ մինչ այդ միշտ նախապատվությունը տրվել էր տարածքային ամբողջականությանը, բոլոր առաջարկների մեջ այն հստակորեն նշվում էր։ Մեր ձեռքբերումն այն էր, որ այս փաստաթղթում «ընդհանուր պետության» գաղափարի միջոցով հնարավոր եղավ շրջանցել այդ հակասությունը։ Այնպես որ, մեր ամենամեծ ձեռքբերումը ոչ թե ինքը՝ «ընդհանուր պետություն» ձեւակերպումն է, այլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ նախապայմանների բացակայությունն այդ առաջարկության մեջ։ Ուստի, եթե մենք հիմա հանում ենք «ընդհանուր պետություն» տերմինը, բայց դրա փոխարեն չենք ներմուծում նախկին՝ լիսաբոնյան սկզբունքները՝ դա նույնպես դեռեւս մեր հաջողությունն է»։

Ի վերջո, ի՞նչ փոխվեց

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հեռուստատեսությամբ բազմիցս հայտարարել է, թե ծանոթ է Մինսկի խմբի առաջարկների նաեւ նոր փաթեթին եւ պատրաստ է փորձագիտական մակարդակով ապացուցել, թե որեւէ տարբերություն հին եւ նոր փաթեթների միջեւ չկա։ «Ինձ համար իսկապես զարմանալի են նման հայտարարությունները,- ասաց պրն Օսկանյանը։- Տարբերությունն այնքա՜ն ակնհայտ է։ Նախկինում բոլոր փաստաթղթերում միանշանակ ասվում էր, որ Ղարաբաղը պետք է մաս կազմի Ադրբեջանին՝ հստակ, սեւը ճերմակի վրա գրվում էր, դրա համար էլ մենք մերժում էինք։ Այս փաստաթղթում չկա՛ այդպիսի բան։ Միայն այս փաստը, կարծում եմ, արդեն որակական մեծ փոփոխություն է նշանակում: Կարող է, այո, փաստաթղթի բազմաթիվ կետեր շատ նման են։ Բայց նման փաստաթղթերում, երբ պայքարը գնում է բառերի եւ նույնիսկ ստորակետների համար՝ մի բառի փոփոխությունը որակական մեծ փոփոխություն է առաջացնում։ Եվ այսօր մեր պայքարը կարգավիճակի շուրջ հստակությունից՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ լինելու հանգամանքից ձերբազատվելն էր, որը մեզ հաջողվել է։ Եվ դա հիմնական էական տարբերությունն է բոլոր նախորդ փաստաթղթերից»։

Aleqsandr Arzumanyan

Ալեքսանդր Արզումանյանն այս առնչությամբ հիշեցրեց. «Հայաստանն այդ փաթեթը որպես բանակցությունների հիմք էր ընդունել խիստ վերապահումներով։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, նամակի անգլերեն տարբերակը թարգմանել էր պրն Օսկանյանը եւ պետք է հիշի, որ մենք մերժել էինք պայմանագրի առաջին կետը, որում նշվում էր, թե Լեռնային Ղարաբաղը պիտի ինչ-որ բարձր ինքնավարության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում։ Իսկ երկրորդ փաստաթուղթն ամբողջությամբ նույնն է՝ միայն նոր բառակապակցություն էր մտցվել՝ «ընդհանուր պետություն»։ Պիտի նորից կրկնեմ, որ այդ «ընդհանուր պետությունը» կարող էր մեկ քայլ առաջ լինել նախորդի համեմատությամբ, եթե այն կոչվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Բայց այդ «ընդհանուր պետությունը» կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն եւ որեւէ տարբերություն չեմ տեսնում, թե այդ հանրապետության կազմում ինչ կարգավիճակ կստանա Լեռնային Ղարաբաղը, դրանից ոչինչ չի փոխվում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031