Նոյեմբերյանը՝ ծաղկած բուրաստան
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մասին «Առավոտի» վերջին հրապարակման («Իսկ Դավիթ Բայրամյանը սովից կախվել է») փաստերը ՀՀ վարչապետը հանձնարարել էր ստուգել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին։
Վերջինիս ստուգումների արդյունքները զարմանալիորեն լավատեսական էին, իսկ նրա պատասխան նամակում բերված թվերը բոլոր հիմքերն ունեին շոյելու վարչապետի ականջը։
Նամակում ասվում է, որ Նոյեմբերյանի երկրաշարժից 60 մասնավոր «տնատերեր» ստացել են 2,5-ական մլն դրամ վարկ, իսկ 1999 թվականին նախատեսվում է վարկավորել 48 տուժած ընտանիքի։ Ճիշտն ասած, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ 1999 թվականն արդեն կիսվել է։ Այնպես որ, գոնե ընտանիքների մի մասն արդեն ստացած պիտի լիներ իրեն հասանելիք վարկը։ Լրիվ այլ հարց է, թե ինչ սկզբունքով են ընտրվել արդեն վարկավորված 60 ընտանիքները, արդյո՞ք վարկն ամբողջությամբ է նրանց տրվել՝ առանց դրա մի մասը տվողին «կամավոր» զիջելու։ Այս եւ այլ փաստերի մասին ավելի մանրամասն պիտի որ իմանան գյուղապետերն ու նաեւ մարզպետը։
Կարդացեք նաև
Մարզպետին կամ մարզի որեւէ պատասխանատուի հետաքրքրո՞ւմ է, թե ինչու են չորացել Նոյեմբերյանի հայտնի դեղձի այգիները։ Վարչապետին հասցեագրված նամակում այդ մասին հիշատակություն կարծես թե չկար։ Չէր խոսվում նաեւ նրա մասին, թե գյուղացիները 3-4 ամսվա թոշակ-աշխատավարձերը չստացած, կիսաքաղց ինչպե՞ս են քարշ տալիս իրենց գոյությունը։ Փոխարենը, մարզպետ Ղուլարյանը շեշտում է, որ «հոդվածագիրը գրոտեսկային եզրահանգումների է հասել, ինչն առաջացրել է գյուղացիների զայրույթը»։ Ճիշտն ասած, պրն մարզպետի խոսքերի ճշմարտացիությանը հավատալու հիմք չունենք, քանի որ «Առավոտը» երեկ էլ այցելեց Նոյեմբերյան, ուր գյուղացիները թախանձագին խնդրում էին անպայման գրել, թե ինչ «սեւ օրում» են իրենք եւ որ իրենցով ոչ ոք չի հետաքրքրվում։ Կողբ եւ Բերդավան գյուղերի վիճակը, որպես հոդվածի հեղինակի կողմնակալ վերաբերմունքի դրսեւորում ներկայացնելու նպատակով, մարզպետն իր նամակում նաեւ գրում է, իբր նա ծնունդով կողբացի է։
Սույն փաստը, ինչպես եւ նրա նամակում բերված այլ արդարացումներ, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հոդվածագիրը (այսինքն՝ ես) երկար ժամանակ կարծում էր, որ ծնվել եւ մեծացել է Երեւանում։
«Թող Վանոն լավ լինի, մենք յոլա կգնանք»
Հետաքրքիր է մեր գյուղաբնակների հոգեբանությունը։ Հաղթանակ գյուղում ամեն տեղ փակցված էին Վանո Սիրադեղյանի նախընտրական լուսանկարները։ Գյուղացիները դույլերով ջրի հերթ էին կանգնած։ Մոտեցանք նրանց եւ հետաքրքրվեցինք՝ իրենց պատգամավորը (Սիրադեղյանը) չի՞ զբաղվում, ասենք, խմելու ջրի հարցով։ Հերթից մի ծեր պապիկ այսպես պատասխանեց. «Թող Վանոն դատարանի հետ իր գործերը վերջացնի։ Մենք դեռ մի կերպ յոլա կգնանք»։ Ջրի խնդիրը՝ թե՛ խմելու, թե՛ ոռոգման, նոյեմբերյանցիների ամենացավոտ հարցն է։ Իրենց մի կտոր հողի հույսին մնացած գյուղացիները անելանելի վիճակում են՝ ոռոգման ջուր չկա, իսկ այդ փաստը որեւէ գյուղական կամ պետական մասշտաբի ղեկավարի չի հուզում։ Խմելու ջուրն օգտագործվում է խիստ խնայողաբար։ Պրն մարզպետին խորհուրդ ենք տալիս այցելել շրջան եւ իր աչքով տեսնել, որ գրոտեսկն ու իրականությունը իրարից չեն տարբերվում։ Ընդ որում՝ մարզի ղեկավարության անտարբեր գործելակերպի եւ անհիմն լավատեսության հետեւանքով։
Գյուղացիները՝ հատկապես նրանց միջին, «ոչ զոռբա» խավը, իր իրավունքների եւ օրենքների իմացությամբ (բնականաբար) աչքի չի ընկնում։ Ու թղթի մի կտորով, գյուղապետի կամ մարզպետի ստորագրությունը «կրող» փաստաթղթերով նրանց վախեցնելը շատ հեշտ է։ Ինչը եւ հարկ եղած դեպքում արվում է։
Մեր կառավարության, նրա ղեկավարի համար գուցե այնքան էլ հեշտ չի պատկերացնել, որ հեռավոր մարզեր ուղարկված գումարները չեն հասնում գյուղացիներին։ Ավելի ստույգ, երեւի լավ էլ պատկերացնում են, քանի որ ըստ գյուղացիների պատմածների՝ իրենց հասանելիք վարկը տրվում է միայն այն դեպքում, եթե կեսը «զիջում» ես այսինչ պաշտոնյային (գյուղական մասշտաբով), քանի որ «նրանից էլ ավելի վերեւում են փող ուզում»։
Մի խոսքով, եթե վարչապետին կամ որեւէ նախարարի հուզում է գյուղացիների իսկակա՛ն վիճակը, ավելի ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար մարզպետներին դիմելը պարզապես աչքակապություն է։ Ընտրություններից առաջ շրջան առ շրջան, գյուղ առ գյուղ շրջելուց եւ ընտրվելուց հետո, ցանկալի է կատարել գյուղացիներին տրված խոստումների գոնե մի մասը։ Չէ՞ որ նրանց ձայները էլի՛ են պետք գալու։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ