Ըստ չստուգված տեղեկությունների, Երեւանի քաղաքապետ կարող է նշանակվել Յուրի Բախշյանը։ Նա այժմ արձակուրդում է, եւ ոմանք պնդում են, թե նախկին փոխքաղաքապետի վերադարձից հետո նշանակումը կարող է տեղի ունենալ։ «Առավոտը» ողջունում է այդ նշանակման գաղափարը, քանի որ շատ լավ է հիշում Յուրի Բախշյանի ժամանակով Երեւանի փողոցների անխափան լուսավորվածությունը, սոցիալական բարվոք վիճակը, աղբահանության ամենօրյա գործընթացը, շուրջօրյա էլեկտրամատակարարումը եւ այլն։ Նա, եթե հիշում եք, փոխքաղաքապետ էր 1992 թվականից։
ՎԱՏ ԼՈՒՐ
Սեւանի սիգը վերածվել էր ամենամատչելի կերակրատեսակի, այն վաճառվում էր ամեն տեղ եւ տարվա բոլոր օրերին։ Այժմ դրա որսը խստիվ արգելված է, եւ քաղաքի շուկաներում այլեւս դժվարությամբ կարելի է սիգ ձեռք բերել։ Այս արգելքից հետո Սեւանից սիգի որսը չի դադարել։ Սեւանի ամբողջ ափում գործող բոլոր ռեստորաններում կարելի է սիգ ճաշակել։ Իհարկե, կարելի է ասել, որ տապակած կամ խորոված այդ սիգերը ոչ սեւանյան ծագում ունեն, սակայն ճաշացանկում դրանք նշվում են առանձին տողով։ Մասնավորապես, Գառնիի սիգն ավելի թանկ արժե, քան Սեւանի արգելվածը։