Հարցազրույց Նիկիտա Միխալկովի հետ
Մոսկովյան միջազգային 21-րդ կինոփառատոնի եւ Ռուսաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի անունը վերջերս ավելի հաճախ է շոշափվում հայ կինոգործիչների շրջանում եւս։
Ռուսական կողմը հայկական կողմին համագործակցության առաջարկներ է անում, որին ընդդիմանում է հատկապես Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը (ինչպես նաեւ որոշ կինոգործիչներ)։ Միանշանակ բացասական ու սահմանափակ տրամադրվածություն ունեն. ասում են Միխալկովի նպատակը հայ կինոգործիչների ձեռքից բաժնետոմսեր խլելն է։ Եվ ահա, կինոփառատոնի օրերին սցենարիստ Արմեն Վաթյանը եւ օպերատոր-ռեժիսոր Գուրգեն Գադաչիկը (որոնք գործուղված էին «Արի» կողմից) եւ ես Նիկիտա Միխալկովի հետ զրուցեցինք խնդիրների շուրջ։ (Հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի նաեւ «Արով»)։
-Ի՞նչն է խանգարում Հայաստանի եւ Ռուսաստանի կինոգործիչների փոխհարաբերությունների զարգացմանը։ Կարելի՞ է ուղղել կամ նոր շնչառություն տալ այդ փոխհարաբերություններին։
Կարդացեք նաև
-Փոխհարաբերությանը ոչինչ չի խանգարում։ Խանգարում է ընդհանուր գործին։ Ես բացարձակապես վստահ եմ, որ ինչը որ կապված է կինոկենտրոնի կոմերցիոն գործունեության հետ, որն առնչվում է կինոգործիչների միություններին, պետք է լինի մի ձեռքում, եւ այդ ձեռքը պետք է լինի Ռուսաստանի կինոմիությունը, որն էլ կլինի դրա պատասխանատուն։ Իմ կարծիքով, դա շատ ավելի արդյունավետ կլինի. խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկից ինչ-որ բան գողանաս, որպեսզի քոնն ավելի շատ լինի։ Մեր մասնագետները, մենեջերները, տնտեսագետները եւ իրավաբանները պատրաստ են ակտիվ մասնակցություն ցուցաբերել եւ պատասխանատվությունն իրենց վրա վերցնել։ Բայց դրա համար մենք պետք է պայմանավորվածություն ձեռք բերենք նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների կինոգործիչների միություններից՝ ներկայիս ԱՊՀ, որ նրանք մեզ վստահում են, հասկանում եւ հավատում են, որ դա իրենց միության համար ավելի շահավետ կլինի։ Ասենք թե նրանք ուզում են դա վերցնել, որպեսզի ավելի շատ իրենց մնա, այդ դեպքում, եթե հանցագործության տեսանկյունից մոտենաս ցանկացած մարդու, ապա դրանով ոչ մի դրական արդյունքի չես հասնի։
– Հայաստան եկան Կինոգործիչների միությունների կոնֆեդերացիայի ղեկավարությունները. նրանք ասում էին, որ իրենք ծանրակշիռ հիմքեր չունեն դրան հավատալու համար։
-Ի՞նչ է նշանակում ծանրակշիռ հիմք։ Կինոկենտրոնը գտնվում է Մոսկվայում՝ Ռուսաստանում։ Ռուսաստանի կինոգործիչների միությունն ամենաբազմանշանակ եւ ամենածանրակշիռ կազմակերպությունն է այդ միաբանության մեջ։ Ռուսական կինեմատոգրաֆը այսօր քչից-շատից մինչեւ 80 եւ ավելի ֆիլմեր է նկարահանում, այսինքն՝ ավելի, քան մյուս հանրապետությունները միասին վերցրած։ Էլ ի՞նչ ավելի ծանրակշիռ հիմնավորումներ կարող են լինել։ Էլ ի՞նչ պետք է ասել։ Ի՞նչ են ուզում, պիտի երդվե՞մ՝ «Век воли не видать»… Եթե հավատում եք՝ ծանոթացեք մեր ծրագրերին, մեր մարդկանց, միեւնույն է, առանց վստահության ոչինչ չի կարող լինել։ Եթե հավատում եք, ուրեմն հավատում եք, եւ ես պատասխանատու եմ դրա համար, քանի դեռ Ռուսաստանի կինոգործիչների միության ղեկավարն եմ։ Իսկ եթե չեք հավատում՝ դե շարունակեք այդպես ապրել, եւ դրանից ոչ մի լավ բան չի ստացվի։ Ահա, տեսնում եք, որոշ կոպեկներ արդեն ստանում եք. ով ավելի մոտ կանգնած կլինի այդ կերակրամանին՝ նա ավելի լավ կապրի։ Իսկ ով թեկուզ երեք քայլ հետ կմնա դրանից, ստիպված կլինի նայել ուտողների ծոծրակներին։
-Չե՞ք պատրաստվում մոտակա ժամանակներս գալ Երեւան, թե՞ դրա համար լուրջ առիթ է պետք…
-Դե իհարկե, արտասահման գնալու համար միշտ էլ լուրջ պատճառ է պետք։
-Չէինք ցանկանա, որ մեր հարաբերությունները նմանվեին արտասահմանի հետ հարաբերություններին։
-Դրա համար էլ առաջարկում ենք ձեզ, որպեսզի մեր փոխհարաբերությունները բարեկամական, փոխադարձ վստահության բնույթ կրեն։ Եվ պետք է լինի այն գիտակցությունը, որ որքան արագ է կատարվում այս ամենը, պտտվում Ռուսաստանի եւ Ռուսաստանի կինոգործիչների միության ներսում, ուրեմն Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ մյուս հանրապետությունների մեր եղբայրները պետք է վստահեն, որ սրանով բոլորիս համար ավելի լավ է լինելու։ Մենք դրա համար պատասխանատու ենք։
-Հայ կինոգործիչների այդ թերահավատության պատճառաբանություններից մեկն այն է, որ Նիկիտա Միխալկովն այսօր իր խոսքի տերը կլինի, բայց վաղը կգա մեկ ուրիշը եւ կասի՝ վերջ, դուք այս կինոկենտրոնում ավելորդ եք, անելիք չունեք, սա Ռուսաստանինն է։
-Այն մարդիկ, որոնք սովոր են հարցերի որոշման բոլշեւիկյան ձեւերին, նրանց կարելի է ասել, որ դա կարող է տեղի ունենալ նաեւ հիմա… Կգա նավաստի Ժելեզնյակը, կասի՝ թիկնազորը հոգնել է, գնացեք…, եւ կսկսի գործել ուժային տարբերակը։ Այդ վտանգը կարող է լինել ցանկացած երկրում, ցանկացած րոպեի, որտեղ չեն հարգում կամ չեն կարող հանդուրժել օրենքները։ Առավել եւս, որ մեր երկիրը օրենքներ չհարգելու 80-ամյա փորձ ունի… Եթե դա իրավաբանական տեսանկյունից գրագետ պայմանավորվածությամբ հիմնված լինի, եւ եթե դրան կհետեւի ինքնակամ համաձայնությունը, որին մենք կհասնենք… Բայց վտանգը ցանկացած իրավիճակում կարող է լինել։ Միշտ էլ հայտնվում են միգերաներ, որոնք դուրս են շպրտում հայրենի տնից. տեսեք ինչ է կատարվում Կոսովոյում… Ես չեմ կարող երաշխավորել անվտանգ երկիր։ Բայց քանի դեռ միության ղեկավարը ես եմ, եւ իմ թիմն է ղեկավարում այն, եւ իրավաբանորեն մենք ենք ձեւակերպում փաստաթղթերը՝ ես երաշխավորում եմ միության մեջ մեր անվտանգ փոխհարաբերությունները։ Երաշխավորում եմ նույնիսկ ապահովել սահուն անցումը Ռուսաստանի կինոմիության հաջորդ ղեկավարին։ Ձեր խնդիրը շատ պարզ է՝ մենք վստահում ենք ձեզ եւ համարում ենք, որ դա ավելի նպատակահարմար է, մենք ուզում ենք մեր ձայները եւ բաժնետոմսերը տալ Ռուսաստանի կինոմիությանը՝ տեսնելով իրենց բիզնես-ծրագիրը եւ վստահելով, որ նրանց ծրագրածը հենց այդ ձեւի մեջ է՝ իրականություն կդառնա։ Հասկացեք, որ եթե ամեն դեպքում այդ քայլը չանեք դեպի առաջ, ինչպես արեցին ղազախները, մենք այդ համագործակցությունը կփնտրենք եւ կիրագործենք ուրիշ տեղում։
-Ե՞րբ եք վերջին անգամ եղել Երեւանում, Հայաստանում։ Ի՞նչ կարող եք ասել հայ ժողովրդի մասին։
-Վերջին անգամ եղել եմ, երբ Գրիբոյեդովի համար դերակատար էի փնտրում։ Ես երկար ժամանակ էի դրանով զբաղվում, որովհետեւ, ինչպես գիտեք, Գրիբոյեդովի առաջին գործողություններից էր Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանից Հայաստան հայ ընտանիքների տեղափոխումը։ Այդ ընտանիքների մի մասը հաստատվել էր Ղարաբաղում։ Ինչ էլ լինի, որեւէ ժողովրդի մասին կոնկրետ ոչինչ հնարավոր չէ ասել, բացի բարձր խոսքերից, որովհետեւ ոչ մի ժողովուրդ վատը չի լինում։ Նրա մեջ լինում են ե՛ւ հիմարներ, ե՛ւ խելոքներ։ Իսկ հայ ժողովրդի մասին, որը հատկապես ամենահարուստ մշակույթն ունի, որն ամենահին քրիստոնյա երկրներից է՝ իր ավանդույթներով, արժեքային շատ ամուր համակարգով, ամուր հոգեւոր բնով, դժվար է կոնկրետ մի բան ասել։ Ժողովուրդ, որն այդպիսի ծանր պատմություն եւ լուրջ աղետներ է վերապրել, որը ցավերից կոփված ժողովուրդ է եւ լավ գիտի կյանքի ու մահվան իրական արժեքը… Իսկ ցանկացած մարդ, որը գիտի դրանց արժեքը, ինքնին արժեքավոր է։ Հայ ժողովրդին ցանկանում եմ հույս, հավատ, սեր եւ իմաստնություն, իսկ հայ կինոգործիչներին մաղթում եմ՝ պարզապես իրենց համար ճշտեն՝ կամ հավատան, կամ չհավատան։ Բայց հավատով ապրելն ավելի հեշտ է։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մոսկվա-Երեւան