Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐՎԱԿԱՆ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Օգոստոս 05,1999 00:00
urvakan

Ֆրանսիացի մի գրող ասել է, թե «մեծ սերը նման է ուրվականի, նրա մասին խոսում են բոլորը, բայց քչերն են այն տեսել»։ Հայաստանում նույնը կարելի է ասել սահմանադրական փոփոխությունների փաթեթի մասին, որը նախապատրաստվում է նախագահական պալատում։ Դրա մասին խոսում են մամուլից մինչեւ քաղաքական շրջանակներ, բայց քչերն են այդ փաթեթը տեսել։

gyulumyan

Փոքրաթիվ անձանցից մեկը, ով ծանոթ է սահմանադրական փոփոխությունների հիշյալ փաթեթին, Ալվինա Գյուլումյանն է։ Սահմանադրական դատարանի անդամ է, Հայաստանի Դատավորների միության նախագահ եւ, վերջապես, մեկը, որ իսկապես իրավաբան է, ոչ լոկ օրենսգետ։ Տիկին Գյուլումյանը ընդգրկված էր նաեւ Պարույր Հայրիկյանի կողմից ղեկավարվող Սահմանադրական հանձնաժողովի կազմում եւ հետեւյալ կերպ է ամփոփում այդ հանձնաժողովի աշխատանքները։ «Հայրիկյանի կողմից ղեկավարվող հանձնաժողովը աշխատեց սահմանադրության 3 գլուխների վրա՝ հանրապետության Նախագահը, ԱԺ-ն, կառավարությունը։ Սկզբում եղան առաջարկներ, որ վերանայվի երկրի սահմանադրական կարգը, բայց այդ առաջարկները մերժվեցին թե՛ երկրի նախագահի, թե՛ հանձնաժողովի մեծամասնության կողմից։ Հետեւաբար, առանց սկզբունքները վերանայելու, ավելի հստակեցվեցին այն հոդվածները, որոնք անցնող տարիների ընթացքում տարակարծությունների առիթ էին տվել, օրինակ՝ սահմանադրության 70 հոդվածը, որ կարգավորում է խորհրդարանի 1/3-ի պահանջով արտահերթ նստաշրջան գումարելու հարցը եւ այլն։ Առաջարկությունների փաթեթ ձեւակերպվեց եւ այն հանրապետության նախագահի սեղանին է։ Կարծում եմ, նախագահը ուսումնասիրելուց հետո փաթեթը կուղարկի Ազգային ժողով»։

Իսկ ինչո՞վ է զբաղվելու նոր հանձնաժողովը, նոր փաթե՞թ է ստեղծելու, թե՞ վերադարձնելու եւ լրամշակելու է Հայրիկյանի հանձնաժողովի ստեղծածը: Ազգային ժողովում կձեւավորվի սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող զուգահեռ հանձնաժողո՞վ, թե՞ Քոչարյանի կողմից վերակազմավորված եւ միայն իրավաբաններ ընդգրկող հանձնաժողովը վայելում է ԱԺ հավանությունը։ Ալվինա Բալաբեկովնան դժվարանում էր կանխատեսել՝ արդյոք ԱԺ-ում զուգահեռ հանձնաժողով կստեղծվի, թե ոչ, բայց կարծում էր, թե Նախագահի կողմից վերակազմավորված հանձնաժողովում հրավիրվել են իրավաբաններ, որոնք «Միասնություն» դաշինքի վստահությունն են վայելում։ Ինչ վերաբերվում է բուն աշխատանքներին, Ալվինա Բալաբեկովնայի կարծիքով, դրանք կընթանան սահմանադրության այն գլուխների շուրջ, որոնք չեն քննարկվել Հայրիկյանի հանձնաժողովում։ Արդյունքում թերեւս ձեւավորվի մարդու իրավունքները, արդարադատության համակարգը եւ տարածքային կառավարումը բարեփոխող առաջարկների փաթեթ, որը իր հերթին, երկրորդ փուլով կներկայացվի Նախագահին եւ կուղարկվի Ազգային ժողով։

Աշխատանքների ավարտի ի՞նչ ժամկետ է դրված վերակազմավորված այս հանձնաժողովի առջեւ, որն ի դեպ ղեկավարում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչեւ դեկտեմբեր։ Ամեն դեպքում նախագահի ցանկությունն էր, որ գոնե 2000 թ.-ի տարեսկզբին առաջարկները ավարտուն տեսքով ներկայացված լինեն ԱԺ»։ «Կհասցնե՞ն արդյոք» հարցին Ալվինա Բալաբեկովնան փոքր-ինչ թերահավատ պատասխան տվեց. «Ընտրված աշխատանքային տեմպը ինձ դանդաղ է թվում. նիստեր գումարվելու են ամսվա մեջ երկու անգամ։ Փոքր-ինչ կասկածելի է թվում, թե այդ տեմպով հնարավոր կլինի հոկտեմբեր կամ դեկտեմբեր ամսին աշխատանքները վերջնականապես ավարտել»։

Ի՞նչ փոփոխություններ կառաջարկվեն, ե՞րբ այդ առաջարկները վերջնական տեսքի կբերվեն. ինչ-որ տեղ երկրորդական նշանակություն ունեն։ Շատ ավելի էական է այն, թե սահմանադրության մեջ ի՞նչն է փոխվում եւ ինչո՞ւ։ Հայաստանի սահմանադրական կարգը կիսանախագահական է, որը աշխարհում քիչ ունի նմանակներ։ Այդ կարգը ինքնին սինթեզ է, եւ նոր իմպրովիզները կարող են բարեփոխումների փոխարեն անցանկալի հակասությունների հանգեցնել։ Եթե սահմանադրական կարգը թողնում ենք անփոփոխ, ապա սահմանադրության այդ ո՞ր հոդվածն է, որ կարելի է փոփոխել առանց մյուս նորմերի խաթարման բախվելու։ Ալվինա Բալաբեկովնայի կարծիքով հստակեցման կարիք ուներ արդեն հիշատակված 70-րդ հոդվածը, որպեսզի խորհրդարանական փոքրամասնության պահանջով արտահերթ նստաշրջան գումարելը Նախագահի համար վերածվի հրամայական նորմի։

«Կամ կառավարություն- Նախագահ հարաբերությունները. մի՞թե դրանք հստակեցնելու կարիք չկա,- զարմանում է Ալվինա Բալաբեկովնան,- եթե Հայաստանում գործեր նախագահական համակարգ, որտեղ չկա վարչապետ, ես կհասկանայի, որ կառավարության նիստերը հրավիրեր եւ անցկացներ երկրի Նախագահը։ Բայց երբ երկրում կա վարչապետ, որը գլխավորում է կառավարությունը, իսկ վերջինիս հանձնված է երկրի գործադիր իշխանությունը, ինչու՞ կառավարության նիստեր հրավիրելու եւ վարելու իրավունքը չպետք է վերապահվի վարչապետին։ Մեկ այլ օրինակ. այդքան խոսվում է իշխանության ճյուղերի տարանջատման, հակակշիռների եւ դատական համակարգի անկախության մասին։ Մինչդեռ դատավորները նշանակվում եւ ազատվում են Արդարադատության խորհրդին ներկայացված առաջխաղացման ցուցակների հիման վրա։ Իսկ ովքե՞ր են ղեկավարում Արդարադատության խորհուրդը։ Խորհուրդը ղեկավարում է երկրի Նախագահը, նրա տեղակալի պաշտոնները զբաղեցնում են Արդարադատության նախարարը եւ Գլխավոր դատախազը։ Էլ ուր մնաց իշխանությունների տարանջատման նպատակահարմարությունը, գործադիր իշխանության ղեկավարներ ընդգրկող հանձնաժողովը մի՞թե կարող է դատական համակարգի անկախություն ապահովել։ Օրինակները կարող են եւ շարունակվել, իսկ դրանք ամփոփելով այն համոզմանն ենք գալիս, որ սահմանադրական կարգը չփոփոխելով իշխանության ճյուղերի տարանջատումը պետք է հստակեցնել, գուցե Նախագահի լիազորությունները սահմանափակելու ուղիով»։

Vahe Gabrielyan

Վահե Գաբրիելյանը նախագահ Քոչարյանի մամլո քարտուղարն է, ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետի դասախոս եւ հեռու է կանգնած իրավաբանությունից։ Նա ասում է, թե առանձնապես չի խորացել սահմանադրական կարգերի տարբերությունների մեջ, եւ նույնիսկ այն կարծիքին էր, թե Հայաստանում գործադիր իշխանությունը ղեկավարվում է Նախագահի կողմից։ «Նախագահն է կառավարության անդամներին նշանակում եւ ազատում, Նախագահն է կառավարության որոշումները վավերացնում եւ գործողության մեջ դնում, Նախագահն է կառավարության նիստերը հրավիրում եւ վարում կամ վարչապետին է հանձնարարում դա անել։ Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է ասել, որ Նախագահը չի ստանձնում գործադիր իշխանության ղեկավարումը»։ Տրամաբանական է… ինչպես կասեր խորհրդային հայտնի կինոկատակերգության հերոսը, բայց հեռու է ճշմարտություն լինելուց։ Մեր համակարգում Նախագահը հանդիսանում է պետության գլուխ եւ իր արբիտրաժով ապահովում է իշխանության ճյուղերի բնականոն գործունեությունը։ Որքան Նախագահը միջամտում է գործադիր ճյուղում առկա գործընթացներին, նույնքան էլ միջամտում է օրենսդիր եւ դատական ճյուղերում, ասենք, օրինագծերին օրենքի ուժ է տալիս, Ազգային ժողով է ցրում, արտահերթ նստաշրջաններ է գումարում կամ արդարադատության խորհրդում դատավորներ է նշանակում։ Սա բխում է կիսանախագահական համակարգի ներքին տրամաբանությունից եւ նախագահի լիազորությունները որեւէ ոլորտում սահմանափակելը գործող սահմանադրական կարգի «լողացող» փոփոխություն է նշանակելու։

Տեսական խնդիրները թողնելով մի կողմ, մի քանի փաստական հարցեր փորձեցինք ճշտել պարոն Գաբրիելյանի հետ։ Մասնավորապես, ի՞նչ է լինելու Հայրիկյանի հանձնաժողովի կազմած առաջարկների ճակատագիրը եւ ի՞նչ խնդիրներ են դրված Դավիթ Հարությունյանի կողմից ղեկավարվող հանձնաժողովի առջեւ։ Պարոն Գաբրիելյանի տիրապետած տեղեկատվության համաձայն այս երկու հանձնաժողովների աշխատանքները ոչ թե շարունակական ընթացք պետք է դիտել, այլ միմյանց լրացում։ Հայրիկյանի հանձնաժողովում կային քաղաքական ուժեր եւ նրանք ներկայացրել են իրենց տեսակետները, Դավիթ Հարությունյանի հանձնաժողովը այդ տեսակետները ձեւակերպելու է իրավաբանորեն։ Բնականաբար, այն գլուխների առնչությամբ, որոնց վրա չի աշխատել Հայրիկյանի հանձնաժողովը, կարվեն առաջարկներ։ Ի վերջո Դավիթ Հարությունյանի հանձնաժողովը ամփոփելու է 98 թ. ապրիլ-մայիսից ի վեր կատարված աշխատանքները, ստեղծելու է սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների մեկ ընդհանրական փաթեթ, վերջինս կներկայացվի Նախագահին եւ կուղարկվի Ազգային ժողով։ ԱԺ-ում զուգահեռ հանձնաժողով կստեղծվի, թե ոչ, Վահե Գաբրիելյանը դժվարացավ կանխատեսել։ Ժամկետների հարցում պարոն Գաբրիելյանի հայտնած կարծիքները նույնպես տարբեր են Ալվինա Բալաբեկովնայի հաղորդած տեղեկություններից։

Պարոն Գաբրիելյանը որքան կարողացել է ճշտել, Դավիթ Հարությունյանի հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտվեն հոկտեմբերին։ Պետք է ավարտվեն, իսկ կավարտվեն, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Վերջապես ինչ վերաբերվում է առաջարկվող բարեփոխումների (իրականում ավելի հավանական է՝ չարեփոխումների) արդյունքում սահմանադրական կարգի փաստացի փոփոխության դիմահարվելուն, պարոն Գաբրիելյանը վստահորեն գիտեր այնքանը, որ սահմանադրական կարգը չպետք է փոփոխվի։ Իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունները ինչպես էլ բաշխվեն կամ վերաբաշխվեն դրանք չպետք է գոյություն ունեցող կիսանախագահական իշխանակարգը թեքեն դեպի խորհրդարանական կամ նախագահական։ Այդքան հաստատուն դիրքորոշում ունենալուց հետո անհասկանալի է մնում, թե հանրապետության նախագահը ինչն է ցանկանում փոխված տեսնել եւ կամ ինչու՞ է ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն հանդես բերել։ Արդյոք Նախագահի այս ձեռնարկն էլ չի՞ ունենա նույն ճակատագիրը եւ վախճանը, ինչ Նախագահին կից ստեղծված Քաղաքական խորհուրդը կամ Վահան Հովհաննիսյանի կողմից ղեկավարված Տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը։ Մեր մեկնաբանությունները՝ թերթի հաջորդ համարում։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031