«Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ազգությամբ ադրբեջանցի Միքայել Մամեդ-օղլի Մամեդովը 1988 թ. ազգամիջյան փոխհարաբերությունների պատճառով, իր ընտանիքով տեղահանվելով, գյուղից եկավ ադրբեջանական Խանլար քաղաք եւ ներխուժելով մեր բնակարան՝ ստիպեց մեզ բնակարանների փոխանակություն կատարել»։
Բորիս եւ Էլգարիտա Վանյանները փոխհամաձայնության գալով բնակարանների փոխանակություն են կատարում եւ այն վավերացնելու նպատակով գրավոր դիմում են ներկայացնում Խանլարի շրջխորհրդի գործկոմի նախագահ Ա. Մամեդովին։ Վերջինս նրանց բնակարանների փոխանակությունը հաստատող տեղեկանք է տալիս եւ հունվարի 6-ին կայացնում թիվ 88 որոշումը՝ տների փոխանակության մասին։ Մինչ տեղափոխվելը, Բ. եւ Է. Վանյանները (1988 թ. նոյեմբերի 29-ից մինչեւ 1989 թ. հունվարի 8-ը) իրենց ընտանիքի հետ ապրում են միեւնույն հարկի տակ, որից հետո, որպես բնակարանի արժեքի տարբերություն, Մամեդովին տալիս են 4000 ռուբլի եւ նրան հանձնելով Խանլարի՝ Թելմանի 9 հասցեում գտնվող բնակարանը, տեղափոխվում են Գուգարքի շրջանի Շահումյան սովխոզ։ Գյուղխորհրդի նախագահ Առաքելյանը, հիմք ընդունելով վերը նշված տեղեկանքը, Վանյաններին տեղավորում է Մամեդովի տանը եւ զգուշացնում, որ գրանցման համար դիմեն 1-2 ամիս հետո։
Նշված ժամկետը լրանալուց հետո, գրանցվելու համար Վանյաններից պահանջվում է Մամեդովի գրավոր դիմումը (որի իրավունքը չունեին – Է.Վ.)։ Ամուսինները ստիպված երեք անգամ գնում են Խանլար՝ Մամեդովին տեսնելու նպատակով, սակայն՝ ապարդյուն։ Հետագայում պարզվում է, որ Մամեդովը գործարքի մեջ է մտել Բաքվի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ եւ կատարել եռակողմ փոխանակություն։ Արդյունքում՝ Վանյանները դառնում են կեղծիքի զոհ։ Ս. Գրիգորյանը դիմում է Վանաձորի ժողդատարան եւ խնդրում Վանյաններին վտարել վիճելի տնից։ Ժողդատարանը հայցը բավարարում է, իսկ Մամեդովի եւ Վանյանների միջեւ տների փոխանակությունը համարում անվավեր։ Հայցը ցանկանալով բավարարել, ժողդատարանը վճռի հիմքում դնում է Խանլարի գործկոմի նախագահ Մամեդովի կողմից 15.10.90 թ. Վանաձորի ժողդատարանին ուղարկած թիվ 200 գրությունը, որի բովանդակությունը հակասում է Մամեդովի՝ Վանյաններին տված տեղեկանքի բովանդակությանը։ Գրության մեջ նշվում է, որ իբր Վանյանները Խանլարից դուրս են եկել 1989 թ. մարտ ամսին՝ բնակարանը հանձնելով Վարդենիսի Սոտք գյուղի նախկին բնակիչ Հաջիեւին, եւ որ իբր Վանյանները վերջինիս խոստացել են փոխանակություն ձեւակերպել, սակայն դրանք բոլորն անհիմն տեղեկություններ են։ Ժողդատարանը վճիռ կայացնելիս անտեսում է քաղգործի քննությամբ ձեռք բերված այն հիմնական ապացույցները, որոնք հաստատում են, որ Վանյանները բնակարանը փոխանակել են ոչ թե Հաջիեւի, այլ Մամեդովի հետ։
Ըստ հայցվորների, Հաջիեւի ընտանիքն իրենց բնակարանը զբաղեցրել է միայն ապրիլ ամսից, երբ Մամեդովը տեղափոխվել է Սողոմոնյանների բնակարան. «Հետեւաբար, մենք Հաջիեւի տան նկատմամբ իրավունք չէինք կարող ձեռք բերել, քանի որ մենք Հաջիեւին չենք ճանաչել եւ նրա հետ որեւէ պայմանավորվածություն չենք ունեցել բնակարանը փոխանակելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Մամեդով-Սողոմոնյան-Գրիգորյան եռակողմ գործարքին, ապա դա օրինական չէ, քանի որ կնքվել է օրենքի պահանջների կոպիտ խախտումներով»։
Կարդացեք նաև
Այսպես, Գրիգորյանի Հրազդան քաղաքում ունեցած պետական բնակարանը փոխանակվում է Գուգարքի Շահումյան գյուղի Մամեդովին պատկանող սեփական տան հետ, որտեղ բնակվում էին Վանյանները։ Գրիգորյանը բողոք է ներկայացնում Վանաձորի ժողդատարան՝ Վանյաններին վիճելի տնից վտարելու հայցով։ Վանյանները հակընդդեմ հայցով պատճառաբանել են, որ Մամեդովն ավելի վաղ վիճելի տունը փոխանակել է Ադրբեջանի Խանլար գյուղում գտնվող իրենց տան հետ եւ խնդրել են վավերական ճանաչել այդ գործարքը, իսկ Գրիգորյանի, Սողոմոնյանի եւ Մամեդովի միջեւ կնքված գործարքը ճանաչել անվավեր։ Վանաձորի ժողդատարանը 1991 թ. հուլիսի 15-ի վճռով հայցը բավարարում է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժում։ ՀՀ գերագույն դատարանը քաղգործերի դատական կոլեգիայի հուլիսի 21-ի որոշմամբ ժողդատարանի վճիռը թողնում է անփոփոխ։ ՀՀ գերագույն դատարանի նախագահությունը 1992 թ. օգոստոսի 6-ի որոշմամբ մերժում է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը։
Ժողդատարանը եւ դատական կոլեգիան հիմք են ընդունում Խանլարի գործկոմի նախագահ Ա. Մամեդովի՝ Վանաձորի ժողդատարանին հասցեագրված 04.05.90 թ. թիվ 583 գրությունը, որտեղ նշված է, որ Վանյանների եւ Մամեդովի միջեւ բնակարանային փոխանակություն չի ձեւակերպվել, իսկ բնակարանների փոխանակման վերաբերյալ տեղեկանքը Վանյաններին տվել է այն բանի համար, որ նա առանց խոչընդոտների իր գույքը տեղափոխի Ադրբեջանի տարածքից (գործ թիվ 200՝ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա անհասկանալի է, թե ինչու է տեղեկանքում նշել ինչպես Բ. Վանյանի, այնպես էլ Մ. Մամեդովի բնակարանների հասցեները)։ «Նման պատճառաբանություններն անհիմն են,- պնդում են Վանյան ամուսինները, – քանի որ մեր եւ Մամեդովի բնակարանների փոխանակությունը հաստատվել է ոչ միայն նշված տեղեկանքով, այլ նաեւ՝ նույն Ա. Մամեդովի կողմից ավելի վաղ տրված գրությամբ, ինչպես նաեւ՝ Գուգարքի շրջանի դատարանի գրությամբ։
14.05.92 թ. Հանրապետության դատախազի կողմից կասեցվել է ժողդատարանի վճռի կատարումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանի հանձնարարությամբ 1993 թ. Վանաձորի Շահումյան գյուղի գյուղխորհրդի կողմից կողմերին առաջարկվում է հաշտության տարբերակ, այսինքն՝ առաջարկվում է կա՛մ վիճելի տունը, կա՛մ հողամաս եւ վարկ՝ տուն կառուցելու համար։ Վանյանները պահանջում են տունը, իսկ Ա. Գրիգորյանը՝ հողամաս եւ վարկ։ Այնուհետեւ Վանյանները սեփականաշնորհում են տունն իրենց անվամբ, որի համար գյուղխորհրդի նախագահի կողմից պետք է ստանան համապատասխան տեղեկանք, որ տունը պատկանում է իրենց։ Իսկ Գրիգորյանը ստանում է հողը եւ այն սեփականաշնորհելուց հետո ձեռնամուխ լինում տուն կառուցելու, սակայն միայն տան հիմքն է գցում եւ չի շարունակում տան կառուցումը։ Հետագայում պարզվում է, որ գյուղխորհրդի նախագահի կողմից վերը նշված համաձայնության վերաբերյալ ժողդատարանին տեղյակ չէր պահվել, որի հետեւանքով վճռի կատարումը մնացել է կասեցված, իսկ կատարողական վարույթը՝ չկարճված։
Շուրջ վեց տարի անց, 21.08.98 թ. վճռի կատարումը կասեցումից հանվում է եւ դատական կատարածուի կողմից առաջարկվում ազատել տունը, որտեղ Վանյանների ընտանիքը բնակվել է 1989 թվից, իսկ 1995 թ.-ից համարվում են տան սեփականատերեր եւ ունեն մշտական գրանցում։ Նշված թյուրիմացությունից օգտվելով, Գրիգորյանը կասեցումից հանում է վճռի կատարումը, այնուհետեւ հայց ներկայացնում ժողդատարան՝ Վանյանների սեփականության վկայականը անվավեր ճանաչելու պահանջով։ Ներկայացված ապացույցները ճիշ՛տ չգնահատելով եւ Շահումյան գյուղի գյուղխորհրդի տեղեկանքը համարելով կեղծ, դատարանը տալիս է անարդարացի վճիռ։ Վանյանները բողոք են ներկայացնում Վերաքննիչ դատարան, այդ առթիվ հսկողական գանգատ են ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին: Իսկ ՀՀ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 216 հոդվածի պահանջներով, վճռում է բավարարել Գրիգորյանի հայցը եւ անվավեր ճանաչել վիճելի տան նկատմամբ 21.05.95 թ. Բորիս Գարեգինի Վանյանի անվամբ տրված սեփականության վկայագիրը։ Հետեւաբար, Բ. եւ Է. Վանյաններից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 10 հազար դրամ՝ որպես պետական տուրք։ Բորիս եւ Էլգարիտա Վանյանները խնդրում են կրկին վերանայել գործը եւ կայացնել արդարացի վճիռ՝ «այլապես,- ասում են նրանք,- մենք կմնանք անօթեւան»։
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Վանյանների ընտանիքի հիմնահարցով զբաղվում է նաեւ «Պատանդների պաշտպանության ֆոնդը»՝ հանձին Միքայել Արամյանի։ Ի դեպ, նա նաեւ զգուշացնում է, որ «փախստական Էլգարիտա Վանյանի ընտանիքի վտարման վճռի կատարումը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ միջազգային հեղինակության վրա»։