Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴՈՒՔԱՆԸ ՉԷ

Օգոստոս 05,1999 00:00

Այս անժխտելի իրողությունն ընդունում են բոլորը, թերեւս բացառությամբ հենց Լեւոն Մկրտչյանի՝ ռուս-հայկական պետակա՛ն համալսարանի ռեկտորի։ Վերջինս հավանաբար ԵՊՀ-ի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկանի պետական պաշտոնն էլ էր իր դուքանը համարում, որ երբ դռանը չոքեց դրանից հրաժարվելու անխուսափելի անհրաժեշտությունը, այն «ժառանգեց» ոչ ավել, ոչ պակաս՝ իր հարազատ որդուն։ Ռեկտորի պաշտոնում էլ պրն Մկրտչյանը չի հրաժարվում սեփականատիրական նկրտումներից։ Դեռ մի քանի շաբաթ առաջ կրքեր էին բորբոքվում այս բուհի շուրջ, երբ զրո կուրս ընդունվածների մի մեծ մասին անբավարար գնահատականներ էին դրել՝ զրկելով նրանց ուսումը համալսարանում շարունակելու հնարավորությունից։ Այս առթիվ բողոքներով խմբագրություն այցելած ծնողներն իրենց համեմատում էին խաբված ավանդատուների հետ։ Նրանց երաշխավորել էին, որ իրենց վճարած 500 դոլար ուսման վարձը չի կորչի ու 0 կուրս ընդունված իրենց երեխաները, մեկ տարի նախապատրաստվելուց հետո, կընդունվեն բուհ։ Խոստումներից հիասթափված ծնողները բողոքում էին, որ կամ հետ տան իրենց փողը, քանի որ եթե երեխաներն անբավարար են ստացել, ուրեմն մեկ տարում ոչինչ նրանց չեն սովորեցրել, կամ էլ նրանց տեղափոխեն առաջին կուրս։ Իսկ «դուքանային» թեմային սա առնչվում է այնքանով, որ պրն ռեկտորը որոշել էր զրոյից առաջին կուրս փոխադրական քննություններն անցկացնել գերգաղտնի։ Ուսանողներին միայն նախորդ օրն էին հայտնել այն մասին, որ վաղը քննություններ են։ Իսկ դրանք անցկացվել են ինչ-որ մի դպրոցում։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ պետական կարգավիճակ ունեցող այս բուհի քննություններից անտեղյակ է եղել անգամ կրթության եւ գիտության նախարարությունը։ Մինչդեռ մեր աղքատ ու ճեղքվածք ունեցող բյուջեն իր սուղ միջոցներից վերջերս 80 մլն դրամ էր հատկացրել այդ համալսարանին։ Ժամանակին «Առավոտը» չէր հրապարակել այս ամենը, քանի որ դրանք ռեկտորի հետ ճշտելու հնարավորություն չէինք ունեցել։ Ու թե չլինեին ռեկտոր Լեւոն Մկրտչյանի՝ քննությունները, այդ թվում՝ ընդունելության, գերգաղտնի անցկացնելու «խասիաթը», «Առավոտը» երեկ մտադիր էր այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանը ստանալ իրենից։ Պետական բուհերի ընդունելության քննությունների այս օրերին նաեւ ռուս-հայկական համալսարանն է ընդունելություն կատարում։ Ու չնայած քննությունների կազմակերպման գլխավոր պատասխանատուն՝ հանրապետական ընդունող հանձնաժողովը երեկ «Առավոտին» լիազորել էր իբրեւ դիտորդ մասնակցելու համալսարանի ընդունելության քննություններին, սակայն կնքված ու ստորագրված պետական փաստաթուղթը արժանի վերաբերմունքի չարժանացավ։ Մուտքն այցելուներից ջերմեռանդորեն պաշտպանող հսկիչը, վստահեցնելով, որ գործում է անմիջապես ռեկտոր Լեւոն Մկրտչյանի անունից ու նրա հրամանով, ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի մուտքից ներս չթողեց «Առավոտի» թղթակցին։ Ընդ որում՝ հարգարժան հսկիչը դա արեց բարեկրթության նորմերը ոտնատակ անող այնպիսի մի տոնով, որ ձախողեց բանակցելու ամեն մի փորձ։ Տեսնես ի՞նչ ունի հասարակությունից թաքցնելու ռեկտոր Լեւոն Մկրտչյանը եւ ո՞ւմ է ձեռնտու քննությունների շուրջ ստեղծված այդ աժիոտաժը։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031