Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է պատասխան տալու

Օգոստոս 05,1999 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին Կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանին

Ձեզ է դիմում 17-ամյա մի տղա։ Այս տարի, ավարտելով դպրոցը, ես մասնակցել եմ բուհական ընդունելության քննություններին։ Երբ հանձնեցի առաջին քննությունս եւ բարձր գնահատական ստացա, ինձ թվաց, թե ամեն ինչ նորմալ է, քննություններն ընթանում են օբյեկտիվ եւ ոչինչ չի կարող ինձ խոչընդոտել՝ նույն վստահությամբ հանձնելու նաեւ մյուս քննություններս։ Մանավանդ հեռուստատեսությամբ պետական բարձրաստիճան այրերն իրենց հերթին հավաստիացնում էին, որ քննություններն արդար են անցկացվում, եւ իրենք իրենց վրա են վերցնում քննաշրջանի ողջ պատասխանատվությունը… Սակայն II քննությունից՝ անգլերեն գրավորից հետո ես միանգամից մեծ հիասթափություն ապրեցի. իմ աշխատանքը գնահատվել էր 18 միավոր, այն դեպքում, երբ գրավորիս մեջ ընդամենը 0,2 միավորի մի սխալ է եղել, որն ըստ կանոնակարգի, գնահատվում է 20 միավոր։ Ես վստահ էի, որ բացի այդ աննշան սխալից ոչ մի սխալ չէի արել, պահանջեցի գրավորիս պատճենը, նայեցի եւ համոզվեցի, որ ոչ մի ուրիշ սխալ չկա։

Այն հայրիկիս հետ տարանք եւ ցույց տվեցինք անգլերենի մոտ 6 առաջատար դասախոսի (անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել նաեւ նրանց անուններն ու եզրակացությունները՝ իմ աշխատանքի վերաբերյալ)։ Նրանք բոլորն էլ վստահաբար պնդում էին, որ իմ աշխատանքը 20 միավորի աշխատանք է, եւ ինչ-որ մեկի կամայականությունն է եղել այդպես վարվել։ Ես բողոքարկեցի, որ համաձայն չեմ իմ գնահատականի հետ, սակայն բողոքարկումից հետո գնահատականս թողեցին նույնը։ Ըստ բուհական ընդունելության քննությունների կանոնակարգի, կրկնակի բողոքարկում նախատեսված չէ, սակայն կրթության եւ գիտության փոխնախարար Մ. Ստակյանը, ծանոթանալով իմ (նաեւ իմ «բախտին» արժանացած մի շարք դիմորդների) խնդրին եւ համոզվելով, որ մեր բողոքն ու պահանջն արդարացի է (այդ մասին պրն Ստակյանն անձամբ խոստովանեց), կրկնակի բողոքարկում նշանակեց, ըստ որի անգլերեն գրավոր քննության հանձնաժողովի անդամները պետք է առանց դիմորդի հետ հանդիպման վերանայեին իմ աշխատանքը։ Կրկնակի գանգատարկման դիմումիս մեջ ես նշել էի, որ նրանք հատկապես ուշադրություն դարձնեն անգլերեն թեստի 7-րդ առաջադրանքին։

Այդ առաջադրանքի 5 կետերից չորսն ընդհանրապես գնահատված չէր։ Ես կատարել էի առաջադրանքի պահանջը (ավարտել նախադասությունները), սակայն նրանք այդ ավարտված նախադասությունների դիմաց 0 էին դրել։ Այնինչ, նախադասությունները ե՛ւ իմ, ե՛ւ մասնագետների կարծիքով համապատասխանում են գրավորի պահանջներին, կառուցված են անթերի ու անսխալ… Հանձնաժողովը կրկին անգամ վերանայեց իմ աշխատանքը, սակայն գրավոր պատասխան ստացանք, որ գնահատականը մնում է անփոփոխ։ Նրանք ոչ մի կերպ չեն ուզում հանդիպել ո՛չ դիմորդի, ո՛չ մասնագետի հետ եւ գրավորի մեջ չեն գրում, թե ո՞րն է ի վերջո իմ սխալը։ Ես հասկանում եմ, որ հանձնաժողովի համար պատվաբեր չէ միանգամից 2 բալ բարձրացնելը, սակայն դա կարծես թե իրե՛նց խնդիրն է եւ ոչ թե՝ իմ…

Կրկնակի անգամ հոգեբանական հարվածի ենթարկվելով, ես որոշեցի թերթի միջոցով դիմել քննաշրջանի ողջ պատասխանատվությունն իրենց վրա վերցրած պաշտոնյաներին. խնդրում եմ պատասխանել, թե ինչու են այդպես վարվել ինձ հետ։ Մի՞թե այդքանից հետո ես կարող եմ հավատալ, որ քննություններն օբյեկտիվ են ընթանում եւ որ այս երկրում ոտնահարված չեն պատանիների ու երիտասարդների իրավունքները։

ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 տարեկան, ք. Երեւան,

Ավան Առինջ 2/10, բն. 6

(քննաթերթի համար 09004219)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031