Կամ անգլերենագետների քմահաճությունները
Քննություններ կոչվածը պայքար է մի կողմից՝ բանակից պրծնելու, պետպատվերից օգտվելու, պատվախնդրական նկրտումներ բավարարելու համար, մյուս կողմից՝ գումարներ կորզելու եւ չբռնվելու համար։ Այս դաժան պայքարում երբեմն մարդկայնության ու սրտացավության բռնկումներ են լինում։ Ահա կենսաբանության եւ հանրապետական հանձնաժողովների դռներն է մաշում վանաձորցի մի խեղճ տղա։ Երեւանում գիշերելու տեղ չունենալով՝ նա փորձել է առավոտ ծեգին Վանաձորից հասնել Երեւան՝ կենսաբանության քննության։ Հեւիհեւ հասել է այն պահին, երբ հարցաթերթիկների ծրարն էին բացում։
– Ուշացել ես, տղա՛ ջան,- բարեհամբույր դաժանությամբ ժպտադեմ բացատրել են նրան։
– Բա ի՞նչ անեմ,- կոտրված հարցրել է տղան։
Կարդացեք նաև
– Մի՛ մտածիր, քեզ թույլ կտան քննությանդ օրը փոխել։
– Ճի՞շտ,- աշխարհով մեկ է եղել տղան։
Հանրապետական հանձնաժողովում զայրացել են.
– Աշխարհը կքանդվե՞ր, որ խեղճին թողնեիք քննության։ Գոնե մեզ հարցնեիք, թե ինչ անեք։ Բռնում եք ու անխիղճ որոշումներ կայացնում։ Հե՞շտ է՝ գնա Վանաձոր, նորից գա, որ քննության նոր օրը իմանա, նորից վերադառնա, կրկին գա քննության… Բա որ հաջորդ անգամ էլ ուշանա՞…
Հանրապետական հանձնաժողովի դռներին խմբված բողոքավորների աչքերը խոնավանում են։ Չգիտեն՝ իրենց համար լա՞ն, թե՞ վանաձորցու։
– Լսե՞լ եք, որ հայերենի առաջին հանձնաժողովը երկրորդից կրկնակի շատ «20» է նշանակում,- խոսքը փոխեց մի ծնող։
– Դա մինչեւ «Առավոտի» հարցազրույցն էր, դրանից հետո այլեւս «20» չեն նշանակում,- ճշտեց մեկ ուրիշը։
– Ո՞նց, բա էլ փող չեն աշխատո՞ւմ,- զարմացավ երրորդը։
– Որ կարող են չնշանակել, ուրեմն գուցե չեն աշխատում,- բացատրեց երկրորդը։- Հայերենի մյուս հանձնաժողովն ավելի փորձառու է, նրանք ո՛չ ավելացրին «20»-երի թիվը, ո՛չ էլ պակասեցրին։ Նրանք գիտեն՝ ինչ են անում։ Դեռ «Հայոց լեզու -1» հանձնաժողովի վրա էլ ծիծաղում են։
– Ամենաքոքվածը անգլիացիներն են, այսինքն՝ անգլերենի հանձնաժողովի անդամները,- միջամտեց չորրորդը,- տեսեք՝ ոնց են «հնձում»։ Մի առաջադրանք կա դրանց հարցաթերթիկում՝ «Նախադասություն կազմել», ավելի ճիշտ՝ «Շարունակել նախադասությունը»։ Ուզում ես՝ ամենաիմաստուն մտքերը գրի՛ր, մեկ է՝ մի երկու հատ կընդգծեն, «0» միավոր կնշանակեն։ Որ հարցնես էլ, թե ինչու, կասեն՝ պրիմիտիվ է, տրիվիալ, լեքսիկան աղքատ է, էսթետիկական արժեք չունի, քրեստոմատիական է, ռեպետիտորի կազմածն է զուբրիտ արել… Եվ նման այլ անապացուցելի բաներ։ Ըհը՛, աղջկաս գրավորը. նախադասություններում ոչ մի սխալ չկա, մանրամասն հիմնավորումով բողոք ենք գրել, երկու տողով պատասխանել են, թե՝ պարզունակ են։ Հիմա աղջկաս գրածն է ավելի պարզունա՞կ, թե՞ իրենց պատճառաբանություն-պատասխանը, որ ո՛չ տրամաբանական է, ո՛չ բարոյական, ո՛չ էլ, մանավանդ, իրավական…
– Չեմ հասկանում,- միանում է զրույցին հինգերորդը,- հայերենի հարցաթերթիկից հանեցին այդ առաջադրանքը, որ չարաշահումները նվազեցնեն, հիմա էլ անգլերենի հարցաթերթիկում են մտցրե՞լ։ Ա՛յ քեզ սրիկայություն։
– Ոչինչ, կբողոքենք, կուղղեն իրենց սխալները,- հույս հայտնեց մի տատիկ։
– Չեն ուղղի, մայրի՛կ ջան,- միաբերան առարկեցին մի քանի հոգի,- դեռ որ չիջեցնեն՝ լավ է։
– Թող բարձր նշանակեն, է՛լի, իրենցից ի՞նչ է գնում, հո իրենց գրպանից չե՞ն հանում էդ անտեր «20»-երը,- շարունակեց միամիտ տատիկը։
– Ո՛նց թե՝ իրենց գրպանից չեն հանում, բա հո երկնքից չե՞ն ընկնում,- ընդդիմացավ ամենաիրատես ծնողը։- Որ մեզ նման անտերներին բարձր միավորներ նշանակեն, մեր երեխեքն էլ գնան, իրենց առաջ բրթած տերունիների տեղը զբաղեցնեն, էդ տերունիների տերերը հո կջարդե՞ն հանձնաժողովների նախագահների՛ էլ, նախարարի՛ էլ, վարչապետի՛ էլ գլուխը։ Ո՞նց թե. ուզած թիվը ցնծան, իսկ երեխան դուրս մնա իրենց ուզած բաժնի անվճարի՞ց։ Նախարարությո՛ւնը կպայթեցնեն մեր զոռբաները…
– Բա գրավորները քսերոքս անելու էս գաղափա՞րն ով մեջտեղ գցեց,- դժգոհում էր մի տիկին։- Էջը հարյուր դրամով քսերոպատճեն են ծախում։ Պետական թալան է, թալան։
– Դա Բլեյանի գաղափարն էր,- մեջ ընկավ մի աչքաբաց երիտասարդ։- Էդ մարդու բոլոր գաղափարները նախ քննադատեցին, հետո յուրացրին, վերջում էլ իրեն նստեցրին, որ հանկարծ հեղինակային իրավունքի հարց չբարձրացնի։
– Գոնե գունավոր քսերոքս անեին, թե չէ, գլխի չես ընկնում՝ ինչը երեխան է գրել, ինչը կարմիր գրիչով՝ ստուգողն է նշել։ Սեւ-սպիտակ քսերոպատճենները ձեռառնոցի են, համազգային ձեռառնոցի։ Մենք էլ՝ ոնց որ ոչխար։ Ինչ խաղ էլ խաղում են մեր գլխին՝ լռում ենք…
Այսպես, Թումանյանի, Բակունցի, Մաթեւոսյանի մի քիչ միամիտ, մի քիչ աչքաբաց հերոսների պես զրուցում են իրենց երեխաների քննություններով տառապող ծնողները։ Նրանք նման են այն թնդանոթի մասին, որի մի քանի հազար տոննա ավել-պակասի կորուստը չերեւացող բան է զորավարների աչքին։ Ճիշտ այդպես էլ Հանրապետական հանձնաժողովի եւ առարկայական հանձնաժողովի ղեկավարների աչքներին անիմաստ նվնվոցներ են ծնողների բողոքները մեկ-երկու սխալ ավելի հաշվելու, մեկ-երկու միավոր պակաս նշանակելու վերաբերյալ։ Իսկ ապահով եղանակով «20»-ի տեր դարձած ծնողները գառ-խորովածով, կարմիր գինով, բանան-ձմերուկով իրենց հաղթանակն են նշում։ Փողի՛ հաղթանակը։
ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ