Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՐԵՆՔԻՑ ՎԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Օգոստոս 05,1999 00:00
orenq

Ինչպիսի՞ երկրում ենք մենք ապրում՝ ամբողջատիրակա՞ն, թե՞ ժողովրդավարական։ Միանշանակ պատասխան ոչ ոք չի կարող տալ։ Այնինչ, այս անորոշությունների մեջ թեկուզեւ մի փոքր կողմնորոշիչ ունենալը ուղղակի անհրաժեշտություն է՝ հույսը լավ բան է, բայց նա էլ, թեեւ վերջինը, այնուամենայնիվ, մեռնելու հատկություն ունի… Եվ քանի դեռ բանը դրան չի հասել, փորձենք ճշտել մեր գտնվելու վայրը։

6-րդից մինչեւ 6-րդ

Ես չէ, գիտությունն է ասում. ամեն ինչ ճանաչելի է համեմատության մեջ։ Ուրեմն մենք էլ գնանք այդ ճանապարհով՝ իրար կողքի դնելով ԽՍՀՄ-ի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունները։ Առաջինի 6-րդ հոդվածը ամբողջատիրության, այսինքն՝ գաղափարի բռնակալության, անխոցելի պարիսպն էր. նրանով ԽՄԿԿ-ն հայտարարվում էր Սովետական Միության ղեկավարող եւ ուղղություն տվող ուժը։ Այսինքն՝ սահմանադրորեն ֆիքսվում էր Կոմկուսի օրենքից վեր լինելու իրավունքը։ Ինչն էլ բավականին հստակորեն կյանքի էր կոչվում՝ ԽՄԿԿ-ի համագումարների, Կենտկոմի պլենումների եւ քաղբյուրոյի որոշումները առանց որեւէ փոփոխության դառնում էին օրենքներ ու որոշումներ։

Ազատ ու անկախ Հայաստանի սահմանադրության 6-րդ հոդվածը, ի հակառակ նախորդի, ժողովրդավարության, այսինքն՝ օրենքի բռնակալության, պատվարն է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը»։ Ավելին, նույն հոդվածի շարունակությունը անգամ կասկածի տեղիք չի թողնում. «Հանրապետության Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն»։ Չէ, առաջին համեմատությունը դրական ստացվեց, ուրեմն հաստատ դեպի ժողովրդավարություն ենք գնում՝ մեր 6-րդ հոդվածը ո՜ւր, ԽՍՀՄ-ինը ո՜ւր։

Անհրաժեշտ մեջբերում

Գագիկ Հարությունյան. «Մենք ուսումնասիրեցինք Հայաստանում գործող թվով 114 օրենքներ, որոնցից 80-ը Սահմանադրությանը հակասող դրույթներ են պարունակում։ … Այդ մասին մենք հայտնեցինք ՀՀ նախագահին, խորհրդարանին եւ կառավարությանը։ Երկու օրենքների առնչությամբ նախագահը դիմեց ՍԴ, եւ մենք դադարեցրինք դրանց գործողությունները։ Բայց դրանցից հետո մնացածի վերաբերյալ ակտիվ արձագանք չունեցանք…»։

Համեմատություն-2 կամ ամբողջատիրության ոգին անմահ է

Մենք բոլորս էլ գալիս ենք Խորհրդային Միությունից։ Եվ ինչպես երեւում է՝ օրենքներն արհամարհելու սովորությունը մեր մեջ ամուր է նստած։

Լավ, ասենք Սահմանադրական դատարանն առանց իրեն դիմելու իրավունք չունի միջամտելու օրենքների եւ որոշումների սահմանադրությանը համապատասխանելու-չհամապատասխանելու հարցերին։ Իսկ ինչո՞վ է զբաղված օրենքներ-որոշումների, փորձաքննության առաքելություն ունեցող արդարադատության նախարարությունը։ Ի՞նչ է մտածում ՀՀ կառավարության անդամ արդարադատության նախարարը։ Այն կառավարության, որի ընդունած որոշումներում պակաս չեն ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթները։

Միանգամայն անհասկանալի է հանրապետության նախագահի բռնած դիրքը։ Բոլոր նշված օրենքները եւ կառավարության որոշումները կյանքի են կոչվել նրա ստորագրությամբ։ Ուստի բնական հարց է ծագում. ինչո՞վ են զբաղված ՀՀ նախագահի աշխատակազմում ընդգրկված պետական այրերն ու իրավաբանները։ Ստացվում է, որ նրանք օգտագործելով ժողովրդի փողերով կահավորված կաբինետները, շրջելով ծառայողական մեքենաներով, հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով շարունակում են ծառայել ոչ թե օրենքին, այլ ոմանց քմահաճույքին։ Այո, ժողովրդավարությունը մոտ չէ։ Ասենք, ամբողջատիրությունից էլ, ինչպես երեւում է, շատ չենք հեռացել։

«Որտեղ է թաղված շան գլուխը»

Կրկին անդրադառնանք մեզանում բավականին արհամարհված ՀՀ Սահմանադրությանը, որի 5-րդ հոդվածը սահմանում է. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա»։

Սակայն գործնականում այնպես է ստացվել, որ մեզանում հիմնական օրենսդիր մարմինը հենց գործադիր մարմինն է։ Մի կողմից Ազգային ժողովի 131 պատգամավորներին հավասար օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի նաեւ ՀՀ կառավարությունը։

Մյուս կողմից ՀՀ կառավարությունը ունենալով ե՛ւ գիտահետազոտական ինստիտուտներ, ե՛ւ գերատեսչություններում աշխատող մեծաքանակ մասնագետներ, եղել է եւ կա ՀՀ օրենքների գերակշիռ մասի մշակողը եւ ՀՀ ԱԺ-ում դրանց անցկացնողը։ Իսկ խորհրդարանին ինչպես հատկացված էր «դակիչի» դերը, այնպես էլ, անկախ պրոֆեսիոնալ դառնալուց, թողնված է։ Ի՞նչ կարող է անել Ազգային ժողովի հանձնաժողովը՝ ունենալով ընդամենը 3-4 փորձագետների հաստիքներ։ Ըստ էության՝ ոչինչ։

Արդյունքում՝ գործադիր մարմինը, չունենալով ժողովրդի քվեն եւ նշանակվելով անհասկանալի չափանիշներով, հնարավորություն ունի երկիրը կարգավորող օրենքներն ու որոշումները հարմարեցնել գերատեսչական մարմիններին եւ այնտեղ աշխատող մարդկանց շահերին՝ հետեւանքների համար չկրելով ոչ մի պատասխանատվություն։

ՀՈՎՍԵՓ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031