Սկսենք նախ 5-ամյակից։ Այս օրերին մեզ այնքան են երես տվել, որ երբ ներկայանում ենք՝ թե «Առավոտից» ենք, բացվում են բոլոր այն փակ դռները, որոնց համար ընդունված էր ասել. օձն իր պորտով, հավքն իր թեւով չէր կարող մտնել։ Այդպիսի հեքիաթային հատկություններ ունեին թաղապետարանների, նախարարությունների, կառավարության… դռները։
Երեկ Նոր Նորք համայնքի թաղապետի դռները մեր առջեւ բացվեցին ոչ միայն ժամը 19.00-ից հետո, այլ բացվեցին թաղապետի ժպիտով եւ շնորհավորանքներով։ Երբ ավարտվեցին շնորհավորանքները, «աչքալուսանք տվեցինք», թե ահազանգ ենք ստացել, որ Նոր Նորքում բռնկվելու են Ծարավածների զանգվածային հավաքներ։ Թաղապետ Մ. Մինասյանն ասաց, որ մինչեւ երեկ ոչ մի Ծարաված իրեն չի դիմել, բայց դա չի էլ խանգարել, որ այսօրվանից սկսվեն արտակարգ միջոցառումներ ջրի շռայլումների դեմ։ Ընդ որում, միջոցառումները շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 5-ը։ Ջրաչափեր կդրվեն ռեստորանների, սաունաների, ավտոլվացակայանների, խանութների համապատասխան տեղերում, կհսկվեն ձորակներն ու պուրակները, որտեղ ջրի «ավելորդ» հոսք կնկատվի։ Եվ քանի որ «Ջրմուղ» ձեռնարկությունն ունի վարչական իրավունքներ, թաղապետը հայտնեց, որ խնդրել է. «Վարչական տույժի լիազորությունները տալ նաեւ «Ջրմուղի» դուստր ձեռնարկություններին»։
Առհասարակ, Մ. Մինասյանը գտնում է, որ 10 տոկոսով եթե շռայլումները վերացվեն, ջրամատակարարումը կլավանա։ Տեսնենք։ Երբ դուրս եկա թաղապետարանից, մարդիկ խմելու ջրով ավտոմեքենաներն էին լվանում եւ ջրում իրենց սամիթի բաղերը։ Բարձրահարկերից որոշ Ծարավներ դույլեր էին իջեցնում ցած։ Հետաքրքիր է, նրանք գիտե՞ն, որ այսօրվանից ջրի գողերին բաժին են տանելու, ջրի գործերով էլ որոշ մարդկանց դեմ հայցեր են ներկայացվելու դատարաններ։ Չգիտեմ։ Միայն գիտեմ, որ ջրի այս զանգվածային շարժումն սկսվեց մայրաքաղաքի ամենազով տարածքից։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ